Լավաշ՝ պարզապես մթերք, թե՞, այնուամենայնիվ մշակութային արժեք

Գրիգոր Տաթևացին հացը մեկնաբանում է այսպես. «Հացը հայցումն թարգմանի, որ է հայց, բնութեան հայց»:

Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում:

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը:

Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ հացը կտրեին խաչաձև: Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը որոնք նրանք կապում էին բարեկամության հետ:

Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ընդամենը ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելուն ասում են հաց ուտել: Եվ, իհարկե, այդտեղից էլ գալիս են բազմաթիվ թևավոր խոսքեր՝ «հացով մարդ», «տանդ հացը չպակասի», «թե ուզում ես ճանաչել մարդուն՝ նրա հետ հաց կեր»: Հացի կարևորությունը երևում է նույնիսկ հայկական էպոսի մեջ, երբ Դավիթը կրկնում է «Հացն ու գինին, Տեր կենդանին» և այդպիսով ուժ ստանում կռվից առաջ:

Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են անգամ 4-րդ և 3-րդ հազարամյակներին թվագրվող ցորենի և գարու հսկայական պաշարներ: Հնագետները պնդում են, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում, դեռ շատ վաղուց մարդիկ սկսել են զբաղվել երկրագործությամբ և ընտելացրել հաճար և կարծր ցորեն: Այստեղից պարզ է դառնում, որ հնում հայերն այս հացահատիկներն աճեցրել են ալյուր ստանալու, իսկ այնուհետև հաց կամ հայկական լավաշ թխելու նպատակով: Հայերը հացահատիկը պահում էին տարբեր տեսակի ամբարներում, շտեմարաններում, կարասներում և հատուկ հացահատիկի համար նախատեսված գետնափոր հորերում:

Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո չէին շտապում այն անմիջապես ալրաղաց տանել: Հնում առաջին բերքը միշտ տարվում էր եկեղեցի և այնտեղ օրհնվում: Միայն դրանից հետո գյուղացին կարող էր իր բերքը հավաքել և տանել ալրաղաց, աղալ և հետագայում հաց թխել: Սակայն բերքը օրհնության տանելիս այն պարզապես փնջած չէին տանում: Օրհնության տանելուց առաջ պատրաստում էին խաչբուռներ: Դրանք պատրաստելու համար հասկերին խաչի, հավերժության կեռխաչի կամ կենաց ծառի տեսք էին տալիս: Կենաց ծառն ինքնին հանդիսանում էր պտղաբերության, կյանքի սկզբի և հարատևության խորհրդանիշ:

Լավաշ բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

Թխման արարողությունը սկսվում է վաղ առավոտից՝ արևածագից: Խմորի կլոր գնդերը գրտնակելուց հետո, խմորը բացում են նաև ձեռքերի վրա: Սա շատ դժվար գործողություն է և միայն հմուտները կարող են այնպես անել, որ խմորը չպատռվի:  Բացելուց հետո, խմորը գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է «ռաֆաթա» կամ «բադադ» և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո լավաշը պատրաստ է:

Լավաշը նաև այն եզակի մթերքներից է, որը չունի պահպանման ժամկետ: Այն չորացնելու դեպքում կարելի է պահել շատ երկար, իսկ թրջելուց հետո կրկին վերականգնվում է սկզբնական համը:

2014 թվականի նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:

Կան բազմաթիվ ավանդազրույցներ և սովորույթներ կապված լավաշի հետ: Դրանցից մի քանիսը կներկայացնենք ստորև:

  • Թոնրից հանած առաջին հացն ուղարկում էին հիվանդին, որպեսզի նա ուտելով ապաքինվեր և նաև ուժ ստանար:
  • Հնում լավաշը պատերազմների ժամանակ հանդիսացել է զինվորների ուղեկիցն ու պաշտպանը: Մայրերն իրենց ձեռքով թխում էին լավաշը, չորացնում այն և դնում զինվորի ուսապարկի մեջ: Իր երկար պահպանության շնորհիվ այն զինվորներին փրկում էր սովից:
  • Ավանդույթը պատմում է. Հնում, երբ ռազմի աստված Վահագնը ռազմի արվեստն էր սովորեցնում հայ ռափայներին (հայոց հսկա կին և տղամարդ), վարժանքից հետո երեկոյան աստղալույսի տակ հավաքվում էին Թոնդրակ լեռնագագաթի հրաբխի կրակի շուրջը, զրուցում էին, հաց թխում ու ուտում: Մի օր էլ Վահագնը Թոնդրակից կրակից մարխեր վերցրեց, տվեց հայոց սկայ-ռափայներին եւ պատվիրեց, որ բաժանեն մարդկանց, թոնդիր շինեն եւ կրակ վառեն, հաց թխեն, կանանց հանձնարարեց, որ կրակը միշտ վառ պահեն: Վահագնը բարձրացավ երկինք եւ մինչեւ օրս էլ երկնքից հսկում է, որ ոչ մեկի տան թոնդրի կրակը չհանգչի:
  • Ավանդազրույցներից մեկն ասում է. «Հացահատիկի Հայոց Աստվածուհի Աշորայի ծամերը ցորենի ոսկե ցողունի հյուսքեր էին: Արորը եղել է աստվածուհու ոտքը, գրտնակը սկզբում եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ Հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ:  Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին  թմփացնելով:  Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել եւ Աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց»:
  • Ըստ հայոց դիացաբանության՝ աստվածների հայր Արամազդը Աստղիկի և  Վահագնի հարսանիքին մի լավաշ է դնում հարսի ուսին : Փեսայի տուն գնալու ճանապարհին  լավաշը ընկնում է Աստղիկի ուսից: Արամազդը  բարկանում է Աստղիկի վրա՝  «Հացը գետնին ձգողը  չի կարող կին ու մայր դառնալ»  անիծելով: Աստղիկը և Վահագնը չեն ամուսնանում: Այդ օրվանից  հայոց ազգային սովորություններից է  նորահարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախն, ուր հարս է գնում: Ինչպես նաև՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու ապահովում նորապսակների հաջողությունը: Նորածիններին «չար աչքից» պահպանելու համար հաց են դնում կրծքին:
  • Խմորի եւ հացի հետ կապված հայերը ունեն ծիսա-հմայական արարողություններ: Հացը դանակով կտրել չէր կարելի, միայն ձեռքով: Հացը կտրել նշանակում է, մարդուն բարեկեցությունից զրկել, մինչև հաց ուտելը ծերերը հացը մոտեցրել են ճակատին: Հացի պաշտամունքի հետ կապված կան օրհնանքներ, անեծքներ, մաղթանքներ, երդումներ: Հացով երդվել են` «Էս հացը վկա», «Էս հացը ինձ կուրացնի», օրհնել են`«Կերածդ հացը հալալ լինի», անիծելիս ասել են` «Տվածս հացը աչքերդ բռնի», «Կերած հացդ հարամ լինի», «Հացը գետին մի գցի, Աստված աչքերդ կհանի», հետաքրքիր է աչքի և  հացի համադրումն ու կապը:
  • Մեկ այլ առասպելի համաձայն ել, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն: Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում: Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին: 11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

 

Մուլտիպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *