Ինքը սև, գանգուր մազեր ուներ ու ֆիզկուլտուրայի դասերին չէր զլանում մազերիցս քաշել ու բարձր ծիծաղել, ես էլ գերազանցիկի սինդրոմով հետևից վազում ու գոռում էի.
Երեխա էինք… մեզ համար պատերազմները գրքերում էին։ Մեր Ջանֆիդայի դպրոցը հերոս Յուրա Դաշտոյանի անունն էր կրում, ով զոհվել էր Արցախյան պատերազմի ժամանակ։
Յուրայի մասին պատմությունները բոլորս զարմանքով էինք լսում՝ մեզ համար ինքը կարծես ուրիշ ժամանակներից լիներ՝ո՞նց թե պատերազմ, ո՞նց թե էդքան զոհեր, ո՞նց են մարդիկ ապրել էդ ցավով։ Մի անգամ հերթական միջոցառումն էինք անում Յուրայի պատվին, ինձ էլ բաժին էր հասել զինվորին սպասող մոր դերը։ Դասարանի տղերքը պետք է կռվի տեսարան խաղային՝ զենքերը ձևական պահեին, գետնին ընկնեին, կեսը զոհվեին, կեսը՝ ողջ մնային։
Միհրանին զոհվողների դերի բաժինն էր հասել, չեք պատկերացնի ինչքան խանդավառված էր խաղալիք զենքը բռնել ու ջիգյարով աջ ու ձախ կրակում, հետո գետնին ընկնում, էլի բարձրանում, իր համար զինվորի դեր խաղալը էնքան երջանկալի էր, որ աչքերը պսպղում էին ամբողջ դերի ընթացքում, վերջում էլ էնքան բնական 《զոհվեց》 ու թափով ընկավ բեմին, որ հիշում եմ մեզնից մի քանիսը վախեցած նայեցին իրեն, գլուխը թաքուն բարձրացրեց, կուլիսներ նայեց, աչքով տվեց ու թեթև ժպտաց՝ իբր հանգիստ եղեք ստից ընկել եմ, հո իրականում չե՞մ զոհվել։