Գազով լցված ուրախություններ․ ե՞րբ, ո՞վ և ինչպե՞ս առաջին անգամ ստեղծեց փուչիկները

Չկա ոչ ոք, ով ծանոթ չէ փուչիկներին: Մարդկության լավագույն գյուտերից, որն առաջացնում է միայն դրական հույզեր: Բայց ո՞վ է հորինել փուչիկները: Ե՞րբ են նրանք հայտնվել, ինչպե՞ս և ինչից են դրանք պատրաստված, բացահայտում ենք միասին:

12-րդ դարի թագավորական ձեռագրերում հիշատակվում են առաջին փուչիկները: Դրանք պատրաստված էին կետի մաշկից՝ լցված մեթանով, ճահճային գազով, և օգտագործվում էին բեռներ տեղափոխելու համար: Ճշմարտություն է սա, թե՝ ոչ չենք կարող ասել, բայց փաստն այն է, որ վերը նշված հիշատակությունը արտացոլված է հուշագրերում:

Սակայն իրական փուչիկների հեղինակը անգլիացի գիտնական Մայքլ Ֆարադեյն է (1791-1867), ով հայտնի է էլեկտրականության ոլորտում իր աշխատանքներով։ Նա հայտնաբերեց էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքը, ստեղծեց տեսողական սարք, մեխանիկական էներգիան էլեկտրական էներգիայի վերածելու Ֆարադեյի սկավառակ: Բայց 1824թ. նա արեց հայտնագործություն, որը մինչ այսօր ժպիտ է պարգևում: Մայքլ Ֆարադեյը հորինեց փչովի ռետինե գնդակը: Նա անցկացրեց բազմաթիվ փորձեր, ուսումնասիրեց նյութի հատկությունները, որն էլ որոշ ժամանակ անց դարձավ եվրոպայի գրեթե բոլոր միջոցառումների անբաժան մասնիկը:

Նա այն պատրաստեց ռետինե երկու շերտերից, որի եզրերը սեղմված էին միմյանց: Գիտնականը ուսումնասիրել է ռետինի առաձգական հատկությունները և այս նյութից կառուցել է երկու «լավաշներ»: Որպեսզի «լավաշները» չփչանաին, Ֆարադեյը ալյուրով վերամշակեց դրանք ներսի կողմից: Այնուհետ ձեռքով սոսնձեց դրանց հում, կպչուն ծայրերը: Արդյունքը պայուսակի նման մի բան էր ստացվել, որը պետք է օգտագործվեր ջրածնի փորձերի համար:

Հաջորդ տարի անգլիացի մեկ այլ գյուտարար՝ Թոմաս Հանկոկը վաճառեց հավաքածու՝ փչովի գնդակները տանը պատրաստելու համար, ինչն էլ նպաստեց 1847թ․-ին Անգլիայում կաուչուկի ավելի ուժեղ և ճկուն տարբերակները արտադրելուն:

Այսպիսով, ջրածնի համար գիտական ​​«պայուսակը» վերածվեց հանրաճանաչ զվարճանքի միջոցի: Ռետինե գնդիկները լայնորեն օգտագործվում էին Եվրոպայում քաղաքային արձակուրդների ընթացքում: Գազով լցված լինելու շնորհիվ դրանք բարձրանում էին օդ, ինչն էլ ապահովեց հանրության մոտ այդքան մեծ հետաքրքրությունը:

1931-ին Նիլ Թայիլոթսոնը թողարկեց առաջին ժամանակակից լատեքսային փուչիկը: Դրանից առաջ դրանք կարող էին լինել միայն կլոր, իսկ լատեքսի շորհիվ՝ առաջին անգամ հնարավոր եղավ տարբեր երկարությամբ և ծավալով ստեղծել:

Տարիների ընթացքում փուչիկների արդիականությունը ընկավ, մարդիկ դադարեցին զարմանալ դրանցով, քանի որ 20-րդ դարը տեխնոլոգիական առաջընթացի ժամանակաշրջան էր: Բայց գյուտարարները կանգ չառան՝ շարունակելով ուսումնասիրել փուչիկների հատկությունները՝ դրանք ավելի ու ավելի բարելավելով:

Ներկայիս փուչիկները բազմագույն են, ունեն տարբեր ձևեր, իսկ պատրաստվում են դրանք ինչպես լատեքսից, այնպես էլ նրբաթիթեղից:

Իսկ ու՞ր են թռչում օդով լի փուչիկները: Այս հարցը կարող է ունենալ բազում պատասխաններ: Օրինակ՝ երեխաներին պատասխանելու համար կարող եք նշել կախարդական, հրաշքներով լի աշխարհի մասին, կամ տիեզերք: Սա երեխային կհետաքրքրի և կօգնի շատ չհիասթափվել, եթե հանկարծ ցանկալի ուրախության կտորը կորչում է ձեռքից և անհետանում ​​երկնքում: Իրականում, երբ գազով լի փուչիկը բարձրանում է դեպի երկինք, այն պայթում է ճնշումից և մնացորդները հայտնվում են գետնին: Լատեքսը բրազիլական հեվեայից ստացվող նյութ է: Այսինքն՝ դա բնական նյութ է: Հետևաբար, նույնիսկ եթե փուչիկը պայթել է ճնշման տակ և ընկել ջրի մեջ, անտառում կամ քաղաքի մեջտեղում, դա չի վնասի շրջակա միջավայրին:

Իսկ մեզ մնում է շնորհակալություն հայտնել վերը նշված հանճարներին այս փոքրիկ, սակայն անսահման մեծ երջանկություն պարգևող հրաշքի համար:

 

Մուլտիպատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *