Վրեժ Գեղամի Ավետիսյան՝ արցախյան երրորդ պատերազմի անմահ մասնակից

Վրեժ Գեղամի Ավետիսյան՝ արցախյան երրորդ պատերազմի անմահ մասնակից:

Ծնվել է 2000թ. դեկտեմբերի 21-ին, Երևանում: Համեստ էր ու խելոք: 6 երեխա էին՝ 3 քույր, 3 եղբայր, մեծն ինքն էր: Շատ խելացի էր, հասկացող, զիջող, հանդուրժող, մեծերին հարգող ու միշտ օգնող: Միշտ մեծերի հետ խոսելիս շառագունել է, անգամ մեծ տարիքում: Հաճախել է Երևանի թիվ 35 մանկապարտեզը: Դեռ փոքրուց իրենց թաղամասում էլ, ամեն տեղ էլ, իրեն հարմար, իր հեղինակավոր դիրքն ու պատիվն ուներ, վայելում էր սեր ու հարգանք, նրա խոսքը միշտ սռաջնային էր:

Առաջին դասարան գնացել է 2007թ., սովորել է թիվ 168 դպրոցում, մինչև 6-րդ դասարան եղել է գերազանցիկ, ապա հարվածային: Ավագ դասարաններում սովորել է թիվ 109 դպրոցում, թեկումը՝ տնտեսագիտական: Շատ էր սիրում Մաթեմատիկա: Նույնիսկ ամենաբարդ խնդիրների լաբիրինթից նա դուրս էր գալիս պարզճակատ ու նաև օգնում էր մյուսներին մաթեմատիկայի բարդ խնդիրները լուծել: Այդ տարիներին նաև աշխատել է՝ ընտանիքի հոգսը կիսելու և բացը լրացնելու համար: Զբաղվել է նաև սպորտով: Առաջին դասարանից, սիրողական մակարդակով, 7 տարի հաճախել է լողի: Գերազանց էր լողում, մարզիչը նույնիսկ ասել է՝ «Եկ քեզ էլ դարձնեմ մարզիչ»: Որպես քույրերի ու եղբայրների մեծ՝ հոգատար եղբայր էր: Օգնում էր կրտսեր քույրերին ու եղբայրներին դասապատրաստման հարցում, ավագ եղբոր իրավունքով ասում էր.

-Եկեք նստեք, տեսնեմ ով ինչ դաս ունի:

Ընտանիքում իր կարծիքին մեծ տեղ էին տալիս, անգամ մայրը՝ տիկին Լուիզան էր սիրում լսել, ենթարկվել նրան: Վրեժը երազանքներ շատ ուներ, դեռ ամեն բան առջևում էր: Կազմակերպչական մեծ եռանդ ու ջիղ ուներ: Էքսկուրսիաներ կազմակերպել նրա մոտ ստացվում էր և խորովածն էլ իր ձեռքով էր եփում: Ուզում էր լինել առավելագույնս ապահովված, ինչպես հարուստ մարդիկ են, բայց ի տարբերություն շատ հարուստների, ուզում էր լինել այդպիսին, բայց չգոռոզանալ, մնալ պարզ ու հասարակ, օգնել խեղճերին և օգնության կարիք ունեցողներին: Նպատակ ուներ ընդունվել պոլիտեխնիկ ինստիտուտ, ապա լավ տուն ունենալ և եկեղեցի կառուցել:

Նպատակներն առավել, քան գովելի էին, հեռանկարային: Սակայն… Ինչու՞ Աստված, ինչու՞ վաղաժամ կիսատ թողեցիր նպատակներն այս նորաթուխ երիտասարդի, երբ նրա նպատակներից մեկն էլ քո բազմահազար տաճարների թվում, քեզ համար ևս մի տուն ու տաճար կառուցելն էր, որ մարդիկ նաև այնտեղ խոնարհվեին քո առջև: Եկեղեցին ի՞նչ է քեզ համար, եթե ոչ տուն ու տաճար: Ուրեմն ինչու՞ նպատակն այդ թողեցիր անկատար: Դժվար է հասկանալ առեղեծվածն այս:

Նա հաճախ էր ասում.

-Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ:

Վերջին բառն արձագանքվեց իմ մեջ՝ ու գամ… Երանի~ այդպես լիներ Վրեժ ջան:

Վրեժը դպրոցն ավարտելով, 2019թ. հուլիսի 30-ին զորակոչվեց բանակ՝ Արցախ, Մատաղիս: Ծառայում էր պատվով, նվիրումով: 6 ամսից, իր գրագետ ու խելացի ծառայության համար, հրամանատարական կազմի կողմից, ուղարկվեց Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս՝ սերժանտական դասընթացների: 2 ամսյա դասընթացներն անցնելով գերազանց և ստանալով գովասանագիր՝ վերադարձավ, ստացավ կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվեց Թալիշ: Դիրքի ավագ էր: Նպատակ ուներ այդ կոչումով պոլիտեխնիկ համալսարան ընդունվել:

Արցախյան երրորդ պատերազմը երբ սկսվեց՝ նա մեկ տարի մեկ ամսվա ծառայող էր՝ 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատարն էր:

Վերջին անգամ մայրիկին զանգել է սեպտեմբերի 26-ի գիշերը, կարճ են խոսել: Իսկ 27-ին արդեն պատերազմ էր: Նա զանգել է եղբորը՝ 18 ամյա Արմանին.

-Արման ջան, պատերազմ է, ինչ էլ լինի՝ երեխեքին լավ կնայես:

Սա ի՞մչ է, կանխազգացու՞մ, թե՞ զգուշացում էլի մեծի իրավունքով: Արմանն էլ ասել է.

-Ոգիդ ամուր պահիր, չկոտրվես:

Վրեժը մարտնչել է արիաբար, անվարան: Չէր սիրում նահանջել կամ ինչ-որ հարցում միջինը լինել: Ո’չ, ցանկացած խնդիր պիտի անպայման դարձներ լուծելի և հասցներ ավարտին: Ոչնչացրել է թշնամու 4 տանկ և 25 զինվոր: Ու այդ փաստից ոգևորված զինակից ընկերներին ասել է.

-Տղե’րք, եկեք կռվե’նք, կստացվի, հաստա’տ կստացվի:

Երբ փամփուշտները վերջացել են՝ նա գնացել է նոր փամփուշտ բերելու, սակայն հակառակորդի դիպուկահարի ձեռքն այդտեղ հասել է մեր քաջին և հավերժացրել նրան: նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրն ու եղբոր հետ խոսելուց կես ժամ անց ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին:

Փառք ու խոնարհում մեր հզորի հիշատակին:

Քանի որ մարտն առավել, քան թեժ է եղել ու նրա դին իջեցնել անհնար է եղել, ընկերները այն մի կերպ խրամատ են հասցրել, ծածկել հողով, որ հետո գտնել կարողանան:

Նա հետմահու, Արցախի կողմից, պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Նրա մասին մեծ ցավով է հիշում նրա զինակից մտերիմ ընկերը՝ Նորիկ Գասպարյանը.

-Այնքան դաժան է, երբ նույն ցավի, նույն դժվարության, նույն կռվի, նույն հոգեվիճակի մեջ լինում ես մի մարդու հետ ու դու ողջ ես մնում, գալիս ես, հասնում քո ընտանիքներին, իսկ քեզ թանկ ու հարազատ մարդիկ՝ չէ,-Նորիկի ձայնը դողաց,-ատամները սեղմեց շուրթերի տակ, որ չարտասվի, ապա խորը շնչեց, հանգտացավ ու կրկին շարունակեց,-Վրեժն իմ ամենամոտ ընկերն է եղել ու կմնա մինչև իմ վերջին շունչը:

Ընկերներ շատ ունեմ, բայց նա իմ մոտ ընկերն է,-մի տեսակ կրկին հուզվեց, լռեց, բայց հանկարծ էլի ժպտաց ու խոսեց,-շատ ընկերասեր էր, միշտ իր խոսքի տեր էր ու կամեցող: Որքան դրական բան կա՝ նրան է նկարագրում: Այդպիսի մարդ չկա, որ նրա մասին վատ բան ասի,Նորիկը սրբեց աչքերը, որ չտեսնեմ արցունքները, ապա շսրունակեց,-եղբայրներ ենք եղել, ցանկացած հարցով խոսել ենք, կիսվել:

Իսկական ընկեր էր, կյանքի ընկեր և միշտ էլ այդպես կլինի, քանի ես ապրում եմ,-ժպտաց և սկսեց ժպիտով խոսել ընկերոջ մասւն,-լավ դիրքապահ էր, դիրքերի իրենց կացարանը սեփական ձեռքերով վերանորոգել էր,-նորից փոխվեց Նորիկը, դեմքն այլայլվեց, բայց եզրափակեց միտքը ցավախառը հոգոցով,-ամեն օր, ամեն Աստծո օր գնում եմ Վրեժիս մոտ ու ժամերով զրուցում ենք ես իմ սիրելի ընկերը:

Դասընկերուհին՝ Տաթև Ավագյանը պատմում է.

-Իրականում Վրեժի մասին խոսելը շատ բարդ է, ցավը շատ խորն է։ Վրեժին բնորոշում են բարություն ու ազնվություն բառերը։ Նրա տեսակն այնքան պայքարող էր, երբեք նրան տրտնջալիս չենք տեսել, միշտ բոլորիս ժպտում էր անկախ իր ունեցած ծանր օրվա։ Սիրում էր կյանքն ու միշտ նոր ծրագրերով էր առաջ գնում։ Անկախ գործի տեսակից և ծանրությունից փորձում էր անթերի անել, նույն կերպ էլ ծառայության ընթացքում էր շարունակում։ Հրամանատարներն ու ծառայակից ընկերներն առանց հուզվելու նրա մասին չեն կարողանում խոսել։ Վերջերս Վրեժի մայրը գրապահարանից գտել էր տետր, որտեղ նա իր նպատակների մասին էր գրել, նշեմ մեկը՝ «Ցանկանում եմ իմ տան բակում եկեղեցի կառուցել»։ Եկեղեցին կառուցվում էր նրա համար, առանց իմանալու նրա ունեցած նպատակի մասին, իսկ երբ արդեն գիտեն ընկերները, ավելի մեծ պատասխանատվությամբ ավարտին կհասցնեն գործը։ Վրեժը բոլորիս համար մեծ եղբոր նման էր, բոլորիս հետ էր ամեն հարցում, սակայն մենք նրան ոչնչով չկարողացանք օգնել,-հուզվեցՏաթևը, բայց հավելեց,-նա մեզ համար ոչինչ չխնայեց։ Դժվար է Վրեժի մասին անցյալով խոսել, քանի որ ինչպես Վրեժի մայրն է ասում՝ «Նա մեզ հետ է, ամեն պահ նա ներկա է մեր ամեն ապրած օրվա մեջ»։

Այո’, հարգելի Տաթև, թեպետ ցավը մեծ է, բայց դու ճիշտ ես՝ նա մեր մեջ է և մեզ հետ, որի համար պիտի ապրենք, որ ապրեցնենք:

2-րդ հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Աշոտ Եգանյանը ևս հիշում է.

-Վրեժը դիրքի լավ ավագ էր, կազմակերպված, չարչարվող, լավին ու գեղեցիկին ձգտող: Ամեն ինչ անում էր, որ իր դիրքում ամեն ինչ լավ լիներ, նորմալ լիներ: Սիրում էր, երբ դիրքերում ջերմ ու ընկերական մթնոլորտ էր ստեղծվում: Շատ մաքրասեր էր, կահավորում էր ամեն ինչ, ամեն ընկած բան անտրտունջ ուղղում էր: Դիրքի մարտունակությանը հետևում էր անընդհատ՝ գիշեր, թե ցերեկ, օրվա ժամը նրա համար կապ չուներ: Պարտաճանաչ զինվոր էր, վայելում էր զինակից ընկերների ու հրամանատարների սերն ու հարգանքը: Երբեք դիտողության չի արժանացել, փորձել է հասնել ավելիին, ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և փորձ, որ լինի դիրքի լավ ավագ:

Նրան վստահված էր Թալիշի կարևորագույն դիրքերից մեկը, որ իր երկարությամբ բարդ խրամատային կառուցվածքով և ինժեներական ահռելի խնդիրներով գերազանցում էր մյուս բոլոր մարտական դիրքերին, նա իր համառությամբ ու համբերատարությամբ, ամեն անգամ, մարտական դիրքեր բարձրանալիս, մի բան ավելացնում էր այնտեղ, ընկերների հետ կարգի էր բերում դիրքն ու խրամաբջիջները, ինժեներական առումով կահավորում այն: Ամեն անգամ, երբ մենք այցելում էինք նրա դիրք՝ գոհ էինք հեռանում և անպայման արտահայտում էինք:

 

Ամեն գիշեր, որ կապի մարզումներ ու կապի ստուգումներ էի անում՝ ինքն անձամբ էր պատասխանում լարային կապին: Գիշերվա յուրաքանչյուր պահի տիրապետում էր դիրքին ու իր առջև գտնվող հակառակորդին: Շատ կոկիկ էր, հետևում էր արտաքինին: Օրինակելի զինվոր էր, արժանացել է մի շարք խրախուսանքների: Ամենակարևորն այն էր, որ կարողանում էր պահել պետական և ռազմական գաղտնիքներ:

Թերևս այդպես է, հարգելի մայոր Եգանյան, լավ զինվոր կորցնելը մեծ ցավ է բոլորի համար: Նա, իր էությամբ, մնում է բոլորիս մեջ, որ երբեք չմոռանանք նրան և միշտ ապրեցնենք: Ուրեմն մեր ապրելով ու նրան հիշելով շարունակենք նրա կիսատ թողած գործերն ու ապրեցնենք նրան:

Իսկ մայրը՝ տիկին Լուիզան արցունքների միջից բարբառում է.

-Վրեժս իմ աջ թևն էր, ճիշտ է՝ հինգ երախա էլ ունեմ, բայց ինքն ուրիշ է, շատ էր օգնում ինձ ու շատ էինք կապված միասին: Ամեն հարց միասին էինք լուծում, ամեն երազանք միասին էինք կյանքի կոչում,-աչքերը սրբեց ու շարունակեց,-զանգեցի հրամանատարին, որ Վրեժիցս մի լուր իմանամ, նա ասաց, որ հերոս տղա եմ ունեցել, մենակ մարտի է բռնվել, մոտ 25 թուրք զինյալ է ոչնչացրել և 4 տանկ է խփել, հետո ավելացրեց,՝ «Դուք հերոս եք ծնել» ու մեղանչական տոնով ներողություն խնդրեց՝ «Կներեք մեզ»,-նորից հուզվեց տիկին Լուիզան ու ափսոսանքով հավելեց,-Ա~խ, ափսոս Վրեժս այդպես էլ չվերադարձավ, որ իր նպատակներն իրագործեր: Շատ նպատակներ ուներ,-եզրափակեց խոսքը տիկին Լուիզան:

  • Իսկ որպես վերջաբան ես պարզապես ասում եմ՝ փառք մեր անվախի հիշատակին:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *