Բարձունքը մերն է, տղերքը չկան… Շուշի բերդաքաղաքն ու նրա մասին պատմող փաստերին կծանոթանանք միասին

«Շուշին բաց թանգարան է երկնքի տակ» շատերը այսպես են բնութագրում Շուշի քաղաքը:

Կան քաղաքի անվան ծագման մի շարք վարկածներ: Ոմանց կարծիքով Շուշի անվանումը առաջացել է «շոշ» բառից։ Արցախյան բարբառում երիտասարդ ծառերը կոչվում են նաև շոշ, իսկ դրանց պուրակը՝ շոշոտ: Շուշի տեղանվանումը, ըստ երևույթին, տեղանքը բնութագրող անվանում է։ Քանի որ քաղաքը գտնվում է ժայռի (լեռան) գագաթին, որն էլ կարող է ընկած լինել անվան հիմքում։ Նկատենք, որ Արցախի բարբառից հյուսիսկովկասյան լեզուներին անցած որոշ չափով այդ անունը հիշեցնող բառեր կան։ Այսպես օրինակ, ագուլերեն «սու»-լեռ և չեչեներեն «շու»-բլուր, մի արմատ, որը կրկնելու դեպքում (ինչպես այն հանդիպում է հատկապես հին հայերենում և խեթերենում), ապա կունենանք «շուշու», այսինքն ճիշտ այն, ինչն անհրաժեշտ է «Շուշի» քաղաքանվան ստուգաբանության համար։ Նկատենք, որ միջնադարում Շուշի տեղանունը հիշատակվում է հենց Շուշու ձևով:

Շուշիի հին բնակավայր լինելու մասին վկայում է 1428 թվականին Տեր-Մանվելի ստեղծած Ավետարանը, որտեղ նշված է, որ «արդ գրեցավ աստուածագիծ սուրբ Աւետարանս ձեռամբ ոգնամեղ և ապիկար գրչի տէր Մանաւելի,ի թւականութեանս Հայոց ՊՀԷ , ի յաշխարհիս աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղս Շուշու կոչեցեալ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս, ի կաթողիկոսութեան տէր Յոհանիսի… »: Հաջորդ վկայությունը նույն եկեղեցու գրչատանը կատարվելէ 1575 թվականին, որտեղ ասվում է «կատարեցի …զմաքրափայլ Աւետարանս ի փառս նմանե գաւառս Վարնթոյ, ի գեղս ւոր կոչի Շուշոյ…Ընդ հովանեաւ սուրբ Աստուածածին։ Գրեցաւ ի թվականութեանս ՌԻԴ»:

Շուշիի հիմնադրման, ամրոցաշինության, այդ հին բնակավայրի կառուցապատման և նրա հուշարձանների էթնիկ պատկանելիությունը ուսումնասիրող հետազոտողները, մինչև Շուշիի ազատագրումը, ստիպված էին առավելապես բավարարվել 18-19-րդ դարերի հեղինակների կեղծած և մուսուլմանամետ գրավոր աղբյուրներով։ Միայն Ադրբեջանի գաղութային լծից ազատագրվելուց հետո, Շուշիի հնագիտական, վիմագրական, տեղագրական բնույթի բազմաթիվ աղբյուրներ մատչելի են դարձել լուրջ և օբյեկտիվ ուսումնասիրությունների համար։

Արցախյան պատերազմի մասին գրված բոլոր գործերում կա մշտական հիշեցումը, թե ինչ ծանր գնով էինք ձեռք բերել հաղթանակը մեզ պարտադրված պատերազմում: Խաչիկ Մանուկյանի հոյակապ բանաստեղծությունը ընդհանրացնող արժեք կարող է ունենալ այդ բոլոր զգացողությունների.

Բարձունքը մերն է, տղերքը չկան,

Տղերքն ավելի բարձրում մնացին:

Դիպան աստղերին՝ աստղերը հանգան

Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.

Բարձունքը մերն է, տղերքը չկան…

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *