Ինչու՞ էին միջնադարում մարդիկ սարսափում լոգանքից և լողանալուց

Միջնադարը երբեք էլ չի փայլել իր մաքրասիրության կանոններով, սակայն դրանք երբեմն գերազանցել են ժամանակակից մարդու բոլոր սպասումները։ Պարզվում է՝ միջնադարում վախենում էին տաք լոգանք ընդունելուց, ու ահա թե որն էր դրա պատճառը։

 

Միջնադարում «մաքրասիրության» կանոնները, մեղմ ասած, տարբերվում էին մերօրյա բոլոր ընդունված նորմերից։ Այս ժամանակներում վստահ էին, որ տաք լոգանքը ոչ թե կարող է հանգստացնել մարդուն, մաքրել նրան ու հանել լարվածությունը, այլ պարզապես կարող է փչացնել նրա անխափան առողջությունը։ Այդ ինչպե՞ս։

Միջնադարի մարդիկ հավատում էին, որ տաք ջուրն իր հետ բերում է չափազանց շատ միկրոբներ ու վնասակար նյութեր, որոնք մեզ համար անտեսանելի են, սակայն դրանք ջրի միջոցով թափանցում են մեր մարմնի մեջ ու այն ամբողջովին հիվանդ դարձնում։ Միջնադարյան «բժիշկներն» անգամ խորհուրդ էին տալիս հնարավորինս չլողանալ ու զերծ մնալ ավելորդ անգամ հիվանդանալուց։

Ամեն բան ավելի աբսուրդային է դառնում, երբ տարածվում են խոսակցություններ այն մասին, որ տաք լոգանքը կնոջը կարող է չբեր դարձնել։ Այսպես բազմաթիվ թագուհիներ պարզապես խուսափում էին լոգանք ընդունելուց։

Իսպանիայի թագուհի Իզաբելան այս միֆի ամենահայտնի զոհերից է։ Նա իր կյանքում լողացել էր ընդամենը 2 անգամ։ Առաջին անգամը Իզաբելան լողացել էր իր ծնվելուց հետո, իսկ երկրորդ անգամը՝ ամուսնությունից առաջ։ Ասում են՝ թագուհու ներքնաշորերն այնքան կեղտոտ էին, որ դրանք հատուկ գույն էին ստացել, որն էլ անվանեցին «Իզաբելի գույն»։

Ժամանակի ընթացքում որոշ բժիշկներ հասկացան, որ ջուրը չարիք չի կարող լինել, այլ չարիք կարող է լինել ջրի բացակայությունը, և դրանից հետո նրանք սկսեցին մարդկանց համոզել, որ գոնե մեկ-մեկ լողանան։ Սակայն սա նույնպես շատ մեծ օգուտ չտվեց, քանի որ մարդիկ վախենում էին անգամ լվացվելուց։

Նրանք վստահ էին, որ ջուրը փչացնում է դեմքը, ու գոնե պետք է լվանալ միայն ձեռքերն ու մեկ-մեկ էլ աչքերը։ Այս վստահությունը, որքան էլ որ տարօրինակ թվա, շարունակվեց մինչև 19-րդ դարը։ Այս դարում նոր մարդիկ սկսեցին հավատալ, որ հիգիենան կարևոր է առողջության համար։

Այս ժամանակներում նոր-նոր տարածվեցին լոգանքի տարատեսակ պարագաներն, ու կանայք սկսեցին չվախենալ ջրից, ավելին՝ սիրահարվել տաք լոգանքին ու չպատկերացնել կյանքն առանց դրա։

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *