Իրեն հատուկ հեռատեսությամբ եւ զգայունությամբ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ դեռեւս 1913 թվականին կանխատեսել էր 1915 սարսափները

Իրեն հատուկ հեռատեսությամբ եւ զգայունությամբ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ը դեռեւս 1913 թվականին կանխատեսել էր 1915 սարսափները՝ գրելով.
«Թուրքիան կդիմի ամենահրեշավոր միջոցներին` վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին»:
ՈՐԲԵՐԻ ՀԱՅՐԻԿԸԿովկասյան ռազմաճակատի անմարդկային տեսարանները դեռ աչքի առջեւ, ծանր ապրումների մեջ, կես մարդ դարձած Թումանյանը հասնում է Թիֆլիս, որտեղ բժիշկները նրան խորհուրդ են տալիս անմիջապես մեկնել որեւէ առողջարան կազդուրվելու: Առողջարանի գումար նա չուներ եւ այդ պատճառով ընկերոջ խորհրդով գնում է Թաբախմելա ամառանոց, որտեղ հույս ուներ մի փոքր հանգստանալու:
Ողբերգությունը՝ սրտում, անասելի ցավը՝ հոգում Թումանյանն առանց րոպե անգամ կորցնելու Թիֆլիսից շտապում է Էջմիածին, որտեղ հավաքել էին հազարավոր գաղթականներ՝ հատկապես որբեր՝ տարբեր տարիքի:
Ժամանակակիցների վկայությամբ, այդ հավաքատեղին իրական դժոխքն էր երկրի վրա:
Ցեղասպանության սարսափները տեսած, խեղված հոգիներով, ամենատարբեր հիվանդություններով վարակված, կեղտոտ ու սոված անթիվ-անհամար երեխաներ հավաքվել էին Էջմիածնում:
Այդ առաջին օրերին որբերի կողքին էր միայն Թումանյանը:
Անտեսելով բոլոր հնարավոր վտանգները՝ նա բերել էր նաեւ դստերը՝ Նվարդին:
Էջմիածնի հավաքատեղին այդ ժամանակ ոչ միայն դժոխք էր, այլ մահ էր բառի լայն իմաստով:
Տասնյակ հիվանդություններ, դրանցից ամեն վայրկյան մահացող որբեր եւ բուժքույրեր. սակայն Թումանյանի համար սեփական երեխայի կյանքն անգամ անկարեւոր էր, երբ հայրենակիցների լինելիության հարցն էր դրված:
Հենց այդտեղ է տեղի ունենում Թումանյանի եւ Կաթողիկոսի միջեւ եղած հայտնի երկխոսությունը, որի ժամանակ համեստագույն բանաստեղծն առաջին անգամ տալիս է իրեն թերեւս ամենաարժանի « ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ » անվանումը:
Կարճ ժամանակ անց նա դառնում է նաեւ « ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿ » բոլոր որբերի համար:
Այդպես կոչեցին նրան հենց որբերը:
Նրան էին դիմում իրենց բողոքներով, խնդրանքներով, նրան էին կանչում հիվանդ ժամանակ, խնդրում, որ իրենց ծամերը չկտրեն, որ իրենց համար կարմիր զգեստ կարեն . «..Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»:
Նրանց մանկական հոգին ու մարմինը կեղեքվել է ամենադաժան ձեւով, եւ այդ պահին աշխարհում ամենից շատ նրանք քնքշանքի ու մայրական սիրո կարիք ունեն:
Եվ նա սկսում է կոչ անել բոլոր կանանց ու աղջիկներին լինելու որբերի կողքին: Շատ անգամ էլ բանաստեղծն ինքն էր տուն ուղարկում օգնության եկած աղջիկներին՝ հաշվի առնելով նրանց անչափահաս լինելը:
Սակայն բանաստեղծի մարդասիրությունն ու նվիրումն այնքան մեծ էր, որ բոլորն էին անխտիր վարակվում նույն սիրով եւ չէին ուզում հեռանալ Էջմիածնից:
Այդպես նա տուն ուղարկեց Չարենցի հայտնի սերերից մեկին՝ ԿԱՐԻՆԵ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ , այդպես տուն էր ուզում ուղարկել ուսուցչուհի Սաթենիկ Օհանջյանին, որը չլսեց Թումանյանին, մնաց եւ մահացավ համաճարակից եւ որի մահը հատկապես ծանր տարավ բանաստեղծը:
Սոսսի Խանիկյան

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *