6 հազվագյուտ և տարօրինակ հոգեկան հիվանդություններ

Patum.am-ը առանձնացրել է հոգեթերապիայի և հոգեբուժության ոլորտների 6 տարօրինակ, բայց իրական հիվանդությունները:

Փարիզյան սինդրոմ

Փարիզյան սինդրոմ անունով հայտնի այս ֆոբիան առավել տարածված է ճապոնացի զբոսաշրջիկների մոտ: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տվյալներին համաձայն,  ամեն տարի առնվազն 12 զբոսաշրջիկ նրանց դիմում է հոգեթերապևտի օգնության պահանջով Ֆրանսիա այցելություն կատարելիս առաջ կամ հետո: Ճապոնացի զբոսաշրջիկները այդ ժամանակ նշում են, որ մշակութային շոկի են ենթարկվում, բողոքում են տեղացիների ագրեսիվ վարքից և աշխատակիցների մատուցած վատ ծառայություններից: Որոշ զբոսաշրջիկների համար դեպի Ֆրանսիա ճամփորդությունը հանգեցնում է նույնիսկ փսիխոզի:

Փարիզյան այս սինդրոմը առաջին անգամ հայտնաբերվել է 1986 թ. ճապոնացի հոգեբան Հիրոակի Օտայի կողմից, ով աշխատում էր Ֆրանսիայում: Օտան հաստատում էր, որ այս համախտանիշը արտահայտվում է զառանցանքով, հետապնդման պանտրանքով, իրականության ընկալման խանգարումներով, անհանգստությամբ, սրտխառնոցով, սրտխփոցի հաճախականությամբ և քրտնարտադրությամբ:

Ճապոնիայի դեսպանատներում շուրջօրյա գործում է թեժ գիծ, որպեսի նրանց անմիջապես դիմեն այն զբոսաշրջիկները, որոնց մոտ հայտնաբերվում է այս համախտանիշը: Այդպիսի համախտանիշ նաև հանդիպում է չինացի զբոսաշրջիկների մոտ Արևմտյան Եվրոպայի երկրներ ճամփորդելիս:

 

Ստենդալյան սինդրոմ

Այս սինդրոմը իրեն զգացնել է տալիս, երբ թանգարանում, պատկերասրահում ծանոթանում ես արվեստի գործերի հետ: Նրա ախտանիշները ինչ-որ չափով նման են Փարիզյան սինդրոմի ախտանիշներին. գլխապտույտ, հալյուցինացիաներ, սրտխփոցի հաճախականություն, ուշաթափություն, հիստերիա: Այս խանգարումը կարող է առաջանալ նաև բնության երևույթներին, կենդանիներին հետևելիս, երաժշտություն լսելիս և, նույնիսկ, աներևակայելի գեղեցկություն ունեցող մարդկանց հետ հանդիպելիս:

Այս խանգարումը իր անունը ստացել է հայտնի ֆրանսիացի գրող Ստենդալի շնորհիվ, ով իր «Նեապոլ և Ֆլորենցիա. ճանապարհորդություն Միլանից դեպի Ռաջիո» գրքում գրում էր, թե ինչպես դուրս գալով Սուրբ Խաչ եկեղեցուց իր սիրտը սկսեց արագ խփել, վախենում էր, որ ուր որ է կուշաթափվի: Իսկ այդ ամենի պատճառը մի շարք արվեստի գործեր տեսնելն էր և այդ ամենից հետո ամեն ինչ իր համար դարձել էր իմաստազուրկ:

Առաջին անգամ այս հիվանդությանը անդրադարձել է իտալացի հոգեբան Գրացիելլո Մագերինին 1979 թ.: Նա հետազոտել էր մոտ 100 զբոսաշրջիկների, ովքեր այցելել էին Ֆլորենցիան: Մագերինին նշում էր, որ Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի զբոսաշրջիկները վրա այս հիվանդությունը չէր ազդում, քանի որ տեղական արվեստի գործերը շատ են տարբերվում իրենց մշակույթից, իսկ իտալացիները թանգարանային իմունիտետ ունեն, քանի որ ծանոթանում են տվյալ գործերի հետ դեռ մանկուց: 1996 թ. նկարահանվել է նաև «Ստենդալյան սինդրոմ» ֆիլմը, որի սցենարի հեղինակը մեզ արդեն հայտնի հոգեբան Մագերինին էր:

Այս խանգարումը ամենաշատը արտահայտվում է Ֆլորենցիայի թանգարանները այցելած մարդկանց մոտ: Հիացած լինելով արվեստի գլուխգործոցներով՝  նրանք նույնիսկ ցանկանում են փչացնել այդ աշխատանքները: Չնայած այս հիվանդությունը բավականին հազվադեպ է պատահում, Ֆլորենցիայի թանգարանների աշխատողները հատուկ վերապատրաստվում են նաև այս դեպքերում ճիշտ արձագանքելու համար:

 

Ստոկհոլմյան սինդրոմ

Ստոկհոլմյան սինդրոմը ներառված չէ հոգեկան հիվանդությունների միջազգային ոչ մի ցուցակում, բայց հանդիսանում է ամենահայտնիներից մեկը: Սա առաջ է գալիս այն ժամանակ, երբ զոհը սկսում է խղճալ և նույնիսկ համակրել հանցագործին: Որոշ փորձագետներ համարում են այս խանգարումը բնական ռեակցիա այն իրադարձությունների նկատմամբ, որոնք վնաս են հասցնում մարդու հոգեկան աշխարհին: Հոգեթերապևտները առանձնացնում են նաև կենցաղային ստոկհոլմյան սինդրոմ, որը արտահայտվում է ընտանեկան բռնությունների ժամանակ:

Այս երևույթին առաջին անգամ անդրադարձել է Զիգմունդ Ֆրեյդի աղջիկը՝ Աննա Ֆրեյդը, 1936 թ.: Իսկ 1976 թ. Ստոկհոլմի Kreditbanken բանկի գրավումից հետո սինդրոմը ստացավ իր ժամանակակից անունը: Այդ ժամանակ նախկին բանտարկյալ Յան Էրիք Ուոլսոնը միայնակ գրավեց բանկը, պատանդ վերցրեց 4 աշխատակիցներին և պահեց նրանց 6 օր: Այդ ընթացքում նրան միացավ նաև իր բանտակից Կլարկ Ուլոֆսոնը, ով այդտեղ հայտնվեց Յանի պահանջով: Պատանդները ազատ արձակվեցին ոստիկանության հատուկ գործողությունների շնորհիվ, բայց ազատվելուց հետո նրանք հայտարարեցին, որ վախենում էին ոչ թե հանցագործներից, այլ ոստիկաններից: Ուոլոֆսոնը կարողացավ ապացուցել դատի ժամանակ, որ ոչ թե օգնում էր ահաբեկիչին, այլ հակառակը, փորձում էր փրկել աշխատակիցներին: Նրա վրայից հանվեցին մեղադրանքները և ազատ արձակվելուց հետո սկսեց հանդիպել այդ պատանդ վերցված աղջիկներից մեկի հետ: Իսկ Ուոլսոնը ազատազրկվեց 10 տարով, բայց այդ ընթացքում հիացական նամակներ էր ստանում իր կողմից պատանդ վերցվածներից:

Բայց հարկավոր է նշել, որ այս սինդրոմը այնքան էլ հաճախակի չի հանդիպում. համաձայն ՀԴԲ-ի տվյալների, որոնք ստացվել են ուսումնասիրելով 1200 պատանդառությունները, այս սինդրոմը արտահայտվել է միայն զոհերի 8%-ի մոտ: Այնուամենայնիվ, փորձագետները խրախուսում են այդպիսի համակրանքի հաստատումը զոհի և պատանդառույի միջև, քանի որ այն նվազեցնում է մահվան ռիսկը և մեծացնում նրանց ազատելու հնարավորությունը:

 

Մանիքյան զառանցանք

Այն ծանր հիվանդություն է, որի ժամանակ հիվանդին թվում է, թե նրա շուրջ ծավալվում է բարի և չար ուժերի կռիվը, իսկ այդ պայքարում որպես խաղադրույք դրված է իր մարմինն ու հոգին: Հիվանդը տանջվում է լսողական հալյուցինացիաներով և մոտալուտ աղետի ահով:

Միաժամանակ, այս զառանցանքով տառապող մարդիկ արտաքուստ առողջ են երևում և այդ պատճառով է, որ շրջապատի համար այն վտանգավոր կարող է լինել: Փորձագետները գտնում են, որ մեծ մասամբ ահաբեկիչներ և մահապարտներ դառնում են այն մարդիկ, ովքեր տառապում են մանիքյան զառանցանքով: Ըստ որոշ ենթադրությունների, այսպիսի խանգարումով տառապում էին Ադոլֆ Հիտլերը և Ջորջ Բուշ կրտսերը:

Դորիան Գրեյի սինդրոմ

Օսկար Ուայլդի գլխավոր հերոսներից մեկի անունով հայտնի այս սինդրոմը որպես հոգեկան հիվանդություն պաշտոնապես չի ճանաչվում: Փորձագետները այս սինդրոմին անդրադարձել են 2001 թ. և ավելի շուտ համարում էին սոցիալական կամ մշակութային երևույթ: Սակայն, այն կարող է բավականին վտանգավոր լինել, քանի որ որոշ դեպքերում հանգեցնում է դեպրեսիայի և ինքնասպանության:

Այս համախտանիշը ունեցող հիվանդները խուճապի մեջ էին ընկնում ծերանալիս և չարաշահում էին կոսմետիկ և պլաստիկ վիրահատությունները՝ հաշվի չառնելով այդ ամենի վտանգավոր հետևանքները: Այս համախտանիշը կարող է առաջանալ հայտնի դերասանների և երաժիշտների մոտ, քանի որ նրանց կյանքում իրենց արտաքին տեսքը կարևոր դեր է խաղում:

 

Հուզական այրում

Այս համախտանիշը ամենաշատը տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր աշխատում են բանտերում, հիվանդանոցներում, գրասենյակներում և այդպիսի այլ հաստատություններում: Դրսևորվում է հուզական հյուծվածությամբ, որը կարող է հանգեցնել խորը անտարբերության, մարդատյացության, կարող է փոփոխություներ առաջացնել նաև այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում: Այն նաև հայտնի է որպես «մասնագիտական գերհոգնածություն» անունով: Հուզական այրում հասկացությունը հոգեբանության մեջ ներմուծել է Հերբերտ Ֆրեյդենբերգերը 1974 թ՚.: Այս վիճակի առաջացմանը նպաստում են միատեսակ և լարված օրակարգով աշխատանքը, հուզական լարվածությունը դժվար անձնակազմի հետ աշխատելիս։ Դրան նպաստում է նաև աշխատանքի դիմաց բավարար վարձատրության (ոչ միայն նյութական, այլև հոգեբանական) բացակայությունը, ինչն անձին ստիպում է մտածել, որ իր աշխատանքն արժեք չունի։

Ֆրեյդենբերգերի պնդմամբ այդպիսի վիճակը բնորոշ է այն մարդկանց, ովքեր հակված են ապրումակցման, աշխատանքի նկատմամբ իդեալիստական վերաբերմունքի, դրա հետ մեկտեղ անկայուն են, երազկոտ, ունեն կպչուն մտքեր։ Միաժամանակ հուզական այրման համախտանիշը կարող է հանդես գալ նաև որպես տրավմատիկ իրադարձությանը տրվող հոգեբանական պաշտպանական մեխանիզմ։

 

Իսկ մեր ընթերցողին մենք միմիայն ցանկանում ենք առողջություն:

 

Մտապատեց` Արմենուհի Գևորգյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *