Գիտե՞ք` վերջերս հաճախակի եմ մտածում. բայց կարո՞ղ էր, չէ՞, Ասլան պապը համակերպվել թուրք պաշտոնյաների վարած հայահալած քաղաքականությանը ու շարունակեր ապրել Մուշում:

Մուշի իմ խորհրդանիշը` տատս
Մուշի խորհրդանիշը, նախ և առաջ, իմ հայրական տատն է` Արմանուշը, ով իր ապրած կյանքի ընթացքում ոչ մի վայրկյան չհրաժարվեց երկու բանից` իրեն մշեցի համարելուց և իշխանուհի զգալուց: Ինքը Մուշ քաղաքի իշխանավոր Ասլանանց Վարդանի աղջիկն էր, ու սրանով ասված էր ամեն բան:
Այդ փաստով էր բացատրվում նրա` հայ ազնվական կնոջ «կնիք» համարվող կապույտ գույնի դաջվածքը, նազուկ ու խաս լինելը, բնատուր-բնազդային իմաստությունը, քմահաճ քիմքը, ամեն ինչի մեջ յուրահատուկը, որակյալն ու գեղեցիկը ընտրելու զարմանալի կարողությունը, մարդկանց հետ հարաբերվելու սկզբունքային ու անվարան դիրքորոշումը, անվերապահ հավատն առ Աստված, եկեղեցի, Նարեկ ու պապենական հովանավոր սուրբ համարվող Շեկ Ավետրան:
Մտաբերեցի նրան ու հիշողությանս ծալքերում ճմլկտելով սկսեց արթնանալ տատիս կերպարը: Երեք բան կար, որ նա սովորույթի ուժով ամեն առավոտ անում էր` արթնանալուն պես աղոթելը, արծաթյա գոտին կապելը, ոսկեզօծ գավաթով սուրճ խմելը: Սրանք իսկական ծեսեր էին` իմ կյանքում հանդիպած ամենաառաջին ծեսերը…
Տատս սարթ կին էր, բայց միշտ հուզվում էր Մշո մասին պատմելիս: Պատմում էր կամացուկ, ցածր ձայնով, երկյուղածությամբ ու ինքն իրեն խաչակնքելով:
Նա մեկ էլ այդպես իրեն պահում էր սիրելի, կորցրած մարդու մասին պատմելիս, իսկ ամենավերջում միշտ ասում էր.
-Ծըծղալու չափ լալու բան է… : Հե՜յ գիդի հա, ի՜նչ ես կորցրել, ի՜նչ ես ման գալիս…: Գործդ արա, այ ջանըմ, գործդ: Մուրիկ-մուրիկ ման գալը որըս է…
-Իստակ թե,-ամեն անգամ հաստատում էր Սարգիս պապս:
Գիտե՞ք` վերջերս հաճախակի եմ մտածում. բայց կարո՞ղ էր, չէ՞, Ասլան պապը համակերպվել թուրք պաշտոնյաների վարած հայահալած քաղաքականությանը ու շարունակեր ապրել Մուշում:
Ու, թեև նրա արժանապատվությանը դեմ է եղել վիզ ծռել մեծամեծերին, բայց արի ու տես, առանց վարանելու` խորին հարգանքով խոնարհվել է աշխատավոր մարդու՝ իր մշակների առաջ: Ինչևէ, հերսոտած ու նեղսրտած իմ պապը, չկարողանալով հանդուրժել անարդարությունը և վտանգ զգալով, դարասկզբին բռնում է Արևելյան Հայաստանի ճամփան` ճակատագրի բերումով տարիներ անց իր կարևոր մասնակցությունն ունենալով Բաշ-Ապարանի հերոսամարտին:
Բա հիմա ո՞նց չմտածեմ, որ ես` մենք այսօր կանք, որովհետև իմ ապուպապ Վարդանը ճիշտ ժամանակին խշտկացել է` ընտանիքի հետ թողնելով Մուշը, փաստորեն, Եղեռնից փրկելով իրենից հետո եկողներին` իմ սքանչելի հայրիկին, մի-մի պարգև հարազատներիս` եղբորս ու քույրերիս: Էլ չեմ ասում, որ ես ու դուք էլ ինձ չէինք ունենա:
Մշեցի տատ, շնորհակալ եմ խորոտիկ Էրգրի, անուշիկ Մուշի, Մշո Ս. Մարինե եկեղեցու, Ս. Առաքելոց վանքի և Մշո Ս. Կարապետի մասին տաքուկ հիշողությունների, Մշո դաշտի նըխշուն-նըմշուն կակաչի (տատս անվանում էր լալէ, հազրէ) ու էլի լիքը-լիքը տեսանելի և հատկապես` անտես բաների համար…
Հետգրություն
Լուսանկարում տատս է, Հայկանուշ քույրիկս (Արմանուշ տատի մոր անունն է) ու ես: Շեղագրով էլ այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջինը լսել եմ տատիցս:
Մնացածը` Մուշից գալուց հետո: Առաջ Աստված:
Միշտ Ձեր՝ Նունե

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *