Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն․․․ինչ՞ եղավ հետո

Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ – բժիշկ է եղել:
Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն:
Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով կապվել է տիրոջ հետ:
Ասում են, նա բժիշկի հետ սեղան էր նստում, իր համար պատրաստած աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա ՜ — ղա ՜» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ: Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու:
Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում: Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած: Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ, և այդ նրա լավագույն կողմնացույցն էր:
Իսկ թանձր մառախուղին, անտառում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը:
Բժիշկը դուրս էր գալիս քաղաքի գլխավոր փողոցը, և ընկերները թախանձում էին նրան.
— Դե՞, բժիշկ, ի՞նչ կլինի կանչես քո ագռավին:

Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն, ուր ծառերի վրա աղմկում էին ագռավները, և

կանչում էր հեռվից.
— Թուխի՜կ, Թուխի՜կ…
— Ղա՜ ղա՜… լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից:
Հասարակությունը զարմանում էր ագռավային այդ պատասխանի վրա:
— Թուխի՜կ, քեզ եմ սպասում, — ձայն էր տալիս բժիշկը:
— Ղա ՜ ղա ՜… այսինքն՝ գալի՜ս եմ, գալի՜ս, — լսվում էր պատասխանը և երամից բաժանվում էր Թուխիկը, պտույտներ գործում ու նստում իր տիրոջ ուսին:
Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց.
—Վաղուց ես նստած, ինչո՞ւ ճաշ չես պատվիրում:
— Ընկերոջս եմ սպասում…
Կարծեցին իրոք մարդու է սպասում:
Ապա նա տեղից վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանն ու նայեց երկինք: Քիչ անց ագռավների մի մեծ երամ էր անցնում:
— Թուխի՜կ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՜ն, ախր քե՛զ եմ սպասում, — սրտնեղած ձայն տվեց նա:
— Ղա՜ ղա՜…լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին: Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց:
Այնուհետև բժիշկը ամեն անգամ գնում էր այգու ճաշարանը և սպասում էր իր Թուխիկին:
Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ — բժիշկն ու իր փետրավոր ընկերը:
Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:
Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ:
— Թուխի՜կ, դո՛ւրս եկ, — լացի միջից ձայնեց բժշկի այրին:
Չլսվեց պատասխան «ղա-ղա »-ն, կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր:

Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին: Բարակ անձրև էր տեղում: Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած:

Հին, քարսիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը, ականատես եղան այդ թռչունի արարքին, և ծերերը քրթմնջացին.
— Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային…
Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած:
Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր–տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին: Թուխիկն է. դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը…
Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա, ուրախ աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները…
Վախթանգ Անանյան

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *