4 մարդ, ում ողջ-ողջ թաղել են․ հաջողվե՞լ է նրանց դուրս գալ գերեզմանից

Ժողովրդական մի խոսք կա․ «Մարդու վերջը բարին լինի»։ Այն ինչ կպատմենք ձեզ ստորև այս խոսքը ևս մեկ անգամ ապացուցում է, որովհետև այս մարդկանց վերջը հաստատ «բարի չի եղել»։ 4 մարդ, ում ողջ-ողջ թաղել են․ հաջողվե՞լ է նրանց դուրս գալ գերեզմանից։

1․ Օկտավիա Սմիթ Հեթչեր

1800-ականների վերջին ամերիկյան Քենթաքի նահանգի Պիկեվիլ քաղաքը ցնցվեց անծանոթ մի հիվանդությունից, իսկ դրա հետ կապված ամենասարսափելի պատմությունը կապված է հենց Օկտավիա Սմիթ Հեթչերի հետ։

Այն բանից հետո, երբ նրա մանկահասակ որդին հեռացավ կյանքից 1891 թվականի հունվարին, Օկտավիան խորը դեպրեսսիայի մեջ ընկավ և վեր չէր կենում իր մահճակալից։ Արդյունքում նա ծանր հիվանդացավ ու կոմայի մեջ ընկավ։ Մայիսի երկուսին նրան մահացած ճանաչեցին։

Դիահերձումն այն ժամանակ դեռ չէր գործածվում, ուստի կնոջն արագ թաղեցին տեղի գերեզմանատանը, որովհետև շատ շոգ էր։ Նրա մահվանից մեկ շաբաթ անց Օկտավիայի շատ համաքաղաքացիներ վարակվեցին նույն հիվանդությամբ, որի արդյունքում նրանք կոմայի մեջ էին ընկնում, այն տարբերությամբ, որ որոշ ժամանակ անց նրանք արթնանում էին։

Օկտավիայի ամուսինը սկսեց մտավախություններ ունենալ ու անհանգստանալ, որ կարող է իր կնոջը ողջ-ողջ թաղած լինել։ Ի վերջո, նա կարգադրեց մարմնի արտաշիրմում անել, և պարզվեց, որ վատագույն մտավախությունները համապատասխանում էին իրականությանը։

Դագաղի կափարիչ տախտակները ներսի կողմից ճանկռոտված էին, կնոջ եղունգները՝ կոտրված ու արյունոտված, իսկ դեմքին մեկընդմիշտ սառել էր սարսափի հավերժական կնիքը։ Օկտավիան մահացել էր ողջ-ողջ թաղվելուց հետո։

Նրան կրկին հուղարկավորեցին, իսկ նրա ամուսինը կնոջ գերեզմանի վրա վսեմաշուք հուշարձան տեղադրել տվեց, որը կանգուն է առ այսօր։ Հետագայում ենթադրվեց, որ առեղծվածային այդ հիվանդության հարուցիչը ցեցե ճանճն է։ Այս միջատը հանդիսանում է քնկոտ հիվանդության հիմնական տարածողը։

2․ Մինա Էլ Հոուարի

Երբ մարդը գնում է առաջին ժամադրության, ապա նա միշտ մտածում է, թե ինչ ավարտ կունենա այն։ Շատերը բախվում են ժամադրության անսպասելի ավարտի, բայց դժվար թե գտնվի մեկը, ով ակնկալում է, որ իրեն կհուղարկավորեն ողջ-ողջ՝ դեսերտից հետո։

Նման մի սարսափազդու դեպք գրանցվեց 2014 թվականին, երբ 25-ամյա ֆրանսուհի Մինա Էլ Հոուարին մեկնեց Մարոկկո՝ հանդիպելու իր պոտենցիալ ապագա ամուսնու հետ, ում հետ ամիսներ շարունակ ինտերնետային նամակագրություն էր վարում։

Մայիսի 19-ին նա բնակություն հաստատեց Ֆես քաղաքի հյուրանոցում ու արդեն պատրաստվում էր ժամադրության դուրս գալ, բայց դա այդպես էլ չեղավ։ Մինան ծանոթացավ մի տղամարդու հետ, ում հետ հրաշալի երեկո անցկացրեց, իսկ երեկոյի վերջում նա անսպասելիորեն անշնչացած ընկավ գետնին։ Փոխանակ ոստիկանություն ու շտապ օգնություն զանգահարեր՝ տղամարդը որոշեց ինքնուրույն գործել ու իր այգում թաղեց Մինային՝ մտածելով, որ նա մահացել է։

Ու սա կլիներ անսովոր, բայց ոչ բացառիկ պատմություն, եթե Մինան իրոք մահացած լիներ։ Բանը նրանում է, որ Մինան շաքարախտ ուներ, ու ինչպես դա հաճախ է լինում այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ, նա շաքարախտային կոմայի մեջ էր ընկել, ինչից հետո նրան թաղել էին։ Մի քանի օր անցավ, մինչև աղջկա հարազատները հաղորդեցին նրա անհետանալու մասին ու ուղևորվեցին Մարոկկո՝ փորձելով գտնել նրան։

Մարոկկոյի ոստիկանությունը կարողացավ հայտնաբերել Մինային թաղած տղամարդուն, ու նա խոստովանեց ամեն ինչ։ Տղամարդուն մեղադրեցին սպանության մեջ։

3․ Միսսիս Բոգեր

1893 թվականին ֆերմեր Չարլզ Բոգերն ապրում էր Փենսիլվանիա նահանգի Ուայթհեվեն քաղաքում իր տիկնոջ հետ, բայց մի օր նրա կինն անսպասելիորեն մահացավ։ Բժիշկները ևս արձանագրեցին կնոջ մահն ու նրան հուղարկավորեցին։

Սա պետք է լիներ պատմության ավարտը, բայց կնոջ մահվանից որոշ ժամանակ անց Չարլզի ընկերներից մեկը պատմեց նրան, որ իր կինը հիստերիայի նոպաներ էր ունենում ու հնարավոր է, որ չէր մահացել։ Կնոջը ողջ-ողջ թաղելու գաղափարն այն աստիճան էր անհանգստացնում Չարլզին, որ շուտով նա ինքը հիստերիայի մեջ ընկավ։

Տղամարդը չէր կարողանում ապրել այդ մտքով ու որոշ ժամանակ անց իր ընկերների հետ կազմակերպեց կնոջ մարմնի արտաշիրմումը, որպեսզի այս մտատանջությունից մեկընդմիշտ ազատվի։ Այն, ինչ նրանք հայտնաբերեցին, ցնցեց նրան մինչև հոգու խորքը։

Միսսիս Բոգերի մարմինը շրջված էր, նրա շորերը բզկտված էին, իսկ դագաղի ապակե կոտրված կափարիչի բեկորներն ընկել էին կնոջ մարմնի վրա։ Կնոջ մարմինը բազմաթիվ վերքեր ուներ ու արյունոտված էր, իսկ մատներն առհասարակ բացակայում էին։ Ենթադրվում էր, որ կինն ինքն էր կերել իր մատները՝ դագաղից դուրս գալու ապարդյուն փորձերից հիստերիայի մեջ ընկնելով։ Հայտնի չէ, թե ինչ եղավ միսսիս Բոգերի մարմնի ու նրա ամուսնու հետ այս սարսափելի հայտնագործությունից հետո։

4․ Անժելո Հեյս

Ողջ-ողջ թաղվելու մասին ամենասարսափելի պատմություններից որոշներն այդքան էլ սարսափելի չեն, քանի որ այդ դեպքերում զոհերին հաջողվում էր փրկվել։

Այդպիսի մի դեպքերից մեկն էլ պատահեց 1937 թվականին Անջելո Հեյսի հետ, ով 19-ամյա հասարակ մի պատանի էր Ֆրանսիայի Սանտ-Կվենտին դե Շալե քաղաքից։

Մի անգամ Անջելոն ինչ-որ տեղ էր գնում իր մոտոցիկլետով, երբ կորցրեց դրա կառավարումն ու մխրճվեց քարե պատի մեջ։ Առանց երկար-բարակ մտածելու՝ պատանուն մահացած ճանաչեցին ու հուղարկավորեցին միջադեպից 3 օր անց։ Սակայն պարզվեց, որ նրա հայրը որդու կյանքն ապահովագրել էր 200000 ֆրանկով, ու ապահովագրական ընկերությունում սկսեցին խաբեություն կասկածել և մարդ ուղարկեցին դեպքի վայր։

Ապահովագրական ընկերության տեսուչը պահանջեց արտաշիրմում իրականացնել հուղարկավորումից երկու օր անց, որպեսզի հաստատեն մահվան պատճառը, բայց անսպասելիորեն բախվեցին լրիվ անսպասելի բանի. տղան ողջ էր։

Երբ բժիշկը սկսեց հանել տղայի շորերը, նկատեց, որ մարմինը դեռ տաք է, իսկ սիրտը թույլ բաբախում է։ Նրան միանգամից տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ Անջելոյին մի քանի բարդ վիրահատությունների ենթարկեցին, իսկ հետո ընդհանուր ռեաբիլիտացիայի ծավալուն կուրս կազմակերպեցին, որից հետո տղան վերջնականապես ոտքի կանգնեց։

Այդ ողջ ընթացքում նա անգիտակից վիճակում էր, քանի որ գլխուղեղի լուրջ տրավմա էր ստացել։ Ոտքի կանգնելուց հետո տղան սկսեց դագաղներ արտադրել, որոնցից հնարավոր էր դուրս գալ, եթե վաղաժամ են թաղել։ Նա շրջագայում էր Ֆրանսիայով իր գյուտով ու այդպես բավականին հայտնի դարձավ։

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *