ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՔԱՋԸ` 321 ՀԱՄԱՐԻ ՏԱՆԿԻ ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆԸ

Տիգրան Արամի Աբգարյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 14-ին:
Իր էությամբ ժիր էր, աշխույժ: Երբեք չէիր ասի, որ նա չարաճճի է. նրա խոհուն ու խոսուն աչքերը միշտ դիմացինի հետ դիտվում էին որպես հավասարը հավասարի հետ:
Նա հաճախել է հայրենի քաղաքի՝ Գյումրու «Արձագանք» մանկապարտեզը: Որտեղ էլ դաստիարակները երբեք դժգոհ չէին նրանից: Ապա թիվ IV` Վիկտոր Համբարձումյանի անվան դպրոցն է սովորել: Ութնամյակն ավարտելով ընդունվել է թիվ 1 արհեստագործական ուսումնարանը՝ որպես խոհարար: Որտեղ սովորել է 3 տարի: Շատ աչքաբաց էր ու ճարպիկ: Իր գործում արագ է վարպետացել:
Նա երբեք չէր բավարարվում մի գործով:
Խոհարարության հետ միաժամանակ զբաղվել է նաև «Կեմպո» և «Մարտեր առանց կանոնների» մարզաձևերով:
Միշտ եղել է աչքի ընկնող ու սիրված բոլորի կողմից: Միշտ կարողացել է իրեն հատուկ խելացիությամբ ու ճարպկությամբ դուրս գալ անելանելի վիճակներից ու դիմացինին հանգստություն պարգևել, որ ոչ ոք խուճապի չմատնվի:
Իսկ չարաճճիությունների դեպքում՝ չի ստացվել խիստ ու կոպիտ զայրանալ նրա վրա, այլ միշտ մտերմաբար, բարեկամաբար ու ժպիտով են նայել նրա մանկական, կենսուրախ ու չարաճճի, բայց և համով-հոտով արարքներին:
Թեպետ, երիտասարդ տարիքին՝ ուներ ընկերական մեծ շրջապատ ու սիրված հեղինակություն էր նրանց շարքերում:
Շատ կապված էր ավագ եղբոր՝ Ժորայի հետ: Նրանք ոչ մայն եղբայրներ էին, այլ նաև ընկերներ: Ամեն ինչ ու ամեն հարց կիսվում և լուծում էին միասին: Իսկ եղբայրը միշտ շատ էր հպարտանում նրանով: Այսօր ևս…
Վերջինս թախիծով, բայց և մի փոքր ժիպտով, ապա հպարտությամբ է պատմում եղբոր մասին, որ առաջին անգամ մեքենա վարել է 9 տարեկանում, իսկ 13 տարեկանում մեքենայով արդեն տարբեր մարզեր էր գնում:
Նա շարունակելով հուշերը եղբոր մասին՝ դժվարությամբ է անցյալով խոսում նրա մասին, քանզի այդ ամուր գյումրեցու երիտասարդ ու տղամարդկային աչքերում լճացել էին թաքնված արցունքներ… Այնուամենայնիվ, նա շարունակում է հուշերը եղբոր մասին. «Տիգրանս համարձակ էր վարում մեքենան, մեծի նման գնում էր ուր ուզեր, էքստրեմալ պայմանների սիրահար էր. օրինակ՝ ձորերի մեջ ու տարբեր ճանապարհներին շատ արագ էր վարում: Ու որտեղ նա լինում էր՝ այդտեղ, արդեն, մյուսները երկրորդ տեղի համար էին պայքարում: Սիրում էր նաև որսով զբաղվել:
Կրակելուց միշտ գերազանց ցուցանիշներ է ցուցաբերել: Արշավներ էր կազմակերպում ընկերների հետ: Բայց մի բան էլ ասեմ,-մի փոքր ժպտում են Ժորայի տխուր աչքերը,-ուր էլ գնային՝ խորովածն իր ձեռքի պատրաստածը պիտի լիներ, քանի որ դա նրա մոտ շատ լավ էր ստացվում»-խոսքը եզրափակում է իմ հերոսի եղբայրը:
Տիգրան Աբգարյանը զորակոչվել է բանակ 2014 թվականի հունվարի 12-ին՝ համալրելով Արմավիրի զորամասերից մեկի նորակոչիկների շարքերը: Այնտեղ 6 ամիս է ծառայել, որի ընթացքում արժանացել է բանակի «Գերազանցիկ ու քաջարի մարզիկ», և «Լավագույն տանկիստ» Կրծքանշաններին:
Քննության ժամանակ լավագույն արդյունք է ցուցաբերել՝ տանկը թռցրել էր 3 մետր ու այդ ընթացքում շարժիչը վնասվել էր հին լինելու պատճառով, սակայն նրան, դրա համար, որևէ նկատողություն չէին տվել, քազի արդյունքը գերազանց էր եղել: Ապա տեղափոխվել է Արցախ՝ Ֆիզուլիի N զորամաս, որի հրամանատարն էր փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանը: Որտեղ էլ զորավարժությունների ժամանակ զբաղեցրել է II տեղը: Մեկ այլ մրցման ժամանակ՝ երբ պետք է Ռուսաստանի Բիատլոնին մասնակցելու համար մրցեին՝ նա, որպես մեխանիկ-վարորդ, գրավել է I տեղը, իսկ անձնակազմը՝ II:
Տիգրանն իր ծառայությունից միշտ գոհ է եղել, երբեք չի դժգոհել ու չի բողոքել: Սիրված էր բոլորի կողմից՝ ամեն կողմերով:
անգամ եղբորն է կատակով ասել.
-Քեզանից լավ եմ ծառայելու: Այ կտեսնես:
Այո՛, սիրելի Տիգրան, այդպես էլ եղավ:
Նա միշտ ցանկացել է լինել ու ծառայել Արցախում: Երբ զորակոչել են Արցախ՝ ծնողների անհանգստությանը հակառակ նա ուրախացել է:
Աննկուն դու՝ իմ քաջ եղբայրդ՝ ժորան հպարտանում է քեզանով ու հիմա չի նեղանա, որ ասեմ՝ այո՛, քո սխրանքով, դու նրանից առաջ անցար:
Եվ դա այդե՛ս է: Քանզի քո սխրանքի շնորհիվ է, որ այսօր ողջ է մի ամբողջ ազգ, որ չի թուրքացել ու նրա անունն է ՀԱ՛Յ:
Տիգրանն ուզում էր օդաչու դառնալ:
Վերջին անգամ հարազատների հետ խոսել էր ապրիլի 3-ին: Նա պատրաստվել է գնալ մարտի, սակայն ծնողներին չի ասել; Անգամ եղբորը, որ այդքան կապված էր նրա հետ ու մտերիմ՝ չէր ասել:
Նույնիսկ հանգստացրել էր, թե կրակոցները մեզանից հեռու են, չենք էլ լսում:
Ու նա, ինչպես քաղաքացիական կյանքում էր անվախ ու համարձակ, ավյունով լի, այդպես էլ եղավ ծառայության ընթացքում: Նա իր հարազատներին սիրում էր, կարոտում, անհուն կարոտով սպասում տունդարձին, բայց հայենիքի կանչը զորեղ գտնվեց հայրական օջախը վառ պահելու ձգտումից:
Նա չէր կարող չարձագանքել մայր հողի կանչին, երբ հայրենիքն էր վտանգի մեջ: Եվ արձագանքեց…
2016 թ. ապրիլի 1-ի գիշերը, լույս 2-ի առավոտյան՝ ժամը 02:30-03:00-ից սկսած, Ադրբեջանը բացահայտ լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի ուղղությամբ՝ մեծաքանակ ուժերով հարձակվելով հատկապես 6-րդ պաշտպանական շրջանի (Մատաղիս) և 9-րդ պաշտպանական շրջանի (Ջեբրայիլ) առանձին մարտական դիրքերի ուղղությամբ։
Իմ հերոսը հերթապահության է եղել անցակետում, ու գիշերով հանկարծ նկատել է, որ թշնամին սկսել է իրենց կողմ արկեր թողնել, ընկերների հետ է եղել, երեքն էլ հասկացել են, որ պատերազմ է սկսվում: Տիգրանը վազելով տանկի հետևից գոռացել է՝ «Մենակ, թե չասեն, որ տանկը դանդաղ վարեմ»:
Ապա շատ մեծ արագությամբ հասել են Ջեբրայիլ՝ արդեն գրաված դիրքերը հետ գրավելու նպատակով: Երբ հասել են սահման՝ նրա տանկը փչացել է, բայց իմ քաջն իրեն չի կորցրել՝ 321 Համարի տանկի մեխանիկ-վարորդի փոխարեն ինքն է այդ տանկի ղեկին նստել ու ընկերների հետ կարողացել է հաջողությամբ կասեցնել հակառակորդի հարձակումը. շատ մեծ արագությամբ սահմանն անցնել է ու այնքան արագ է եղել, որ տանկը համարյա չի երևացել փոշու մեջ:
Երբ հասել է հակառակորդի տանկերին՝ դրանք 3-ն են եղել, բայց այդ պահին՝ չգիտես որտեղից, ևս 5-ն են դիտարկվել, որոնք թաքնված են եղել, ու նա, ընկերների հետ, հայտնվել է այդ 8 տանկերի օղակի մեջ: Սակայն իմ հերոսն իրեն չկորցնելով մեծ շրջանցում է կատարել շրջանի մեջ, փոշուց անգամ կորել է տանկի հետքը, և սկսել է կրակել մեջտեղում՝ օղակաձև: Նա հասցրել է 2 տանկ խոցել ու շատ արագ հետ է եկել:
Իրենց հետքը չբացահայտվելու համար՝ հետ գալու ճանապարհին, իմ հերոսը շեղվել է ճանապարհից ու հարձակվել այն դիրքի վրա, որտեղ դրված է եղել հակառակորդի դրոշը: Նա մեծ արագությամբ անցել է խրամատի վրայով, թռել ու խփել դրոշին, գցել տանկի թրթուրների տակ:
Իրենց տանկի վրա էլ ամբողջ ժամանակ փողփողել է մեր հայոց եռագույնը:
Այս գործողությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին: Որի համար նրան ու անձնակազմի տղաներին «Մարտական Խաչ I աստիճանի շքանշան»-ով են պարգևատրել՝ 40 րոպե մարտական խնդիր կատարելու համար:
Իմ անվախ քաջի սխրանքը կյանքեր է փրկել:
Ապա, ընկերների հետ, նորից է կասեցրել հակառակորդի հարձակումն, այս անգա՛մ էլ խոցելով հակառակորդի ևս մի տանկ:
Նրանք կասեցրեցին Ջեբրայիլից Հադրուտ առաջխաղացումը, ոչնչացնելով բազմաթիվ գրոհայինների և զինտեխնիկա:
իսկ արդեն երեկոյան ժամը 18:00-ին, նրանց նկարել են որպես լավագույն տանկիստների և քաջարի հերոսների:
Ցավով պիտի նշեմ, որ ապրիլի 3-ին՝ մոտավորապես ժամը 16:00 սահմաններում, մարտական խնդրի կատարման ժամանակ թշնամու կողմից հայտնաբերվել և խոցվել է վերոնշյալ 321 համարի տանկը։ Խոցման պահից վայրկյաններ առաջ «Բարս մեդիա» վավերագրական կինոստուդիայի կողմից կատարված տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է տանկը բարձրանում հողաթմբի վրա, իրականացնում թշնամու զինտեխնիկայի խոցում և հետ շարժվում դեպի պահեստային կրակային դիրք։
Այդ պահին է, որ թշնամու հակատանկային ուժերին հաջողվել է «Սպայկ» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռով խոցել իմ սխրագործ քաջի տանկը։
Անվախ ու աննկուն իմ քաջը հերոսաբար ընկավ, բայց նա անմահացավ ու իր սխրանքով կապրի այնքան, որքան մենք նրան կհիշենք… Իսկ մենք նրան կհիշենք դարեդար… Ուեմն նա կապրի հավե՛րժ…
Հավերժական փա՛ռք նրա սխրանքին և խոնորհումս նրա անկոտրում կամքի առաջ: Նաև պատվի եմ առնում նրա չերկընչոդ ոգու առաջ՝ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ:
Չեմ կարող նրա հետ չհիշել նաև նրա անվախ ընկերներին՝ ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանին և նշանառու օպերատոր Վլադիմիր Ալիխանյանին:
Խոնարհումս նաև այս քաջերին:
Ռուսաստանյան «Դաշնային լրատվական գործակալության» լրագրող Կիրիլ Ռոմանովսկին (Օտտեր), որ 2016 թ․ ապրիլյան պատերազմի օրերին գործուղվել է Արցախ, եղել մարտական գործողությունների շրջանում, այսպես է նկարագրում կատարվածը․
-Տանկը խոցվեց ապրիլի 3-ին… Կանխելով առաջնագծում՝ Հադրութից հարավ, հարձակումը… տանկիստները հայկական պաշտպանության երկրորդ գծում թմբի վրայից «լացացնում էին» ադրբեջանցիներին։ Հակառակորդը պատասխանեց ՀՏԿՀ-ով (հակատանկային կառավարվող հրթիռ – Է․Է․)։ Ըստ երևույթին՝ նկատելով կրակոցը՝ անձնակազմը փորձեց սահել և թաքնվել թմբից ներքև… Չհասցրեց։ Տանկը ցիրուցան եղավ դաշտով մեկ…
Մետաղի մի քանի տոննա մխրճվեց հանդիպակաց լանջի մեջ՝ հրանոթի փողը դարձնելով հակառակորդի ուղղությամբ՝ ասես չհաշտվելով տեղի ունեցածի հետ… Տանկը չէր ցանկանում հանձնվել նաև անձնակազմի կորստից հետո… Տանկիստները խիզախաբար էին կռվել։ Դա նկատելի է տանկի զբաղեցրած վերջին դիրքից, բազմաթիվ պարկուճներից և թմբի վրա մնացած հետքերից։ Դիրքը պարբերաբար փոփոխվում էր, տանկը ելնում էր թմբի վրա, կրակում, սահում հետ։ Բազմաթիվ են թրթուռի հետքերը, որոնք բոլորը հանգում են մի տեղում, որ դարձավ այդ մեքենայի համար վերջինը…
Իսկ տանկիստներից չմնաց ֆիզիկական ոչ մի հետք, ասես անէացել էին օդում՝ հառնելով բլուրների, դաշտերի, իրան-արցախյան սահմանի և Արաքսի դեղնաջրերի վրա… Հավերժ փա՜ռք տղաներին։
Ըստ զորամասի հրամանատար փոխգնդապետ մարտին Ջհանգիրյանի բանավոր վկայության՝ ապրիլի 2-3-ը զրահատանկային անձնակազմերն ընդհանուր հաշվարկով ոչնչացրել են թշնամու 8 միավոր զրահատեխնիկա և ինժեներասակրավորական տեխնիկա։ Ըստ ականատեսների, այդ թվում՝ վերոհիշյալ հրամանատարի և մայոր Միքայել Մովսիսյանի հուշերի՝ 321 տանկն ապրիլի 2-3-ին գումարային հաշվով խոցել է թշնամու 4 միավոր զրահատեխնիկա՝ ենթադրաբար 3 տանկ և 1 ՀՄՄ (БМП):
ՊԲ 23524 զորամասի զինծառայող իմ քաջ հերոսը և նրա ընկերները, հետմահու. պարգևատրվել են ՀՀ «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով։
Ապա, 2018 թ.-ի հոկտեմբերի 14-ին՝ իր իսկ ծննդյան օրը, ՀԱԲ ՀԿ-ի նախագահ Արամո Թորգոմյանի կողմից պարևատրվել է §Արամո¦ հուշամեդալով:
Նույն օրը, §Արծիվ-30 Արարատ¦ ռազմահայրենասիրական ՀԿ-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով առ այն, որ հերոսաբար մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:
Իմ հերոսը սիրագորով ու անվարան փարվեց իր մայր հողին, թեպետ մորը՝ հերոսածին տիկին Գոհարին էլ անսահման էր սիրում: Բայց մայր հողի տաքուկ ջերմությունն առավել զորեղ գտնվեց իրեն ծնած ու սնած մորից:
Վերքը խորն է, ցավն անբուժելի…
Դե եկ սիրելի ծնող ու դիմացիր…
Եվ դեռ շրթունքներդ էլ արյունոտելու չափ կրծելով ու ջրի փոխարեն արցունքներդ խմելով հպարտացիր…
Այդ ինչպե±ս, ի±նչ սրտով, կամ մի±թե հնարավոր է…
Թվում է ո՛չ… Թվում է սպասվում է գժվել ու խելագարվել…
Թերևս արցունքի միջից հպարտանալ կստացվի, որ անվախ ու համարձակ էր իրենց որդին… Սակայն ցավի հետ համակերպվել՝ օ՜, անհնար է:
Բայց, որպես հոգեբան, պիտի ասեմ, որ իմ հերոսի ծնողներն ու նրա համեստ եղբայրն առավել, քան ուժեղ են՝ ճիշտ և ճիշտ իրենց հերոս որդու նման: ՉԷ± որ, նրան այդպիսին, հենց իրե՛նք էին դաստիարակել:
Այնքան հզոր ու անկոտրում կամքի տեր են նրանցից յուրաքանչյուրը յուրովի, որ այդ հզոր կամքով ճեղքում են այս դաժան կյանքի փրփրադեզ հորձանութն ու բարձր ճակատով և վեհ հայացքով առաջ գնում:
Հերոսածին ու հերոս դաստիարակած իմ սիրելի Աբգարյաններ ձեր բարձր գլուխը երբե՛ք չկախեք քանզի կյանքը սիրում է անվախներին ու պայքարողներին: Ապա այն շարունակվու՛մ է, ապրե՛լ է պետք:
Ապրել ու հաղթե՛լ…
Հարգանքներս այս անզուգական ու յուրատեսակ ընտանիքին:
ես, ով էլ լինեմ, ինչ մասնագետ էլ լինեմ,միևնույնն է՝ խոսելով իմ հերոսի մասին, ով մի ողջ ազգի կյանք է փրկել սեփական կյանքի և իր ընկերների կյանքի գնով՝ սխալվելու կամ վրիպելու իրավունք չունեմ: Այո՛, չունեմ:
Ու նրա՝ իմ սխրագործ քաջի առաջ, որ հավերժացավ հանուն ամբողջ հայ ազգի՝ պատվի եմ առնում՝ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *