Հեծանիվների կախարդական անկյունը․ բացահայտում ենք գողտրիկ Լյուբլյանան 1 օրում

Եվրոպայի սրտում գտնվող փոքր ու ջերմ, առատ բուսականությամբ և հյուրընկալ տեղացիներով հարուստ այս քաղաքը միանգամից հայտնվեց այցելածս այն վայրերի շարքում, որոնցից հեռանալուց հետո մտքերով դեռ մնում ես այնտեղ։

Նոր քաղաքներում հայտնվելիս ինքս չեմ փնտրում Էյֆելյան աշտարակի կամ Կոլիզեյի նման շլացնող կառույցներ, ոչ էլ ճարտարապետական այլ գլուխգործոցներ, ընդհակառակը՝ քաղաքի ներքին անցուդարձը, բնորոշ ներդաշնակությունը, տեղացիների առօրյան և անգամ փողոցների յուրակերպությունն ինձ ավելի են գրավում ու տպավորում։

Եթե ճամփորդելու համար պատրաստ եք գրեթե չքնել, առավոտյան 6-ին արթնանալ, թարմացնող դառը (համենայն դեպս իմ դեպքում) սուրճը լցնել թերմոսի մեջ ու ճանապարհին խմել, ապա ափսոս, որ միասին չէինք։ Փոխարենը հիմա միասին կպարզենք, թե ինչ կարելի է հասցնել Լյուբլյանայում մեկ օրվա ընթացքում։

  • Եթե բախտներդ բերի, ու Լյուբլյանայում հայտնվեք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ապա կկարողանաք տեսնել հին քաղաքը (old town)՝ զուգորդված շրջակայքի բնության կախարդական երանգներով։ Հա՛, մի քիչ գեղարվեստական բնորոշում ստացվեց, բայց հենց այս տեսարանի մոտ մի բաժակ  խմելը, ինչ խոսք, ավելի հաճելի կդարձնի այցելությունը։

  • Վստահ եմ՝ շատերդ եք մագնիսներ գնում՝ հավաքածուն ընդլայնելու կամ ուղղակի հիշողության փոքր կտոր աչքի առաջ ունենալու համար։ Հետևաբար՝ քաղաքի կենտրոնում գտնվող հուշանվերների հսկա խանութը հարմար տարբերակ է։ Գնում կատարելիս Ձեզ կհարցնեն նաև, թե որտեղից եք։ Ինձ անգամ ասացին, որ առաջին անգամ են հայ զբոսաշրջիկի տեսնում իրենց խանութում։

  • Դեռ քաղաքի ցածրադիր վայրերից երևացող միջնադարյան Գրադ ամրոցը, որին հասնելու համար պահանջվում է 20-ից 30 րոպե, որպես կանոն չի վրիպում զբոսաշրջիկների աչքից։ Բարձրացե՛ք ոտքով՝ ևս մեկ անգամ ականատեսը լինելով քաղաքի տպավորիչ բնությանը։ Չնայած ամրոցի ներսում առանձնապես տեսնելու բան չկա, սակայն բարձրադիր բլրից բացվող տեսարանը դրախտ է բոլոր նրանց համար, ովքեր սիրուն են լուսանկարվել։ Քաղաք իջնելիս վստա՛հ եղեք, որ իջնում եք բլրի հակառակ կողմից․ այս կերպ հնարավորություն կունենաք տեսնելու նաև մյուս կողմը, որը ոչ պակաս ուշադրության է արժանի։

  • Բաց մի՛ թողեք հնարավորությունը ու շարունակե՛ք, բառի բուն իմաստով, թափառել քաղաքում, կարող եք անգամ հեծանիվ վարձակալել (դրանք, ի դեպ, շատ են այստեղ), եթե հոգնում եք քայլելուց։ Անցե՛ք քաղաքի խորհրդանիշ համարվող Վիշապների կամրջի մոտով, առաջին իսկ հնարավորության դեպքում շփվե՛ք տեղացիների հետ, հասցրե՛ք լինել նաև կենտրոնական շուկայում։

Այսքանից հետո արդեն ժամանակն է բջջայինների կամ լուսանկարչական ապարատների մեջ տեղ ազատելու, իսկ շնորհակալության փոխարեն իմ կենացը կարող եք խմել կամուրջների մոտ գտնվող սրճարաններից մեկում։

 

Ճամփորդապատեց Համլետ Սիմոնյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *