Հուշեր Թումանյանի մասին.

Մի անգամ Հովհ. Թումանյանի տան սովորական ճաշկերույթներից մեկին ներկա էին մի խումբ գրողներ և այլ մտավորականներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ և այլն:

 

Ներկա էր նաև Մեսրոպ եպիսկոպոս մագիստրոսը, որ անձնապես մտերիմ էր Թումանյանի հետ: Տնեցիներից սեղանի շուրջն էին տիկին Թումանյանը իր երկու մեծ զավակների՝ Մուշեղի և օրիորդ Աշխենի հետ:

 
Թամադան, իհարկե, Հովհ. Թումանյանն էր:

 
Այնպես պատահեց, որ Թումանյանը ներկաներին զույգերի բաժանեց և զույգ-զույգ առաջարկեց ներկաների կենացը:

 
-Խմենք մեր երկու վիպասանների՝ Շիրվանի (Շիրվանզադե) և Ավետիսի (Ահարոնյան) կենացը… Էս էլ մեր երկու բանաստեղծների՝ Ավոյի (Իսահակյան) և Դերենիկի (Դեմիրճյան) կենացը… Էս էլ մեր երկու բժիշկների կենացը…

 

Եվ այսպես զույգ-զույգ լրացրեց բոլորի կենացները: Մնաց միայն Մեսրոպ եպիսկոպոսի կենացը:

 

Թումանյանը բաժակը ձեռքը ոտքի կանգնեց: Ներկաներիս ամեն մեկի մտքում միևնույն հարցը ծագեց, թե Թումանյանը ինչպես պիտի զույգ դարձնի Մեսրոպ եպիսկոպոսին, որ միակ կուսակրոնն էր սեղանի շուրջ:

 
Սրամիտ Թումանյանը, անշուշտ, արդեն մի ելք գտել էր: Բայց ի՞նչ էր այդ ելքը՝ ամենքս անհամբեր էինք իմանալու:

 
-Հիմա մնաց մեր սրբազանի կենացը,- ասաց Թումանյանը և մի արագ հայացք նետեց մեկ Մեսրոպ եպիսկոպոսի, մեկ՝ իր ավագ դուստր օրիորդ Աշխենի վրա:
-Էս բաժակն էլ առաջարկում եմ խմել մեզ հետ սեղան նստած երկու կույսերի՝ Մեսրոպ եպիսկոպոսի և իմ Աշխենի կենացը…

 

Մեսրոպ եպիսկոպոսը թեև կարմրեց, բայց մյուսների հետ կուշտ ու կուռ խնդաց:

Լուսանկարում՝ ՎԵՐՆԱՏՈՒՆ կտավը: Հեղինակ՝ Դմիտրի Նալբանդյան․

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *