Ինչո՞վ է առանձնանում Լյուքսեմբուրգը կիրակի օրերին․ միջնադարյան դղյակներից մինչև քաղաքի հանգիստ առօրյա

Արևմտյան Եվրոպայում ճամփորդելիս անտարբեր մի՛ անցեք չորս կողմից ցամաքով շրջապատված, բայց հարուստ երկրի կողքով։ Այո՛, արժե հայտնվել Լյուքսեմբուրգում ու սեփական աչքերով տեսնել եվրոպական հին քաղաքակրթության ու ժամանակակից զարգացած տնտեսության կարծես իդեալական համադրությունը։

Լյուքսեմբուրգում, ի դեպ, այս տարվանից հասարակական տրանսպորտն արդեն անվճար է։ Չգիտեմ՝ զբոսաշրջիկների համար ինչ սկզբունք է գործում, բայց ինչ-որ առումով օգուտ քաղել հաստատ կարելի է։

Քաղաքի առավելություններից մեկն այն է, որ այստեղ անընդհատ չեք հանդիպի զբոսաշրջիկների խառնիխուռն խմբերի, վերջիններից առաջացող աղմուկ-աղաղակի։ Հենց գյուղական հանգստությունն ու որոշ չափով մելանխոլիկ երանգներն են դառնում քաղաքի այցեքարտը։

Լյուքսեմբուրգը նաև միջնադարյան հսկա ամրոցների երկիր է․ հասնել Լյուքսեմբուրգ ու չտեսնել ամրոցներից գոնե մեկը, մեղմ ասած, հանցագործություն կլինի։ Ամրոցներից մեկն այցելելն ինձնից մոտավորապես 2-3 ժամ խլեց ու մոտ 10 եվրո։ Ուստի՝ այստեղ հայտնվելիս անպայման այցելե՛ք ամրոցներից որևէ մեկը։ Եթե հարուստ բնապատկերների, գնացքով ճանապարհ ընկնելու, փոքր-ինչ նեղ արահետներով անցնելու սիրահար եք, ապա հաստատ չեք փոշմանի։ Իսկ եթե վերը թվարկվածներին գումարենք ամրոց տանող զառիվայրի վրա գտնվող փոքր սրճարանում մի բաժակ թեյ/սուրճ խմելը, ուրեմն համաձայնե՛ք, որ ճամփորդությունն ստացված կարելի է համարել։

Հիմա թերևս ամենակարևորը․ եթե պլանավորում եք Լյուքսեմբուրգից հեռանալ ավտոբուսով, ապա չգնեք Deutsche Bahn-ի տոմսերից՝ ո՛չ նախապես և ո՛չ էլ տեղում։ Բանն այն է, որ գերմանական այս ընկերության ավտոբուսը, որը պետք է ժամաներ մոտավորապես կեսգիշերն անց, այդպես էլ չհայտնվեց նույնիսկ մեկուկես ժամ ավել սպասելուց և տոմսարկղերի պատուհանները թխկթխկացնելուց հետո, ու ես ստիպված մնացի դրսում (առաջին անգամը չէր, ի դեպ)՝ քաղաքի կենտրոնական կայարանում գիշերելու հույսով։ Րոպեներ անց միայն հասկացա, որ կայարանը ևս փակվում է, իսկ ձմեռային սառնաշունչ գիշերը դրսում միայնակ անցկացնելու գրավականը առջևում էր երիտասարդիս համար։

Իհարկե, մտածում էի որևէ հյուրանոց կամ հոսթել գտնելու մասին, որտեղ կգիշերեի, սակայն այստեղ է, որ պետք է զգուշանալ կիրակի օրով Լյուքսեմբուրգում գտնվելուց։ Կիրակի օրը տեղացիները հանգստանում են, հետևաբար՝ քաղաքում գրեթե բաց տեղ չկա, այն էլ՝ արդեն գիշերվա 2-ին։ Դե սրան էլ գումարենք, որ ժամեր անց պետք է հասնեի օդանավակայան, ու պարզ է՝ գիշերը լուսացրի ավտոբուսի նոր տոմսեր փնտրելով․ բարեբախտաբար գտա ու առավոտյան 7-ին արդեն ճանապարհին էի։

Մինչ դուք մտածում եք՝ խեղճ տղա, գիշերը դրսում մնաց, ինձ մնում է հավելել, որ նմանատիպ արկածներով լի ճամփորդություններն էլ ավելի են տպավորվում, իսկ հետագայում դրանց մասին խոսում ես ոգևորությամբ ու կարոտով։

 

Ճամփորդապատեց Համլետ Սիմոնյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

1 Response

  1. Arsen Shumovych says:

    Shat lav hodvaca!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *