Գարիկ Մնացականի Մովսեսյան՝ ապրիլյան պատերազմի անմահ հերոս

Գարիկ Մնացականի Մովսեսյան՝ ապրիլյան պատերազմի անմահ հերոս:

Ծնվել է 1997թ. հունվարի 15-ին, Տավուշի մարզի Զորական գյուղում: 3 երեխա էին եղել՝ 1 քույր, 2 եղբայր: Նա և’ ժիր էր, և’ աշխույժ, և’ համեստ: Գիտեր որ պահին իրեն ինչպես դրսևորել: Դպրոց գնացել է 2004թ., սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, եղել է գերազանցիկ: Զբաղվել է նաև սպորտով՝ կարատեով: Ստացել է պատվոգրեր և մեդալներ: Որոնցից մեկն է Թաթուլ Կրպեյանի անվան հուշամեդալների դիպլոմը, որ ստացել է 2010թ: Դպրոցն ավարտելով ընդունվել է Իջևանի Եվրոպական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը:

Գարիկի բանակ զորակոչվելու ժամանակն էր, ուսումը դեռ կսպասեր, նա դեռ պարտք ուներ հայրենիքի հանդեպ: Եվ այսպես, նա բանակ զորակոչվել է 2015թ. հուլիսի 6-ին: Սկզբում Արտաշատ, իսկ 6 ամիս անց, կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ՝ Թալիշի գումարտակ, որպես կապի ջոկի հրամանատար: Ծառայել է պատվով, որի համար պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով:

Երբ սկսվեց ապրիլյան պատերազմը՝ մեր հերոսը 10 ամսվա ծառայող էր: առաջին իսկ օրից առաջնագծում է եղել, կռվել է արիաբար ու աննահանջ։ Եվ հաղթանակած ու հաղթանակը փայլեցնելով իր ջինջ ու վճիտ աչքերի մեջ՝ շարունակել է ծառայությունը, մինչև զորացրվի և պատվով ու հաղթանակն ուսերին առած տուն դառնա:

Բայց… Ցավոտ ճակատագիրն այլ բան էր կանխատեսել մեր հերոսի համար: Նա պիտի հերոսանար իր կյանքի գնով: 6-րդ ՊՇ N մարտական դիրքերի հեռախոսային կապը վնասվել էր, վերականգնել էր պետք: Ապրիլի 29-ի գիշեր, լույս 30-ի առավոտ 3 հոգով՝ նա ու իր ծառայակից ընկերն իրենց սպայի հետ գնացել են այդ վնասված կապը կարգի բերելու: Հակառակորդի դավանենգ գնդակը նկատել է և վիրավորում հասցրել նրա ընկերոջը, վերջինիս փորձել է օգնել ինքը՝ Գարիկը, այդ ընթացքում թևից վիրավորվել է նաև սպան, ոսոխը չի հանդարտվել ու մեր քաջին էլ մահացու վիրավորում է հասցրել: Եվ այդ կապը վերանորոգելը թանկ արժեցավ 3-ի համար էլ: արյունարբուի քինախնդիր գնդակը կարծես համառորեն փնտրում էր նրանց… Փնտրեց, գտավ ու… հավերժի ճամփորդ դարձրեց 2 ընկերներին՝ կիսատ թողնելով բազում նպատակներ ու երազանքներ: Իսկ սպան վիրավոր էր թևից, թեպետ նա ողջ էր մնացել:

Փառք և խոնարհում մեր անպարտելիին ու նրա ընկերոջը: Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալներով։

Հերոսի հիշատակը վառ պահելու համար իրենց գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է իր անունով: Իսկ բակում նրա անունը կրող հուշաղբյուրն է, որ ամեն անցորդ խմի այդ ջրից ու փառք տա հերոսի հիշատակին: Ապա շիրմաքարին կից կա խաչքար, որ կրկին հերոսի անունն է հավերժացնում: Իսկ գյուղ տանող ճանապարհին նկատելի է մի գողտրիկ տաղավար (бесетка)՝ փոքրիկ հուշաքարն էլ՝ կողքին, որը կրկին նրա անունով է, որ երբ անցորդն իր ճաապարհից հոգնած նստի և հանգիստ առնի՝ կրկին փառք տա մեր քաջի հիշատակին: Այս ամենն ամբողջացնում է առավել կարևոր մի փաստ, որ մեր հզորն ունի հետնորդ և իր անունը կրող՝ նրա եղբոր փոքրիկը, որ մկրտվել է Արցախում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում և վաղը կմեծանա ու հերոս հորեղբոր անունն ու պատիվը բարձր կպահի:

Կրկին ու նորից փառք և խոնարհում մեր հզոր ու քաջ Գարիկ Մովսեսյանի հիշատակին:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *