Չեխիայի մայրաքաղաք Պրահան՝ զբոսաշրջային մագնիս․ ինչի՞ շնորհիվ է յուրահատուկ դառնում այս քաղաքը

Գաղտնիք չէ, որ Պրահան Եվրոպայի ամենաշատ այցելվող մայրաքաղաքներից մեկն է․ զբոսաշրջիկների բավականին խիտ խմբերը քաղաքի տարբեր մասերում, ամեն կողմից պարբերաբար լսվող «excuse me»-ների անհավանական քանակը, ու, իհարկե, չեխական բարիքների (սրանց մասին ավելի մանրամասն՝ ներքևում) համար անզիջում հերթերը փաստում են, որ Պրահայում շունը տիրոջը հաճախ չի ճանաչում, կամ փոքր-ինչ նրբանկատ ձևով՝ Պրահայում ասեղ գցելու տեղ չկա։

Դե, հիմա արդեն այն մասին, թե ինչն է յուրահատուկ հմայք հաղորդում այս քաղաքին՝ վերջինիս դարձնելով աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկներին դեպի իրեն ձգող մագնիս։ Պրահան, իսկապես, հանդիպածս ամենամարդաշատ քաղաքներից է. նման դեպքերում, որպես կանոն, նախընտրում եմ առավոտյան շատ վաղ արթնանալ ու բացահայտել քաղաքը, որն օրվա այդ հատվածում համեմատաբար հանգիստ է։ Մանավանդ եթե մտադրված ես լուսանկարներ անելու, ապա արևածագից հետո գործի անցնելը, վստահաբար, պատշաճ ժամանակահատված է։ Պրահայի պարագայում այս հնարքն իրականություն չդարձավ մի պարզ պատճառով․ չկարողացա շուտ արթնանալ։ Քնկոտությունն այնուամենայնիվ, չի խանգարում անցնել պլան Բ-ին։

Պրահայի փողոցներում քայլելիս ուշիուշով զգալու եք ընկալիչները շոյող ու աննկարագրելի ախորժելի մի հոտ։ Սա նշանակում է, որ մոտենում եք Տրդելնիկի (Trdelník) կետի։ Հենց տեղում պատրաստվող այս աղանդերը, որի ծագման մասին դեռևս վեճեր կան, չափազանց տարածված է Պրահայում, նույնիսկ այն աստիճան, որ անկախ ամեն ինչից՝ ինձ իրավունք եմ վերապահում այն անվանել հենց չեխական։ Կարճ ասած, Տրդելնիկի՝ քաղաքում տարածված բույրը ձեզ կուղղորդի դեպի իրեն, իսկ միջուկի ընտրությունն ու համապատասխան 2-4 եվրոն՝ արդեն ձեզնից։

Պրահայում հիանալու շատ բան կա՝ սկսած գոթական ոճով ճարտարապետությունից մինչև սթրիթ-արտ ու պոստմոդեռնիստական արվեստի նմուշներ։ Մասնավորապես առանձնակի տպավորիչ են Կաֆկայի՝ պտտվող սկավառակներից կազմված գլուխ-հուշարձանը, Ֆրոյդի՝ շենքի տանիքից կախված արձանը։
Հատկապես influencer-զբոսաշրջիկներին գրավում է հայտնի Պարող շենքը (Tančící dům), որն ինձ առանձնապես չտպավորեց։

Պրահա այցելելու գլխավոր պատճառներից մեկը չեխական գարեջուրն է։ Լինել Չեխիայում ու չխմել գարեջուր հավասարազոր է Պիզայում գտնվելով՝ աշտարակն իբր բռնած Չլուսանկարվելուն, այսինքն՝ քիչ հավանական ու անտրամաբանական է։ Գարեջրասերների համար Պրահան դառնում է դրախտ, որի չորս գետերում էլ ջրի փոխարեն գարեջուր է հոսում՝ բացից մուգ, թույլից ավելի թունդ։ Հետևաբար՝ ընկնել դրախտ ու չօգտվել վերջինիս բարիքներից, մեղմ ասած, չի խրախուսվում։

Այսքանից հետո մասամբ պարզ է, թե ինչպես է այս քաղաքը ամեն տարի գրավում միլիոնավոր զբոսաշրջիկների։ Ավելին բացահայտելու և փորձելու համար դժբախտներիս պարագայում պետք է ուղղակի սպասել, թե երբ ԵՄ-ն ի վերջո կբացի սահմանները Հայաստանի հետ։

 

Ճամփորդապատեց՝  Համլետ Սիմոնյանը

 

 

 

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *