10 լավագույն ֆիլմերը 21-րդ դարի տնտեսական ճգնաժամի մասին

2008 թվականից սկսված և որոշ մասնագետների կարծիքով, մինչ այսօր չհաղթահարված Համաշխարհային տնտեսական ճգնաժամը իր ազդեցությունը թողեց ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլ նաև ժամանակակից կինեմատոգրաֆիայի վրա: Այս թեմայի վերաբերյալ նկարահանվեցին բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որտեղ յուրաքանչյուր ռեժիսոր ոչ միայն փորձում էր ֆինանասական անկման իր բացատրությունը տալ, այլ նաև հասկանալ, թե ինչպես կարելի է ապրել այսպիսի պայմաններում: Patum.am-ը առանձնացրել է այն ֆիլմերը, որոնք լավագույնս ներկայացրել են այս խնդիրը:

  1. Ներքին խոհանոց/ Inside Job (2010)2010 թ. թողարկված այս վավերագրական ֆիլմը ֆինանսատնտեսական ճգնաժամը ներկայացնող լավագույն աշխատանքներից մեկն է: Ֆիլմը բաղկացած է 5 մասից, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվում է ամերիկյան և համաշխարհային տնտեսության խնդրահարույց կողմերը: Ֆիլմը 2011 թ. արժանացել է Օսկարի: Կարող ենք նշել, որ  ֆիլմի հաջողությանը նպաստել է նաև այն փաստը, որ ռեժիսոր Չարլզ Ֆերգյուսոնը տնտեսագետ Նուրիել Ռուբինի և գրող Չարլզ Մորիսի ընկերն էր: Վերջիններս մինչ 2008 թ.-ն արդեն կանխատեսել էին և զգուշացնում էին մոտալուտ խոշոր տնտեսական ճգնաժամի մասին:
  2. Ռիսկի սահմանը/ Margin Call (2011)Այս ժանրի ֆիլմերի շարքում իր հաստատուն տեղը ունի Ջեյ Սի Չենդորի «Ռիսկի սահմանը» ֆինանսական թրիլերը, որի սցենարի հիմքում ընկած է Lehman Brothers բանկի պատմությունը: Այն նույնպես արժանացել է Օսկարի մրցանակի լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում: Ֆիլմում ներկայացված է բանկի աշխատակիցների կյանքի մի քանի օրերը ֆինանսական կոլապսի նախաշեմին: Գործողությունները զարգանում են այնքան արագ, որքան արագ ընկնում են արժեթղթերի գները: Ֆիլմի հաջողության խաղաքարտն է հանդիսանում նաև նրա փայլուն դերասանական կազմը. Քեվին Սպեյսի, Դեմի Մուր, Ջերեմի Այրոնս, Սայմոն Բեյքեր և այլն: Չնայած ֆիլմի բյուջեն այնքան էլ մեծ չէր (ընդամենը 3,5 միլիոն դոլար), բայց ֆիլմի պրոդյուսեր Զաքարի Կուինտոին հաջողվեց ֆիլմում ներգրավել այս հայտնի աստղաբույլին:
  3. Չափազանց լավն է ձախողվելու համար/ Too Big to Fail (2011)Սորկինի համանուն վավերագրական գրքի հիման վրա նկարահանված Կյորտիս Հենսոնի ֆիլմում նկարագրված են համաշխարհային ճգնաժամից առաջ և հետո ընկած դեպքերը: Թերևս սա այն հոլիվուդյան ֆիլմերից մեկն է, որտեղ ներկայացված են և՛ բանկիրների, և՛ իշխանության ներկայացուցիչների անդրկուլիսային համագործակցությունը: Մանսավորապես, ֆիլմի սյուժեն կենտրոնացած է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Պոլսոնի շուրջ, ով կանխատեսելով գալիք տնտեսական աղետը, փորձում էր իր խորհրդականների օգնությամբ մեղմացնել ճգնաժամի սարսափելի հետևանքները:  Ֆիլմում անդրադառնում են Lehman Brothers բանկին, որի սնանկացումից էլ սկսվում է ամերիկյան ֆինանսական շուկայի անկումը, ինչպես նաև «Պոլսոնի ծրագրին» և 2008 թ. ընդունված «Տնտեսության կարգավորման ակտ»-ին:
  4. Իջեցման խաղ/ The big short (2015)2015 թ. լույս տեսած այս ֆիլմը հոլիվուդյան ֆիլմարտադրության վերջին թարմ աշխատանքներից է, որն անդրադառնում է ֆինանսական ճգնաժամին: Ֆիլմի հիմքում ընկած է Մայքլ Լուիսի համանուն գիրքը, որտեղ ներկայացված է մի շարք ներդրում կատարողների խարդախ քաղաքականությունը, ովքեր ոչ միայն կարողացել էին կանխատեսել անշարժ գույքի և հիփոթեքային վարկերի ամերիկյան շուկայի մոտակա կոլապսը, այլ նաև, թե ինչպես կարելի է շահել դրա արդյունքում: Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը Scion Capital-ի ղեկավար Մայքլ Բյուրին է (մարմնավորել է  Քրիստիան Բեյլը), ով առաջին է կանխատեսում ֆինանսական այս փուչիկի պայթյունը: Այս ֆիլմը նույնպես առանձնանում է իր հայտնի դերասանական կազմով. Ռայան Գոսլինգ, Բրեդ Փիթ, Սթիվ Քերել և այլն: Ֆիլմը արժանացել է Օսկարի մրցանակի լավագույն ադապտացված սցենար անվանակարգում:
  5. Տոկիո Սոնատ / Tokyo Sonata (2008)Այս անգամ տեղափոխվենք Ճապոնիա: Համաշխարհային ճգնաժամի ճիրաններից չէր կարող դուրս մնալ նաև այս երկիրը: Կիյոսի Կուրասավան իր այս ֆիլմում ներկայացնում է, թե ինչ մեծ արժեք ունի աշխատանքը սովորական ճապոնացու համար, որի կորուստը հավասարազոր է սեփական ես-ի կորստի հետ: Ֆիլմի հերոսը աշխատանքի կորստից հետո դեռ երկար ժամանակ չի կարողանում այդ լուրը հայտնել իր ընտանիքին, իսկ նոր աշխատանք ձեռք բերելը այնքան էլ հեշտ չէ: Ֆիլմ այն մասին, թե ինչպես արտաքին հանգամանքները կարող են ազդել առանձին մարդկանց և ընտանիքների  հետագա հարաբերությունների և նույնիսկ գոյության վրա:
  6. Կապիտալիզմ. Մի սիրո պատմություն/ Capitalism. a love story (2009)Սոցիալական և քաղաքական սատիրայի ժանրում հայտնի ամերիկացի կինոռեժիսոր-դոկումենտալիստ Մայքլ Մուրի այս գործը չէր կարող չհայտնվել այս ցուցակում: Բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև Օսկարի տեր Մուրը առանձնանում է իր էքսցենտրիկ վարքով, քաղաքացիական ակտիվությամբ: Մուրը իր աշխատանքներում քննադատում է գլոբալիզացիան, կապիտալիզմը, նեոլիբերալիզմը: Եվ  հենց նրա կողմից նկարահանվեց Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին լավագույն վավերագրական ֆիլմերից մեկը: Այստեղ նույնպես Մուրը խիստ քննադատության է ենթարկում քաղաքական գործիչներին, ֆինանսիստներին, բիզնեսմեններին, բանկիրներին, որոնց անհեռատես քայլերը հանգեցրին տնտեսական կոլապսի:
  7. Երկնքում/Up in the air (2009)Մեծ Ֆինանսական ցնցումները միշտ էլ ուղեկցվում են գործազրկություններով: Մի շարք գործակալություններ, որպեսզի չզբաղվեն այդ ոչ այնքան հաճելի գործով, վարձակալում են հատուկ մարդկանց: Կադրերին աշխատանքից զրկելու գործով էլ զբաղված է ֆիլմի հերոս Ռայան Բինգեմը, որին մարմնավորում է Ջորջ Քլունին: Քլունիի հերոսը միշտ գործուղումների մեջ է, տեղափոխվում է գործակալությունից գործակալություն և ինչքան երկարաձգվի ճգնաժամը, այնքան լավ կլինի Բինգմենի համար, քանի որ նրա աշխատանքն է ուրիշներին աշխատանքից զրկելը: Բայց, ի վերջո, հերոսը հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ իր կյանքի հետ: Ջեյսոն Ռայտմանի այս տրագիկոմեդիան հիմնված է Ուոլտեր Կյորնի համանուն գրքի հիման վրա և արժանացել է մի շարք մրացանակների՝ ի թիվս «Ոսկե գլոբուսի» լավագույն սցենար անվանակարգում:
  8. Իմ թխվածքի կտորը/ Ma part du gateau (2011)«Իմ թխվածքի կտորը» ֆիլմ է ֆինանսական ճգնաժամի մասին ֆրանսիական շեշտադրմամբ: Խնդիրներն նույն են. փակված ձեռնարկություններ, մասսայական կրճատումներ, գործազրկություն, ֆինանսիստների ագահությունը և ցինիկությունը, բայց այս ամենը մատուցվում է ֆրանսիական «սոուսով»: Գլխավոր հերոսուհուն գործարանի աշխատանքից ազատում են և նա ստիպված է աշխատել մի ֆինասիստի մոտ որպես սպասուհի: Ֆիլմի ընթացքում պարզվում է, որ հենց այդ ֆինանսիստի մեղքով էլ նա գործազուրկ է մնացել: Մնացած զարգացումները ընթանում են ֆրանսիական դասական ֆիլմերի ոգով:
  9. ՈւոլՍթրիթ. Փողը երբեք չի քնում/ Wall Street: Money Never Sleeps (2010)1987 թ. Օլիվեր Սթոունի կողմից նկարահանված «Ուոլ-Սթրիթ» ֆիլմի շնորհիվ Մայքլ Դուգլասը, մարմնավորելով բիրժայի բրոկեր Գորդոն Գեկոյին, ձեռք բերեց իր Օսկարը լավագույն դերասան անվանակարգում: «Ուոլ-Սթրիթ. Փողը երբեք չի քնում» ֆիլմը նորից Գորդոն Գեկոյի մասին է, բայց արդեն 23 տարի անց: Եթե առաջին ֆիլմում Գեկոն անհաջողության մատնվեց, ապա այս ֆիլմում՝ լիակատար հաղթանակի: Ըստ Սթոունի՝ հենց այսպիսի մարդիկ են ժամանակակից աշխարհում հաղթողներ դառնում: Էլ ինչ ֆինանսատնտեսական ճգնաժամ առանց Ուոլ-Սթրիթի, բայց ֆիլմը միայն դրանով չի սահմանափակվում: Այն նաև սիրո, դավաճանության, սերունդների հակամարտության մասին է:
  10. Աշխարհի տիրակալը/ Master of the Universe (2013)

Թոշակի անցած գերմանացի բանկիր, միլիոնատեր Ռայներ Ֆոսը պատմում է իր կյանքի, զգացմունքների, փորձի, կանխատեսումների, ցանկությունների մասին: Վավերագրական այս ֆիլմը ոլորտի մասնագետի արժեքավոր վկայություն է, թե ինչպես էր էվոլյուցիայի ենթարկվում շուկան, բանկերը, կապիտալը, ինչպես էին գերմանացիները անցում կատարում «բիզնեսի վարման ամերիկյան ոճին»: Եվ, ամենակարևորը, որ աշխարհը ղեկավարվում է ոչ թե կառավարությունների և բանակի, այլ բանկիրների կողմից: Բայց Մարկ Բաուդերի ֆիլմը առաջին հերթին հոգնած և հիասթափված մարդու մասին է, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր արժեթղթերին:

Իհարկե, այս ժանրի լավագույն ֆիլմերը այսքանով չեն սահմանափակվում, բայց եթե ցանկը հետաքրքրեց, ապա մենք ձեզ միմիայն բարի դիտում ենք մաղթում:

Լավագույն տասնյակը կազմեց՝ Արմենուհի Գևորգյանը

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *