ՄԻ ՔԱՆԴԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ․ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» 1975թ.ԳՅՈՒՄՐԻ (դրվագում 20/տուֆ 21) Քանդակագործ՝ Արա Սարգսյան, Ճարտարապետ՝ Ռ. Եգոյան տուֆ 21

«Կոթողն այս կառուցվեց ի անմահություն Հայրենական մեծ պատերազմում հանուն մեր Մեծ Հայրենիքի զոհված լենինականցիների»:

1975թ.-ին այս տողերը փորագրվել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պատվանդանին: Համալիրը մեծ շուքով բացվեց Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին՝ Խորհրդային Միության տարբեր քաղաքներից ժամանած հյուրերի ու վետերանների մասնակցությամբ:

Խորհրդավոր արձանի քողարկված իմաստը

Մերկ կրծքով կնոջ պարզած ձեռքին պահված արմավենու ճյուղը խորհրդանշում է խաղաղությունը, իսկ մյուս ձեռքում զվարթնոցի տաճարի խոյակը՝ հայի ստեղծագործ ուժը: Այն ճարտարապետության եւ քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել է հաղթանակը, հավերժացրել ընկածների հիշատակը, ինչպես նաեւ գովերգել աշխատանքը:

-Այստեղ իրականում պատկերված է Նեմեսիսը՝ հունական դիցաբանության վրեժի եւ արդար հատուցման թեւավոր աստվածուհին, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական եւ հասարակական նորմերը: Արա Սարգսյանը եղել է ՀՅԴ-ի 1919 թվականին ստեղծված «Նեմեսիս» խմբավորման անդամ, այդ մասին ավելի բացահայտ սկսեցին խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո:

Արա Սարգսյանը շատ է օգնել այս խմբավորմանը: Սակայն գալով Խորհրդային Հայաստան հնարավորինս թաքցրել է այդ փաստը, բայց իր բոլոր քանդակներում կան թաքնված ուղերձներ:

Սեյսմակայուն արձանն ու պատվանդանը 1988-ի երկրաշարժին դիմակայեցին, բայց խաղաղության արմավը բռնած ձեռքը 1989 թվականին պոկվեց: 10 տարի Գյումրիի «Մայր»-ը անձեռք էր:

-Ամերիկյան «Հայ օգնության ֆոնդ»-ի նախաձեռնությամբ Ամերիկայից երիտասարդ ճարտարապետների խումբ եկավ Գյումրի: Շրջայցի ժամանակ տեսան «Մայր Հայաստան»-ի վիրավոր արձանը ու վերադառնալով՝ որոշեցին օգնել ու դրամահավաք կազմակերպել:

2000թ. քանդակը «բուժվեց»:

Պատվանդանի բրոնզյա զարդանախշ դռնից ներս Հայրենական պատերազմին նվիրված փոքր թանգարան է գործել՝ հերոս քաղաքների հողով լցված հրետանու պարկուճներով, մարմարյա սեղանով, որի վրա դրված է եղել եզակի մի գիրք:

«Մատյան Անմահության»: Մագաղաթատիպ այս հսկա գիրքը ունի մետաղական կազմ, իսկ ամեն մի թերթ զարդարված է հայ մանրանկարչության ու գեղագրության զարդանախշերով ու պատկերներով: Հարյուրավոր էջեր ու 3 580 մարդու անուն, ազգանուն ու հայրանուն, ովքեր 1941-1945թթ. Լենինականից պատերազմ են գնացել ու չեն վերադարձել:

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի/ՀԱՊ մասնաճյուղի էջից:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *