«Արև»․ ինչպես Պարիս Հերունին ստեղծեց նախագիծ, որով ամբողջ Հայաստանն ապահովվելու էր էլեկտրաէներգիայով՝ հրաժարվելով Մեծամորի էլեկտրակայանից

Պարիս Միսակի Հերունի (1933 դեկտեմբերի 17, Երևան, Հայկական ԽՍՀ – 2008 դեկտեմբերի 5, Երևան, Հայաստան), հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։

Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը (1957 թ․), տեխնիկական գիտությունների թեկնածու (1965 թ․), դոցենտ (1968 թ․), տեխնիկական գիտությունների դոկտոր (1972 թ․), պրոֆեսոր (1983 թ․), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ․, թղթակից անդամ՝ 1982 թ․)։ Եղել է աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն։

1971 թ. հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը։

Այս բազում ձեռքբերումներից կցանկանանք անդրադառնալ Պարիս Հերունու կողմից արևային էներգիայի օգտագործման, դրա մեխանիզմի մշակմանը:

1990-ական թվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ 1991 թ․ նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով, միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։ Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Հունաստանը և այլ երկրներ, սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել Հայաստանում։

 

Ըստ նախագծային հաշվարկների, 1.5 ՄՎտ հզորության 100 արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը Հայաստանում հնարավորություն կտար ոչ միայն էլեկտրաէներգիայով ապահովել ողջ Հայաստանը, այլև հրաժարվել Մեծամորի ատոմակայանից։ Նաև, արևային ջերմաէլեկտրակայանների արտադրության և արտահանման շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան կհարստանար 100 միլիոն ԱՄՆ դոլարով։

Ներկայումս «Արև» նախագիծը, որը Պարիս Հերունու մահից հետո ժառանգել են կինն ու որդին, Հայաստանում մոռացության է մատնված, սակայն այլ պետությունների կողմից դեռևս հետաքրքրություն կա և հնարավոր է վաճառվի օտարերկրացի գործարարներին։

Հերունին նաև արևային ափսեի գյուտի հեղինակ է, որը կենտրոնացնում է արևի շողերը նույն կետում եւ ապահովում մինչեւ 700 աստիճան տաքություն:

Այսօր՝ 21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհը նոր նոր միայն բացահայտել և կիրառում է արևային էներգիան, պարզվում է, որ մերոնք այդ գիտությանը տիրապետել են բավականին վաղուց:

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *