Նա Հստակ Ընտրություն Էր Կատարել, և Մինչև Վերջին Շունչը Կռիվ Տվեց Իր Հայրենիքի Համար…

ՊԲ ՄԱՐՏՈՒՆԻ 2 ԶՈՐԱՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՇՏԱԲԻ ՊԵՏ ՄԱՅՈՐ ԵՂԻՇ ՄԱՔՍԻՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խիզախության, բարության, ու ընկերասիրության իդեալ էր. հարազատները նրան նկարագրելիս սկզբում այս բառերն են ընտրում: Եղիշ Մաքսիմի Հովհաննիսյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 5-ին Գերմանիայում։

Մանկությունն անցել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Երազանքն էր գոնե մեկ անգամ այցելել ծննդավայր, տեսնել և անպայման Հայաստան վերադառնալ։ Մանկապարտեզ շատ չի գնացել. փախչում ու տուն էր գալիս։

 

«Մանկապարտեզից փախչում էր հաճախ, վստահված դիրքերից՝ երբեք»,- ասում է հայրը՝ Մաքսիմ Հովհաննիսյանը։ Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական, «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Վանաձորցի Եղոն միշտ էր ասում,նահանջ հրաման իր համար չկա:

Նա նահանջի չդիմեց նույնիսկ ամենավճռորոշ պահին: Վերջին օրը՝ 30.10 -ին, նա հրաման տվեց իր զինվորներին՝ նահանջել հանուն փրկության ,ոմանք էլ փախան, իսկ ինքը 2 զինվորների հետ մնաց դիրքում, միասին պայքարեցին թշնամու դեմ: Հենց այդ պայքարում էլ ստացավ մահացու վիրավորում: Նա հստակ ընտրություն էր կատարել, և մինչև վերջին շունչը կռիվ տվեց իր հայրենիքի համար։

Իսկ դրանից օրեր առաջ, մոտ չորս ժամ նա միայնակ պայքարել է թշնամու դեմ, և կարողացել է պահել դիրքը, անդադար կրակ է բացել տարբեր զենքերից, որ թշնամին կարծի, թե մի ամբողջ ջոկատ է պայքարում այնտեղ, ոչ թե ինքը՝ միայնակ:

2010թ.-ին Ստեփանակերտի Ցոր զորամիավորումում էր ծառայության անցել, իսկ 2014.-ին իր դիմումի համաձայն տեղափոխվել էր Մարտունի 2 ՝ առաջնագծում ծառայելու։ Գիտակցված որոշումների շղթայից էր նաև 2016թ.-ին ապրիլյանին առաջնագծում պայքարելը:

ԻՆՔՆ ԻՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ: Հաղթեց հերոսացած իր ապրելակերպով՝ ապահովելով իր երկու փոքրիկների ազատ ապրելու իրավունքը՝ մշտապես կարոտի աշխարհին դատապարտված: Եղոն (նրան բոլորն այդպես էին ճանաչում), միշտ ասում էր. «Ես եմ հայոց արծիվը», և հիմա՝ հավերժ արծիվ դարձավ երկնքում…

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *