Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Էռնեստ Հեմինգուեյը հայտնի կատվասեր էր: Նրա ամենամտերիմ ընկերներից մեկը Ձյունիկ անունով կատուն էր, որը Հեմինգուեյը նվեր էր ստացել կապիտան Սթենլի Դեքսթերից նախորդ դարի 30-ականներին:

 

Մինչ օրս Հեմինգուեյի կատուների սերունդները անհոգ ապրում են մեծ գրողի տուն-թանգարանում, որը բացվել է 1964 թվականին և գտնվում է Քի Ուեսթ կղզու վրա:

Հեմինգուեյի հարյուրամյա առանձնատունն ու արևադարձային մթնոլորտով այգին գրողի կենդանության օրոք իրական «կատվի դրախտ» էր ու այդպիսին է մնացել մինչ օրս: Կատուներին, որոնց ընդհանուր թիվը տատանվում է 6-7 տասնյակի շրջանակներում, թույլատրվում է բառացիորեն ամեն ինչ: Նրանք կարող են քայլել որտեղ ուզեն, թափառել սեղանների, բազմոցների ու զգեստապահարանների վրա, ու, անգամ, քուն մտնել «Ձեռք չտալ» գրությամբ ցուցանակների կողքին: Առանձնատան ու այգու ողջ տարածքում տեղադրված են սնունդ ու ջուր մատակարարող սարքեր, իհարկե, կատուների համար: Երբ այդ առանձնատանը նոր կատուներ են ծնվում, նրանց անվանակոչում են հայտնի մարդկանց անուններով, օրինակ՝ Ուինսթոն Չերչիլ, Գերտրուդա Սթայն, Չարլի Չապլին, Մարլեն Դիտրիխ և այլն: Երբ կատուները սատկում են, նրանց աճյունը թաղում են կատուների գերեզմանատանը, որտեղ յուրաքանչյուր տապանաքարի վրա փորագրված են նրանց անունները և ծննդյան ու մահվան ամսաթվերը:

Այս բոլոր «օրենքների» հիմնադիրը Հեմինգուեյն է, սակայն դրանք գործում են նաև գրողի մահից հետո:

Կատուների առկայությունը հատուկ հմայք է հաղորդում կալվածքին, իսկ հուշահամալիրի աշխատակիցները խոստովանում են, որ «այցելուների կեսը գնում է թանգարան՝ Հեմինգուեյի կատուներին տեսնելու»: Այս «կատվի դրախտի» պատմությունը սկսվել է 1935 թվականին, երբ վերոնշյալ կապիտան Դեքսթերը գրողին կատու նվիրեց: Բայց ամենակարևորն այն էր, որ կատուն վեց մատ ուներ. նավաստիները հավատում էին, որ այդտեսակ կատուները հաջողություն են բերում: Տուն-թանգարանի ներկայիս բնակիչները Ձյունիկի սերունդներն են և նրանց մեծամասնությունը տառապում է պոլիդակտիլիայով, այսինքն ունի 6,7, կամ 8 մատ: Հետաքրքիր է, որ պոլիդակտիլիա ունեցող կատուներին, երբեմն, անվանում են «Հեմինգուեյի կատուներ»:

Հեմինգուեյն, առհասարակ, աշխարհի ամենահայտնի կատվասերն է: «Կատուները հայտնվել են այս աշխարհում, որ հերքեն այն համոզմունքը, թե ամեն բան ստեղծված է մարդուն ծառայելու համար», – ասում էր նա: Բավական է հիշել նրա վաղ (1920-ական թվականների) «Կատուն անձրևի տակ» գործը և գրողի հետագա խոստովանությունները, որ հենց այդ տարիներին նա ու իր կինը այնքան աղքատ էին, որ «չէին կարող իրենց թույլ տալ կատու ունենալ»: Հեմինգուեյը նաև գրել է, որ մի քանի տարի անց ընտանիքում հայտնվեց Ֆ. Քիզ անունով մի կատու, որը դարձավ գրողի առաջին որդու դայակը. «Ֆ. Քիզը պառկում էր Բամբիի կողքին … և ոչ ոքի թույլ չէր տալիս մոտենալ երեխային, երբ մենք տանը չէինք» («Տոն, որ միշտ քեզ հետ է »):

Հայտնի գրող դառնալով և Քի Ուեսթում տուն գնելով ՝ Հեմինգուեյն արդեն կարող էր իրեն թույլ տալ ապրել կատուներով շրջապատված, և, ըստ նրա կենսագիրների, դա իր կյանքի ամենաերջանիկ շրջանն էր.

«Կատուն պառկած էր իր կրծքին և նա ծածկեց իրեն և կատվին թեթև վերմակով, ու, մեկը մյուսի ետևից, բացեց և կարդաց նամակները ՝ մի քիչ վիսկի խմելով»…

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *