Այգի տնկեցեք, խաղող աճեցրեք, հնձան կառուցեք, գինի խմեք, բայց այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք

Ըստ Վարդան Այգեկցու
Թագավորն ուներ մի որդի: Սա ալարկոտ ու անբան էր: Սիրում էր միայն խրախճանք անել և գինի կոնծել: Ամեն գիշեր նա խիստ հարբած էր տուն գալիս, հաճախ նրան բերում էին թևերն ընկած:
Մի օր էլ թագավորի նախարարներից մեկը տանում է արքայազնին իր տունը, ճոխ գինարբուք կազմակերպում և պատվում ապագա թագավորին: Թագավորի տղան այնքան է խմում, որ նրան հազիվ՝ հասցնում են իր անկողնուն:
Սակայն գիշերվա մի ժամի տղան դուրս է գալիս տնից, մոլորվում է, ընկնում աղբանոցը:
Այդպես էլ մեռնում է աղբ ու կեղտի մեջ՝ առանց ուշքի գալու:
Թագավորը սաստիկ վշտանում և հրովարտակ է արձակում, որ իր հպատակները արմատահան անեն որթատունկերը, կոտրեն գինու կարասները: Մահվան սպառնալիքով թագավորը վերացնում է խաղողն ու դրանից ստացվող գինին:
Այդ տերության ծայրամասում մի խեղճ այրի կին էր ապրում: Նա իր մինուճար որդուն առավոտ և երեկո մի-մի գավաթ գինի էր տալիս: Այս կինը իր նկուղում պահել էր գինով լի մի կարաս:
Մի գիշեր այրի կնոջ տղան մի առյուծի է պատահում և սպանում է նրան:
Պարզվում է, որ դա թագավորի առյուծն էր, որ փախել էր արքունիքից:
Առավոտյան թագավորը հրաման է արձակում.
֊ Ինձ մոտ թող գա առյուծին սպանողը: Եթե գա և պատմի, թե ինչպես է սպանել, նրան չեմ պատժի:
Թագավորի մոտ են գալիս այրի կինը և նրա որդին:
Տիրակալի այն հարցին,
թե ինչպես է սպանել առյուծին, այրի կնոջ տղան պատասխանում է.
֊Գիշերով զբոսնում էի, երբ այդ գազանը դեմս ելավ, հարձակվեց ինձ վրա։
Ես էլ սպանեցի նրան:
֊Բարի կին, ինչո՞վ ես սնուցել քո քաջարի որդուն։
– Գինով, տեր արքա, գինով, որ դու արգելել ես,- ասում է կինը և անկեղծորեն պատմում իր թաքցրած կարասի և գինու մասին։
Ուշադիր լսում է արքան, միտք անում և հրաման արձակում.
– Այգի տնկեցեք, խաղող աճեցրեք, հնձան կառուցեք, գինի խմեք, բայց այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *