Ինչպես Շառլ Ազնավուրը և նրա ընտանիքը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկեցին տասնյակ հրեաների հոլոքոստից․ պատմություն, որ քչերին է հայտնի

Այսօր հայ Մեծ Շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924թ. մայիսի 22-ին: Ազնավուրի մասին գիտեն գրեթե բոլորը, բայց քչերին է հայտնի, որ դեռևս II համաշխարհային պատերազմի ժամանակ նա և իր ընտանիքը նացիստական Գերմանիայի կողմից հրեաների հանդեպ իրականացված ցեղասպանության ժամանակ, ամեն կերպ աջակցել և օթևան են տվել նրանց:

Ազնավուրները Ֆրանսիա են ժամանել 1922թ.՝ Թալեաթ փաշայի և նրա համախոհների՝  հայերի հանդեպ 1915թ. իրականացված ցեղասպանության և հետագայում շարունակվող բռնաճնշումների հետևանքով: Եվ հենց այս ողբերգական իրադարձությունն էր, որ Ազնավուրի ընտանիքին թույլ չտվեց աչք փակել այդ իրադարձությունների վրա:

«Մենք միասին մեծացել ենք Մարայի փարիզյան թաղամասում, նրանք մեր հարևաններն ու ընկերներն էին»: Երբ պատերազմը սկսվեց, Ազնավուրի փոքր երեք սենյականոց բնակարանը ապաստան դարձավ նացիստների կողմից հետապնդվող հրեաների համար:

Նրանցից առաջինը, ով ապաստան գտավ Ազնավուրների ընտանիքում,  ռումինացի հրեա էր, որը մեղադրվում էր դիվերսիա կատարելու մեջ: Նա փախել էր Ֆրանսիա՝ ներկայանալով որպես գերմանացի զինվոր, սակայն բացահայտվել էր և ստիպված էր թաքնվել: Տեղեկանալով այս մասին՝ ընտանիքը որոշեց թաքցնել նրան: Աիդան՝ Ազնավուրի քույրը, պատմում էր. «Չնայած պարզ էր, որ եթե նացիստները գտնեին այդ տղամարդուն մեր տան մեջ, նրանք կսպանեին մեզ, բայց դա չէր խանգարում ծնողներիս: Մենք ասում էինք, որ մեր տունը նրա տունն է, և մենք նրան վերաբերվում էինք ինչպես հին ընկերոջ, որ որոշ ժամանակ մնաց մեզ հետ: Մի քանի օր նա նույնիսկ քնում էր Շառլի մահճակալին»:

Ազնավուրների ծանոթներից մեկը հետագայում խնդրեց, որ նրանք թաքցնեն իր հրեա ամուսնուն՝ Սիմոն անունով, որը փախել էր Դրանիսի համակենտրոնացման ճամբարից: Այնուհետև ընտանիքը պատսպարեց մեկ այլ հրեայի: «Մենք հասկացանք, որ հրեաները դաժան հետապնդումների զոհ են դարձել, և մենք՝ հայ փախստականներ լինելով, գիտեինք, թե ինչ է ցեղասպանությունը», – ընդգծում է Աիդան իր գրքում:

Տասնամյակներ շարունակ Ազնավուրը չի բարձրաձայնել իր ընտանիքի պատմության այս էջի մասին, միայն 2016թ.-ին  նա իր հիշողությունները կիսեց իսրայելցի պրոֆեսոր Յաիր Օրոնի հետ, քանի որ պետք է լույս տեսներ նրա ընտանիքի մասին պատմող եբրայերեն գիրքը, որը պետք է թարգմանվեր անգլերեն, ֆրանսերեն և հայերեն: 2017 թ. Շառլ Ազնավուրին Երուսաղեմում շնորհվեց Ռաուլ Վալլենբերգի մեդալ ՝ Հոլոքոստի ժամանակ հրեաների փրկության համար:

Ոմանք նրան հրեա են համարում, ինչը ներելի է: Ֆիլմերում Ազնավուրը շատ հրեական կերպարներ է խաղացել, «Aidishe mame» երգը դարձավ նրա հիթերից մեկը, իսկ 2011-ի կոմպոզիցիան `Jaiai Connu, գրվել է հրեա բանտարկյալի անունից:

 

 

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *