Ո՞վ էր իրական Կվազիմոդոն, ումից ոգեշնչվեց Վիկտոր Հյուգոն կերպարը ստեղծելիս․ պարզվում է՝ նա էլի սապատավոր էր, սակայն չէր փայլում բարությամբ

«Փարիզի Աստվածամոր տաճարի» էջերում աչքի է ընկնում է հատկապես մի կերպար, որի հանդեպ անհնար է անտարբեր անցնել։ Այո՛, խոսքը Կվազիմոդոյի մասին է՝ սապատավոր երիտասարդ, ով ապրում էր տաճարում՝ կարծես դառնալով տաճարի պահապանը։ Պարզվում է՝ Կվազիմոդոն հորինված կերպար չէր և նա իրականում էլ կար ու ապրում էր․ ումի՞ց էր ոգեշնչվել Հյուգոն իր վեպը գրելիս։

Գեղեցկուհի Էսմերալդան, ով հասարակ գնչուհի էր, գրավում էր ազնվական ու գեղեցիկ տղամարդկանց սրտերը, սակայն այդ տղամարդիկ միայն խաղում էին նրա հետ՝ վերջիվերջո դավաճանելով աղջկան ու նրա մահը ցանկանալով: Եվ միայն տգեղ սապատավորը, ում անունն էր Կվազիմոդո, իսկապես սիրեց Էսմերալդային մինչև կյանքի վերջ, և չկարողանալով փրկել աղջկան՝ նրա հետ միասին պառկեց գերեզմանում: Կվազիմոդոն կարծես անպատասխան սիրո մարմնացում դարձավ ու մինչև օրս մնաց գրքի էջերում ապացուցելու, որ արտաքինը հաճախ խաբուսիկ է ու կարևոր է հոգին։

Վիկտոր Հյուգոյի վեպում Կվազիմոդոն տաճարի  ժամկոչն էր, և զանգի ղողանջներից էլ կորցրել էր լսողությունը, իսկ իրականու՞մ․․․․

Լոնդոնյան թանգարանում աշխատում էր հետաքրքրասեր Էդրիան Գլյուն: Նա ուսումնասիրում էր հայտնի քանդակագործի կենսագրությունը, որը բաղկացած էր յոթ հատորից, և հենց դրա մեջ էլ հիշատակում գտավ Տրայան անունով ուրախ քարտաշի մասին: Տրայանն ուներ վարպետ-առաջնորդ՝ գարշելի ու չշփվող սապատավոր մեկը:

Պատմաբանները վստահեցնում են, որ Հյուգոն այդ ժամանակներում հետաքրքրվել է տաճարի վերականգնմամբ, և կարող էր ճանաչել և՛ Տրայանին, և՛ նրա տգեղ առաջնորդին: Վիկտոր Հյուգոն հանճար էր և կարող էր Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբերյալ ռոմանտիկ ու ողբերգական պատմություն հորինել: Շնորհիվ այս ստեղծագործության՝ տաճարը համաշխարհային ճանաչում ստացավ և դարձավ տեսարժան վայր:

Սակայն Կվազիմոդոյի նախատիպը, ում աշխատողներն անվանում էին «Մսյո Սապատավոր», այնքան էլ «հուզիչ» կերպար չէր: Եվ նա ժամկոչ չէր, այլ քարտաշ՝ ոչ թե սովորական, այլ վարպետ: Նա աշխատողների հետ չափազանց քիչ էր հաղորդակցվում: Այդ իսկ պատճառով այն, ինչ իրականում կատարվել է նրա կյանքում, թե որտեղ է ապրել և թաղվել, պատմաբաններին, ցավոք, անհայտ է:

Հյուգոն կարծես լրացրեց իրական սապատավորի կյանքի բացը՝ նրան նոր կյանքի հնարավորություն ընձեռելով ու նրան օգնելով, որ գոնե գրքում բարի լինի ու ապրի ավելի արժանապատիվ կյանք։

Այսպիսին է գրողի գրիչը՝ մեկ զարկով հերոսին կարող է հակահերոս դարձնել, իսկ հակահերոսին՝ սիրելի հերոս, ում տեսքն անգամ չի խանգարում, որ կոչես նրան «գեղեցիկ»։

 

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *