«…Ես այլևս ոչնչի կարիք չունեի, մինչև անգամ իմ երազած մեքենան նոր չէր… հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ․․․

«…Ես այլևս ոչնչի կարիք չունեի, մինչև անգամ իմ երազած մեքենան նոր չէր… հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ եսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»:
Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով: Ուշադրություն: Ես դատարկ հիացմունք չեմ որոնում: Ես չեմ սիրում հիացական կանչեր: Ես պարզապես փնտրում եմ մի քիչ փոխըմբռնում և շատ, շատ սեր: Ես մի քանի անգամ ամուսնացել եմ և միշտ էլ ձախողվել:
Իմ աշխատանքում հաճախ պատահում են ծափեր ու հիացմունք: Ես դրանց կարևորություն չեմ տալիս: Այդ բոլորը ինձ դուր է գալիս, բայց չի հետաքրքրում: Սակայն կան պահեր, երբ ես անկեղծորեն ուզում եմ, որ ինձ շնորհավորեն: Ոչ թե հիացական բացականչություններով. «Դու շատ լավն էիր, մենք հաճելի երեկո անցկացրինք, և այլն…», այլ մի լուռ հայացքով, մի շարժումով, մի հևոցով: Դրա կարիքը ես շատ սուր զգացի, մանավանդ առաջին երեկոյին… Այդ երեկո ես շատ աշխատեցի, երկար պատրաստվեցի համերգին, ճշտեցի անգամ բեմառջևի լույսերը և ապրեցի կատարյալ ինքնամոռացման երկու ժամ: Հետո, ծափահարեցին, շնորհավորեցին:
Մարդիկ հրմշտում էին իրար բեմ բարձրանալու, ինձ դիպչելու, գովելու, համբուրելու համար… բայց այս բոլորը շատ նման էր հողմապտույտի: Մինչև ուշքի եկա, ամեն բան անցել էր: Եվ երբ դահլիճը դատարկվեց, երկու հազար ունկնդիրներն էլ գնացին, ի՞նչ մնաց… Մայթին, դերասանական մուտքի մոտ, 150 հոգի դեռ սպասում էին ինձ՝ իրենց համակրանքը արտահայտելու համար: Ձեռքերս գրպանումս, ես շնորհակալություն էի հայտնում, ժպտում: Բայց 200 մետր անց, ի՞նչ իմաստ ուներ ժպտալը, երբ ես արդեն մենակ էի…
Ահա այդ պահին, ես կուզենայի հանդիպել այն կնոջը, որը, ինչպես ասացի, իմ նկատմամբ ունենար լուռ համակրանք… Ես կկարողանայի նրան ասել բաներ, որ երբեք չեմ ասել: «Ինձ թվում է՝ ես լավ սկսեցի, ինձ թվում է ամեն ինչ հաջող էր»: Բայց երբ ես վերադառնում եմ տուն, ոչ-ոքի չեմ ասում այս բոլորը:
Մինչև հիմա կանայք նախանձով են նայել այս սիրուն, որով ես նվիրվել եմ իմ ստեղծագործություններին: Նրանք չեն ուզում հասկանալ, որ արվեստը սիրուհուց էլ վատ է: Նա խլում է ողջ օրը, գիշերը, խենթացնում է մարդուն:
Ես հաճախ եմ գիշերները զարթնում աշխատելու համար: Միշտ մի բան գտնվում է անելու: Դա պարզապես կիրք է, հաշիշ: Ես չեմ խաղում: Իմ մասնագիտությունն արդեն խաղ է: Ես չեմ ծխում: Իմ մասնագիտությունը ինձ թմրեցնում է: Նա նույնիսկ հարբեցնում է: Ուրեմն խմելու էլ հարկ չկա: Ես իմ որոնած կնոջը գտնելու համար, երբեք չեմ աշխատել օգտվել իմ մասնագիտությունից: Ինձ գրում են սիրային նամակներ, երբեմն չափազանց անկեղծ, բայց ես չեմ ուզում այդ ճանապարհով երջանկություն գտնել:
Դա կլիներ մարդկանց հավատի չարաշահում: Իմ երկրպագուները ինձ ճանաչում են միայն իմ երգերի միջոցով: Ուրեմն, նրանք ինձ չեն ճանաչում: Մարդուն հարկավոր է տեսնել ատամի խոզանակը ձեռքին, առավոտյան զարթնելիս և սիրել նրան այն ժամանակ, երբ նրա աչքերը անքնությունից ուռած են և ոչ թե լողանալուց հետո, երբ նա հաճելիորեն բուրում է:
Հարկավոր չէ ինձ սիրել համերգի ժամանակ, երբ ինձ շնորհավորում են, երբ ես երգում եմ միկրոֆոնը բերանիս… Ես կերտել եմ մի անձնավորություն, որը ինձ վախեցնում է: Այդ անձնավորությունը կոչվում է Շառլ Ազնավուր:»
(1967թ. Գարուն ամսագիր)

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *