ԽՍՀՄ ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Լեոնիդ Բրեժնևը, ուներ տարօրինակ մի սովորություն։ Նա համբուրում էր բոլոր նրանց շուրթերն, ում բարևում էր, ու կապ չուներ՝ տղամա՞րդ է բարևողը, թե՞ կին։ Ինչո՞ւ էր նա նման սովորություն որդեգրել։

Ամեն բան սկսվեց Պաղեստինից, երբ Բրեժնևը Պաղեստինում հանդիպում էր Յասեր Արաֆաթի հետ։ Յասերը Բրեժնևին բարևելիս համբուրեց նրա շուրթերը, ու այդ օրվանից Բրեժնևը հասկացավ, որ սա կարող է ցույց տալ, որ քաղաքական գործիչն ավելի դրական է տրամադրված դիմացինի հանդեպ ու ցուցադրի նաև նրա բարությունը։

Բրեժնևի ամենահայտնի համբույրը Էրիկ Հոնիկերի հետ համբույրն էր։ Լրագրողները ոչ միայն ֆիքսեցին այս պատմական պահը, այլ նաև այն շուտով հայտնվեց Բեռլինի պատի վրա՝ դառնալով ամենահայտնի նկարը, որի կողքին փորձում են լուսանկարվել բազմաթիվ զբոսաշրջիկներ։

Բոլոր քաղաքական գործիչներն, ովքեր այցելում էին Բրեժնևին, գիտեին, որ նա այդպես է բարևելու իրենց։ Դա էր պատճառը, որ նրանք իրենց արդեն տրամադրում էին, որ չեն կարող մերժել ԽՍՀՄ ԽՄԿԿ գլխավոր քարտուղարին, քանի որ վերջինս դա դիտարկում էր որպես անձնական վիրավորանք։

Սակայն Բրեժնևի այս սովորությունը չէր շրջանցում նաև կին քաղաքական գործիչներին։ Մինչ Մարգարետ Թետչերը հրաժարվեց «համբուրվել» Բրեժնևի հետ, Ինդիրա Գանդին ոչ միայն չխուսափեց համբույրից, այլ նաև որոշեց, որ սա իր քաղաքական գործունեության ամենաջերմ ընդունելությունն է, ու համբույրի նկարը փակցրեց իր իսկ աշխատասենյակում։

Իսկ չկայի՞ն քաղաքական գործիչներ, ովքեր համարձակվեցին ու մերժեցին համբույրի այդ արարողությունը։ Պարզվում է՝ կային։

Նրանցից առաջինը Ռումինիայի նախագահ Նիկոլայ Չաուշեսկին էր, ով մերժեց համբուրել Բրեժնևի շուրթերը, քանի որ նշեց, որ իրենց երկրում այդպես ընդունված չէ։

Բայց ամենախորամանկ քայլին դիմեց Ֆիդել Կաստրոն։ Երբ հայտնի հեղափոխականը պետք է հանդիպեր Բրեժնևի հետ, նրան հասցրին ծանոթացնել Բրեժնևի սարսափելի սովորությանը, որից Կաստրոն, մեղմ ասած, վախեցավ։ Նա վստահ էր, որ իր երկիր վերադառնալուց հետո բնակիչները նրան ծաղրի են ենթարկելու, ու նա կորցնելու է իր հեղինակությունը։

Երբ Կաստրոն մեկնեց Ռուսաստան, բարևելուց առաջ չմոռացավ իր սիրելի սիգարի մասին։ Ամբողջ արարողության ընթացքում Կաստրոն սիգարը բերանից չհանեց՝ այդպես էլ թույլ չտալով, որ Բրեժնևը համբուրի իրեն։ Սա Բրեժնևի համբույրից խուսափելու պատմության ամենակրեատիվ դեպքերից է։

Մնացածների բախտը, ցավոք, չբերեց, ու պատմությանը հայտնի են անգամ դեպքեր, երբ Բրեժնևը համբուրելու ընթացքում հասցրել էր վնասել անգամ քաղաքական գործչի շուրթերը։ Նրանցից մեկը Հարավսլավիայի նախագահն էր, ում շուրթը Բրեժնևին բարևելուց հետո ամբողջովին պատռվել էր։