Դանիել Վարուժանի ընտանիքի ճակատագիրը հոր ողբերգական սպանությունից հետո․ նրա 3-րդ որդին ծնվեց հենց իր մահվան օրը

Աղբյուրների մեծ մասում նշվում է, որ Դանիել Վարուժանի երրորդ զավակը՝ Հայկը (Հայկակ), ծնվել է Կ. Պոլսում հոր սպանության օրը՝ 1915 թ. օգոստոսի 26-ին։

Մայրը՝ Արաքսին, մեծ դժվարությամբ մեծացնում էր երեխաներին։ Մի քանի ամիս Սեբաստիայից մետաղյա փակ տուփերով մթերք էին ուղարկում Արաքսիի ծնողները, սակայն շուտով նրանք ևս զոհ են դառնում կոտորածներին։

 

Ինքը՝ Հայկը, մեծ տարիքում ասում էր, որ բնավ չի հիշում Պոլիսը։ Քույրը՝ Վերոնը, հիշում էր, որ փոքր եղբայրը շեկ մազերով անուշիկ երեխա էր, որին շատ էին սիրում Վարուժանի պոլսեցի աշակերտները և դրացիները։

 

1918 թ. Արաքսին ամուսնանում է Ժիրայր Աբիկյանի հետ։ 1919 թ. երեք երեխաներին ուղարկում են Շվեյցարիա։ Վերոնիկան սովորում է Ժնևի մի դպրոցում, իսկ Արմենը (Վարուժանի բնորոշմամբ՝ «գահաժառանգը») և չորսամյա Հայկը բարերարների օգնությամբ տեղափոխվում են Վո կանտոնի Բեգնինս գյուղում գտնվող մանկատուն (մի քանի տարի հետո Արմենը նույնպես տեղափոխվում է Ժնև՝ սովորելով նշանավոր Կալվին քոլեջում)։

 

Բեգնինսի որբանոցում ապաստան էին գտել Եղեռնից փրկված և որբացած մոտ 200 հայ երեխաներ։ Հասուն տարիքում Հայկը ջերմությամբ էր հիշում իրենց ապաստանը և որբանոցի տնօրեն, շվեյցարացի միսիոներ Անտոնի Կրաֆտ Բոննարին։ Նա այնտեղ կարդում էր Աստվածաշունչ, ուներ լավ ձայն և երգում էր երգչախմբում, շատ էր սիրում որբանոցին կից ագարակը և հատկապես նոր ծնված հորթերին։ Ամեն կիրակի քույրը այցելության էր գնում եղբորը (Ժնևից Բեգնինս մեկ ժամվա ճանապարհ է)։

 

Այդ ընթացքում մայրը ամուսնու հետ տեղափոխվել էր Նյու Յորք, որտեղ կարուձև էր անում և ամեն ամիս գումար ուղարկում զավակներին։


1929 թ. Արաքսին և Ժիրայր Աբիկյանը երեխաներին տեղափոխում են իրենց մոտ։ Խորթ հայրը երեխաներին տանում է լավ դպրոց, նրանք սովորում են անգլերեն, որին ընդհանրապես չէին տիրապետում։

Հայկը սովորում է լուսանկարչական փորագրություն։ Նաև երգում էր Նյու Յորքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու երգչախմբում։
1940-ական թթ. սկզբին Հայկ Վարուժանը ամուսնացել է մոր ընկերուհու դստեր՝ նույնպես սեբաստացի Ալիս Կարայանի հետ։ Տեղափոխվել են Ֆրեզնո և այնտեղ ապրել մնացած ամբողջ կյանքը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծառայել է ամերիկյան բանակում։ Տարբեր հաստատություններում աշխատել է որպես լուսանկարչական գործի մասնագետ, իսկ 1958 թվականից մինչև թոշակի անցնելը (1985) եղել է «Fresno Bee» թերթի լուսանկարչային փորագրիչը (ֆոտոգրավյորը):


1984 թվականին Հայկ Վարուժանը տիկին Ալիսի հետ եկել է Երևան և մասնակցել Դանիել Վարուժանի 100-ամյակի հանդիսություններին։ Այցի, հատկապես Վարուժանի անվան դպրոցում կայացած միջոցառման մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Գրիգոր Ջանիկյան-ը «Որդին, որ ուխտի էր եկել հոր արձանին» հոդվածում։

Հայկը Դանիել Վարուժանի ընտանեկան ժառանգությունը կենդանի պահող զավակ է։ Ունեցել է երկու արու զավակ՝ Դանիել (1945) և Վարդան (1948): Երկուսն էլ ծնվել են Ֆրեզնոյում, որտեղ Հայկ և Ալիս Վարուժաններն ունեին գողտրիկ տուն։ Հայկը սիրում էր զբաղվել այգեգործությամբ և ձկնորսությամբ։ Ճաշատեսակները հայկական էին, երեխաները խոսում էին հայերեն, բայց ժամանակի ընթացքում մոռացել են հայերեն գրել-կարդալը և խոսելը։ Ամուսնացել են ամերիկուհիների հետ, որոնք, սակայն, ոչ միայն հպարտությամբ են կրում Վարուժան (Varoujean) ազգանունը, այլև բնական ընթացքով շարունակում են պահպանել ընտանեկան հիշողությունը։

Դանիել Վարուժան Երկրորդը և Լյուսի Վարուժանը բնակվում են Օրեգոնում։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Ջուլյա (1980) և մեկ որդի՝ Դանիել Վարուժան III, որը ծնվել է նախապապի 100-ամյակի տարում՝ 1984 թ.՝ ապրիլի 24-ի նախօրեին։
Վարդան և Leila Varoujean-ները բնակվում են Նորդ Բենդ քաղաքում։ Նրանք նույնպես ունեն մեկ դուստր՝ Սառա (1983) և մեկ որդի՝ Դևիդ (1985):

Հայկ Վարուժանի տղա թոռները՝ Դանիելը և Դևիդը, ամուսնացած չեն, իսկ թոռնուհիներն ունեն իրենց ընտանիքները։
Հայկ Դանիելի Վարուժանը վախճանվել է 87 տարեկանում՝ 2002 թ. հոկտեմբերի 12-ին, Ֆրեզնոյում։ Ալիս Վարուժանը մահացել է 1999 թ.։ Թաղված են Ֆրեզնոյի հայկական գերեզմանատանը։

Հրապարակվող լուսանկարները վերցրել եմ տարբեր գրքերից, պարբերականներից և սոցիալական ցանցերից։ Տեր և տիկին Վարուժանների երևանյան խմբային լուսանկարը (Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի աշխատակիցների հետ) բարեհաճությամբ տրամադրել է տիկին Seyranuhi Geghamyan-ը, որը նույնպես կա կադրում։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *