Ինտելեկտուալ կարանտինի լավագույն տարբերակները․ 5 գիրք, որ շրջում են յուրաքանչյուրի մտածողությունը

Եթե այս օրերին տանն եք, չգիտեք ինչով զբաղվել և սիրում եք ընթերցանություն, ապա այս նյութը ձեզ համար է: Ստորև առանձնացրել ենք տարբեր ժամանակների հետաքրքիր գրական շարք:

1․ Ռանչպարների Կանչը (Խաչիկ Դաշտենց)

«Ռանչպարների կանչը» վիպակ է, որը նվիրված է Հայոց ազատագրական պայքարի անձնազոհ մարտիկներին՝ հայդուկներին, ովքեր, ըստ ժողովրդի պատմական հիշողության մեջ հարատևող տվյալների, ամենասովորական, անչար, խաղաղասեր, իրենց արտ ու կալին, հողին ու ջրին գամված ռանչպարներ են և միայն դաժան հանգամանքների բերումով ստիպված են զենք վերցնել ու պաշտպանել իրենց խաղաղ կյանքի իրավունքն ու մարդկային արժանապատվությունը։

Հայոց դպրևանքի պատանիներից մեկը՝ «Մախլուտո» մականունով, «Ռանչպարների կանչով» դառնում է ազգային շարժման զինվոր և այդ կետից սկսած պատմում է իր կյանքի դրվագները՝ «նովելային պատումները», որի հերոսների թվում են ինչպես այդ շարժման առասպելական անունները (Արաբո, Աղբյուր Սերոբ, Սոսե, Գևորգ Չաուշ, Անդրանիկ), այնպես էլ շարքային մասնակիցները։

 

2․ Ծերունին և ծովը (Էռնեստ Հեմինգուեյ)

 

«Ծերունին և ծովը»՝ վեպ, որ համարվում է Հեմինգուեյի վերջին ծավալուն գեղարվեստական ստեղծագործությունը՝ հրատարակված  նրա կյանքի ընթացքում։ Այն Հեմինգուեյի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։

«Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և Մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, որը արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։ Սանտիագոն համարվում է դժբախտության ամենավատ տեսակը (սալաո)։ Իրականում նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձկնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ էր բերում և ծերունու հետ քննարկում ամերիկյան բեյսբոլը և նրա սիրելի մարզիկ Ջո Դիմաջիոյին։ Սանտիագոն Մանոլինին ասում է, որ հաջորդ օրը պատրաստվում է ուղևորվել հեռավոր ծով, Կուբայի հյուսիս, Ֆլորիդայի նեղուցները, ձկնորսության, վստահ լինելով, որ իր վատ բախտի վերջը եկել է։ Այսպիսով, 85-րդ օրը Սանտիագոն միայնակ ուղևորվում է իր մակույկով։

3․ Պատերազմ և խաղաղություն (Լև Տոլստոյ)

«Պատերազմ և խաղաղություն» վեպում հինգ տոհմերի պատմության միջոցով պատկերված է ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան և Նապոլեոնյան դարաշրջանի ազդեցությունը ցարական հասարակության վրա: Վեպի մի հատվածը 1805 թվական վերնագրով տպագրվել է «Русский вестник» ամսագրում 1865 թվականին: Վեպն ամբողջությամբ առաջին անգամ տպագրվել է 1869 թվականին: 2009 թվականին Newsweek պարբերականի կազմած լավագույն հարյուր գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպն զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: 2007 թվականին Time ամսագրի կողմից կազմված բոլոր ժամանակների տասը լավագույն գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպը եղել է երրորդը:

4․ Ալքիմիկոսը (Պաուլո Կոելիո)

Գրքի գլխավոր հերոսը հովիվ Սանտիագոն է, ով ապրում է Անդալուսիայում: Մի օր Սանտիագոն երազ է տեսնում, որը դրդում է նրան հասնել եգիպտական բուրգերին, որպեսզի գանձ գտնի։

Ծեր գնչուհին գանձի 10 տոկոսի դիմաց մեկնում է երազը։ Հետո երիտասարդ ճամփորդը հանդիպում է Սալիմի արքա Մելքիսեդեկին, ով իրեն համոզում է ուղևորվել Եգիպտոս, և տալիս է երկու քար՝ Ուրիմ և Թումիմ, որոնք դժվար որոշում ընդունելիս կօգնեն գտնել ճիշտ պատասխանը։

Այսպես Սանտիագոն վաճառում է իր ոչխարները և ուղևորվում դեպի Աֆրիկա։ Նա կորցնում է իր ամբողջ կարողությունը և ստիպված է լինում աշխատել մի վաճառականի մոտ։ Աշխատած գումարով ուղևորվում է դեպի եգիպտական բուրգեր։ Էլ Ֆայում՝ անապատի օազիսում, գտնում է Ալքիմիկոսին։

Ալքիմիկոսը սովորեցնում է Սանտիագոյին ճանաչել «աշխարհի ոգին», պատմում է ալքիմիայի մասին և օգնում առաջ գնալ իր ճակատագրի ճանապարհով։ Նա սիրահարվում է Ֆաթումային։ Սանտիագոն գանձը գտնում է ոչ թե Եգիպտոսում, այլ իր հայրենի Իսպանիայում:

 

5․ Փոքրիկ իշխանը (Անտուան դը Սենտ-Էքզյուպերի)

Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու-Յորքում: Փոքրիկ Իշխանը» պատմություն է մի փոքրիկ տղայի քաջության, խելքի ու շատ բարի սրտի մասին: Այս գիրքն ամբողջությամբ թաթախված է մաքրությամբ, բարությամբ, պարզությամբ  ու անմիջականությամբ: Այս գիրքը կարելի է գտնել անգամ ամենափոքրիկ պետություններում ու ամենախուլ քաղաքներում: Այն սիրում են բոլորը, բոլոր ազգությունների մարդիկ՝  և՛ մեծահասակները, և՛ երեխաները:

 

 

Գրքապատեց Ռեբեկա Հովհաննիսյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *