24-ամյա Հունանը, որ երկու պատերազմի է մասնակցել

ԵՊՀ ուսանող Հունան Հակոբյանը չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է երկու պատերազմի մասնակցել։  2016-ի ապրիլին ժամկետային զինծառայող էր, ծառայակիցների հետ պաշտպանում էր Արցախի հարավ-արևմտյան հատվածը՝ Ջաբրայիլը, 2020-ին՝ որպես պահեստազորի հրետանավոր Քարվաճառի դիրքերում էր։

-24 տարեկան ես ու երկու պատերազմի՞ ես մասնակցել,- զարմանում եմ։
-Ինչ արած, ուղղակի այսպես չպետք է վերջանար,- արձագանքում է հրետանավորը։

Հոկտեմբերի 1-ից զորակոչված Հունանը նոյեմբերի 11-ին է դուրս եկել կրակային կետից, դեռ զորացրված չէ, մի քանի օր է, որ զորամասից թույլ են տվել տանը գիշերել։ Մտքով բարձունքում մնացած ընկերների, վիրավորում ստացած տղաների հետ է։

«Եվ սպայակազմից ընկնողներ եղան, և ժամկետային զինծառայողներից… Խոնարհվում եմ բոլորի առաջ, ցավակցում եմ ծնողներին, հարազատներին։ Մեր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում, հնարավորինս շուտ անցնեն բնականոն կյանքի… եթե հնարավոր է…»,-ասում է Հունանը։

 

Նա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ազգային անվտանգության ամբիոնի  մագիստրատուրայի 1-ին կուրսում է սովորում։ Նաև իր փորձով գիտի՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան անհավասար պատերազմը։ Բայց ցավոք, ասում է՝ ունենք այն, ինչ ունենք։

Ժամկետային ծառայության ընթացքում հրանոթի հրամանատարը զորակոչից հետո ներկայանում է զինկոմ՝ պատրաստ մեկնելու Արցախը՝ ավելի հստակ Քարվաճառի հյուսիս-արևմտյան հատվածը պաշտպանելու։ Այստեղ եղել է երկրորդ կրակային դասակի հրամանատարը։

«Մինչև հոկտեմբերի մեկը, ըստ մասնագետների, հավաքագրումը չի իրականացվել։ Խնդիրը բարձրաձայնելուց հետո սկսեցին ըստ մասնագիտության հավաքագրում կատարել, որովհետև այս պատերազմն ավտոմատի կռիվ չէր, հրետանու մասնագետների կռիվ էր»,- արձանագրում է նա։

Ապրիլյանի մասնակից զինծառայողը համարում է, որ այդ պատերազմից դասեր չէին քաղվել, մինչդեռ այն նաև հնարավորություն էր խնդիրները վեր հանելու, սխալները շտկելու համար։

 

 

«Անօդաչուները կանգնեցնելու ու զենիթահրթիռային կայանքները ոչնչացնելու համար ոչինչ չի արվել։ Մենք տեսել էինք ապրիլյանը, տեսել էինք խնդիրները, բայց դրանք լուծելու համար ոչինչ չէր արվել։ Ռազմական գործողությունների ժամանակ էլ մի կողմից ինժեներական աշխատանքներ էինք իրականացնում, թաքստոցները կարգի բերում, մյուս կողմից կրակ վարում։ Ես հիմա մտածում եմ, օրինակ կարելի էր տուրք չտալ գովազդին, ՍՈւ-երի փոխարեն կարելի էր գնել ՌԷՊ համալիրներ, թող ոչ ոք դրա մասին չիմանար, թող իմանային դրա մասին ռազմական ոլորտից հասկացող չորս մարդ,  բայց օդը պաշտպանված կլիներ»,- մտորումները բարձրաձայնում է Հունանը։

Պահեստազորի հրետանավորը նկատում է՝ լինելով պատերազմի մեջ գտնվող երկիր, երբևէ պահեստազորի հավաքագրում, զորքերի ու տեղանքի ներդաշնակումը բավարար չափով չի իրականացվել։

 

«Ասում են՝ բոլորս ենք մեղավոր։ Բայց ես չեմ ընդունում դա։ Պետք է լինի անձնական պատասխանատվություն։ Եթե ես խուսափել եմ, այո, մեղավոր եմ, պետք է պատժվեմ։ Ասում են՝ անձնակազմի մի հատված թողել ու լքել է դիրքը, բայց դա էլ ունի իր սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառները։ Կոնկրետ մեր հատվածում բոլորս պահեստազորից էինք՝ 28 հոգի։ Չորս հրանոթ ունեինք, ձևավորել էինք հրետանային մարտկոց, կատարել ենք մեր խնդիրը։ Հետաքրիքր է, որ ես եղել եմ Քարվաճառում նույն սպայակազմի հետ, որոնց հրամանատարությամբ 2016-ին Ջաբրայիլում խնդիր ենք կատարել»,- ասում է նա՝ հպարտությամբ ավելացնելով, նրանցից մեկն էլ փոխգնդապետ Սամվել Բալոյանն էր, որ պարգևատրվեց Մարտական խաչ առաջին աստիճանի մեդալով։

 

Չարաբաստիկ հայտարարության մասին իմացել են գիշերը՝ ժամը երեքին։

«Շատ ծանր ենք տարել, անձնակազմը հիասթափված էր։ 44 օրից ավելի կանգնած ենք եղել ու խնդիրը կատարել ենք։ 1 սմ Քելբաջարի շրջանում թշնամին չի կարողացել առաջ գալ։ Իսկ մեզ ասում են՝ պետք է դուրս գաք։ Ամենավատը հենց դա է…Ճիշտն ասած, մենք չհավատացինք այդ լուրերին։ Գիշերը կարողացանք զանգել Երևան, հաստատեցին։ Ողջ գիշեր չքնեցինք»,- հիշում է Հունան Հակոբյանը։

Նրանք կրակային կետից դուրս են եկել նոյեմբերի 11-ին։ Հունանն այսօր էլ շփվում, խոսում, քննարկում է տեղի ունեցածը զինակիցների, ընկերների, հասակակիցների հետ։ Բոլորն էլ հասկանում են՝ թշնամուց եկող վտանգները ոչ միայն չեն վերացել, այլև մեծացել են, վտանգը մոտեցել է, հասել է Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք։

«Մեր 28 հոգանոց խմբում ամենատարբեր տարիքի ու ոլորտի մարդիկ էինք։ Հիմա որ քննարկումներ են լինում, ասում են, մենք պատրաստ ենք ցանկացած պահի իջնել մեր կրակային կետերն ու մեր խնդիրը կատարել»,- ասում է Հունանը։

Աղբյուր` Panorama.am

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *