Արագած լեռան գաղտնիքներն ու առասպելները

Արագած լեռան մասին գիտեն, կամ գոնե լսել են բոլորը: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:

Մի քանի հետաքրքիր փաստեր Արագած լեռան մասին:

  • Լեռան լանջերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Քասաղ, Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլ գետակներ: Կան տուֆի, պեմզայի, պեռլիտի պաշարներ:
  • Արագածի սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի միջև գոյացել են գեղատեսիլ լճեր` Քարի, Ամբերդի, Հորթախեղդ, Ումրոյ, Լեսինգ և այլն:
  • Արագածի լանջերին պահպանվել են ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող կոթողներ, միջնադարյան ճարտարապետության ուշագրավ կառույցներ (Ամբերդ, Բյուրական և այլն):
  • Իրենց ստեղծագործություններում Արագածը գովերգել են հայ պատմիչները, նկարիչները, բանաստեղծները, երաժիշտները (Ղ. Ալիշան, Կոմիտաս, Հ. Թումանյան, Ե. Չարենց, Մ. Սարյան, Ավ. Իսահակյան և այլն):

Արագած լեռան հետ կապված կան բազմաթիվ ավանդազրույցներ, բանաստեղծություններ ձոնված այս լեռանը: ծանոթանանք դրանցից մի քանիսին:

  • Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:
  • Պատմում են նաև, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն էր:
  • Ժամանակին Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են․ մեկն ասում է՝ «ես եմ լավը և քեզանից էլ բարձր», մյուսը թե՝ «ես քեզանից և լավն եմ, և ավելի մեծ ու բարձր»։ Այդ միջոցին վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին, բայց չի կարողանում։ Նա թողնում հեռանում է և անիծում է։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:
  • Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր հայոց վայելչակազմ արքային՝ Արային: Հայերի արքան որքան գեղեղիկ էր արտաքինով, նույնքան էլ առաքինի էր և օժտված էր բարոյական մաքրությամբ: Նա գերադասեց չդավաճանել իր կնոջը՝ Նուարդին, և մերժեց Շամիրամի սերը: Արայից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արային և պատերազմ սկսեց նրա դեմ: Հրամայելով իր զինվորներին՝ կենդանի գերի վերցնեն Արային: Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում: Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան: Բանն այն է, որ արքայի՝ սոսու փայտից պատրաստված ու ադամանդներով, սուտակով ու շափյուղայով զարդարված գահը հարկավոր էր թշնամու աչքից հեռու պահել: Թե որտեղ պիտի պահեին, չգիտեին: Մտմտացին, խորհեցին և որոշեցին գահը տանել հեռու՝ Մասիսի դիմաց գտնվող քառագագաթ լեռան բարձունքները: Իմանալով այդ մասին՝ Շամիրամի զորականները, կորցրած քուն ու դադար, ոտնատակ տվին լեռան խոտերով ու ծաղիկներով պատված լանջերը, սակայն գահը գտնել չկարողացան: Ժամանակներ անցան, բայց հայերը չմոռացան ոչ Արային, ոչ ել նրա գահը: Նայելով լեռանը՝ մրմնջում էին՝ Արայի գահ, Արայի գահ, Արագահ: Այստեղից էլ առաջացավ լեռան Արագած անունը:
  • Ժողովուրդական մի հիասքանչ ավանդազրույց էլ է պատմում , որ մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերն սկսում են մարել, լեռան վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղանման մի երկար ցոլք է կախվում՝ հայոց հույսի, հայ մարդու երազանքների խորհրդանիշը, ինչի մասին շատ պատկերավոր գրել է Հովհաննես Թումանյանն իր «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ:

2016 թվականի սեպտեմբերի 17-ին «Սուրբ Գրիգոր Նարեկացի»  մշակութային հասարակական կազմակերպությունը Նարեկը երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) տեղադրել է Արագած լեռան հարավային գագաթին՝ Քարի լճի հատվածում։ Տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ Նարեկի խոսքը կարդում և հնչեցնում են Արագած լեռան բարձունքից:

 

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *