ՀԱՅԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԻ ԲՌՆԱԴԱՏՄԱՆ ՓԱՍՏԸ

Լուսանկարներում ՝ Համո Բեկնազարյան , Դանիել Դզնունի , Դրվագներ «Շորն ու Շորշորը » , « Պեպո » , « Դավիթ Բեկ » ֆիլմերից :

Հայկինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի կատարած գործը նույնն է, ինչ Կոմիտասինը երաժշտությունում: Եթե Կոմիտասը հայ երգն ու երաժշտությունը մաքրեց ու ազատեց օտարամոլությունից ու զտվածը ներկայացրեց աշխարհի բեմերից, ապա Համո Բեկնազարյանը ազգայինը կինոյի միջոցով համաշխարհային էկրան հանեց:

Նա դրսի կինոյի շլացնող էֆեկտներն ու զարմացնող թամաշան Հայկինո չբերեց, այլ հայկականը, համամարդկային արժեք դարձնելով, դուրս տարավ:

Հայկական կինոյի հենքը նա ստեղծեց իր ժողովրդի հոգևոր շաղախից:

Քչերին է հայտնի, որ նա սկզբնական շրջանում նկարահանվել է Լիպկենի, Խանժոնկովի ստուդիաներում` ստեղծելով ավելի քան 70 կինոդեր՝ Համո-Բեկ անվամբ:

Նա համարվել է ռուսական կինոյի աստղ և նկարահանվել է հանրահռչակ Վերա Խոլոդնայաի հետ:

Բեկնազարյանը համագործակցել է հանրահայտ ռեժիսորներ Բաուերի, Լինչևսկու, հետագայում Պերեստիանի, Վախթանգովի, Մաքսիմովի և այլոց հետ:

Դեռ 20-ականներին Մոսկվայից գալով Թիֆլիս, նա Վրաստանում ձեռնամուխ է լինում կինոարտադրության ստեղծմանն ու ղեկավարմանը: Իսկ 1929 թվականին, արդեն որպես խորհրդային ականավոր կինոռեժիսոր, Ադրբեջանում նկարահանելում է «Սևիլ» նրանց առաջին ֆիլմը` այնտեղ նույնպես հիմք դնելով խաղարկային կինոնկարների արտադրությանը:Փաստորեն մեր երկու հարևան հանրապետություններում Բեկազարյանն (Բեկնազարով) է հիմնադրել կինոգործը: Եվ պատահական չէ, որ խորհրդային անվանի կինոռեժիսոր Գեորգի Ալեքսանդրովը Բեկնազարյանին համարում էր Անդրկովկասի կինեմատոգրաֆիայի հայր:

Կինոռեժիսոր Էրազմ Մելիք-Քարամյանը, որը եղել է Բեկնազարյանի կրտսեր ընկերն ու մտերիմ բարեկամը, «Ֆիլմ» թերթի պատվերով գրած հոդվածում նշում է. «Բեկնազարովը ամեն ինչում նորարար էր, և փաստորեն սկսեց ոչնչից: Արևելքի ժողովուրդների մոտ սեփական կինեմատոգրաֆիայի մասին այն ժամանակ խոսք անգամ չէր կարող լինել: Արևելքի մասին օրիենտալ կինոժապավենները ամերիկացիներն ու գերմանացիներն էին նկարահանում, իսկ բուն արևելքը լռության էր մատնված:

Եվ ահա եկավ Արևելքի մարդը: Հազվադեպ կարողությունների տեր մի անձնավորություն: Նա մեզ առաջին անգամ պատմեց ճշմարտությունն Արևելքի մասին: Այն ճշմարտությունը, որը ծանոթ էր Կլոդ Ֆարերին և Պիեռ Լոտիին:

«Նամուսն » ամբողջովին զերծ էր արևմուտքը պատկերող արտասահմանյան ժապավեններին բնորոշ գծերից»:

Իսկ Հանրի Բարբյուսը «Խասփուշը» դիտելուց հետո գրել է. «Ինձ մեծ հաճույք պատճառեց կինոնկարի կոմպոզիցիան, դինամիկան, դերասանների ներդաշնակությունը, կյանքի այն ամբողջ ուժն ու գեղեցկությունը, որով հագեցած է այս ֆիլմը: Սա իրոք այն ամենացնցող կինոնկարներից մեկն է, որ ես տեսել եմ էկրանին»:

Հայկինոյում Բեկնազարյանի նկարահանած հայտնի ֆիլմերն են «Նամուս» (1925թ.), «Զարե» (1926թ.), «Շորն ու Շորշորը» (1926թ.), «Խասփուշ» (1927թ.), «Տունը հրաբխի վրա» (1928թ.), «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Դավիթ Բեկ» (1944թ.) և այլ ֆիլմեր:

«Պեպո»-ն հայկինոյի առաջին հնչուն ֆիլմն էր ու նաև ռեժիսորի գլուխգործոցը: Սունդուկյանի դստեր վկայությամբ «Պեպո»-ի ցուցադրումը ցնցել է Մոսկվան: Թողարկվել են նամականիշեր, արտադրվել են «Պեպո» գլանակներ, Պուշկինյան հրապարակում կարդոնից կառուցվել է Պեպոյի մոնումենտը:

Համաշխարհային էկրան դուրս գալու «Պեպո»-ի մեկնարկը Մոսկվայում է տրվել: «Պեպո» ֆիլմը բարձր են գնահատել ժամանակի մեծագույն գրողները, կոմպոզիտորները, կինոգործիչները և վերջապես ինքը` «բոլոր ժողովուրդների հայր Ստալինը»::

Անշուշտ, այս ամենը ի կատար չէր ածվի եթե չլիներ կինոարտադրության հիմնադիր ու հմուտ կազմակերպիչ Դանիել Դզնունին: Այդ նրա անմիջական ջանքերի շնորհիվ էր, որ Բեկնազարյանը հրավիրվեց Թիֆլիսից և ձեռնամուխ եղավ «Նամուսի» նկարահանումներին: Այդ նրա նվիրվածության ու էնտուզիազմի արդյունքն էր, որ Հայաստանի Կենտգործկոմը 1923 թվականի ապրիլի 16-ին որոշում կայացրեց ստեղծել ՀԱՅՊԵՏԿԻՆՈ, ասել է թե սկիզբ դրվեց կինոարտադրության` այն էլ 60 չերվոնեցով (ռուբլով ) :

Ցավոք ,Դզնունուն բռնադատում են և միայն 10 տարի աքսորավայրրում անցկացնելուց հետո արդարացվում ու վերադառնում է Երևան : Իսկ ձերբակալման համար բավարար հիմք է դառնում ,« Իզվեստիա » թերթում հրապարակված հոդվածը , որն առաջին անգամ արտատպել եմ «+Կինո » ամսագրում :

1937 թվականի այն դժնի տարիներին «Իզվեստիա » թերթում տպագրված ստորև ներկայացվող նյութը , այսօր էլ արդիականությունը չի կորցրել : Այնպես որ , իրար վրա ցեխ շպրտելուց առաջ պիտի մտածել ,որ ոչինչ անհետևանք չի մնում: Հատկապես ֆեյեսբուքյան ձեր էջերում:

Կոնկրետ այս պարագայում ՝ իր կյանքը մեր կինոյին նվիրած «Հայկինոյի» հիմնադիրներից մեկի ՝ Դանիել Դզնունու համար (որը Հայասստանում, փաստորեն, կինոարտադրություն էր ստեղծել) հատուցել է 10-տարվա բանտարկության տառապանքով:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *