Ականատեսի սինդրոմ կամ «ինչու՞ մարդիկ օգնության չեն հասնում»

Ժամանակ առ ժամանակ սոցցանցերում և, ընդհանրապես, տեղեկատվական այլ հարթակներում հաճախ է քննարկվում այն հարցը, թե ինչու անցորդները հասարակական վայրերում օգնության չեն հասնում դրա կարիքը ունեցող մարդկանց: Նույնիսկ այդպիսի տեսանյութեր են տարածված սոցցանցերում, որի ժամանակ օգնության կարիք ունեցող մարդիկ արժանանում էին անցորդների ամենախիստ անտարբերությանը: Իսկ արդյո՞ք այդ երևույթը չունի իր բացատրությունը, թե իրոք մարդիկ կարող են այդքան սառնասիրտ լինել:

Այնուամենայնիվ, սոցիալ հոգեբանությունում գոյություն ունի ականատեսի սինդրոմ երևույթը, որը բացատրում է, թե ինչու են մարդիկ անտարբեր անցնում օգնության կարիք ունեցողների կողքով:

Ականատեսի (Bystander effect) կամ նույն ինքը Ջենովեզեյի սինդրոմը  ի հայտ է եկել դեռ 1968 թվականին: Դա պատահեց այն ժամանակ, երբ հոգեբաններ Ջոն Դառլին և Բիբ Լատան հետաքրրվեցին մի շատ արտասովոր սպանությամբ, որը հետագայում դասական օրինակ դարձավ սոցիալ հոգեբանությունում:

Չարաբաստիկ օրը Կիթի Ջենովեզեն վերադառնում է տուն և մեքենան կայանելու ժամանակ հարձակման ենթարկվում: Մարդասպանը երկու անգամ դանակով հարվածում է Ջենովեզեյին, որից հետո նա սկսում է ճչալ և օգնություն կանչել: Նրա ճիչը լսում են հարևաները, բայց ոչ մեկ ոչ մի գործողության չի դիմում, նույնիսկ ոստիկանություն չեն զանգում: Միայն հարևաններից մեկը  բացականչում է.  «Հանգիստ թող աղջկան», որից հետո մարդասպանը հեռանում է: Բայց հետո նորից վերադառնում ու վերջնականապես սպանում աղջկան: Հետագայում Ջոնը և Բիբը հոդված են հրապարակում  New York Times-ում, որտեղ նշում են, որ չնայած մոտ  37 ականատես կար և նրանք, բայց ոչ ոք օգնության չի հասել: Միայն վկաններից մեկն է զանգել ոստիկանություն, այն էլ երբ խորհրդակցել է իր ծանոթի հետ և այն ժամանակ, երբ աղջիկը արդեն մահացած էր: Իսկ ոստիկանությունը դեպքի վայր հասել էր զանգից երկու րոպե անց:

Հետագայում այդ չարաբաստիկ դեպքի ականատեսների մեծամասնությունը վկայություն տալիս նշում էր, որ չէին հասկանում պահի լրջությունը և դա ընկալել են որպես սովորական կենցաղային կռիվ: Եվ հենց այս դեպքը հիմք դարձավ հասկանալու մարդկանց ոչ միանշանակ արձագանքը վտանգի մեջ գտնվող անցորդների նկատմամբ:

Լատանեն և Դառլին եկան այն եզրակացության, որ խնդրի պատճառը ոչ թե հարևանների անտարբերությունն էր, այլ մասնակիցների բազմաքանակությունը: Եվ նրանք առաջ քաշեցին հետևյալ վարկածը, որ ինչքան շատ են վկաները, այնքան ավելի քիչ է հավանական, որ նրանցից ինչ-որ մեկը օգնության կհասնի:

Իրենց թեզը հիմնավորելու համար հոգեբաները մի շարք գիտափորձեր իրականացրեցին:

Առաջին գիտափորձը տեղի ունեցավ Նյու-Յորքի համալսարանում, որի ժամանակ ուսանողներից մեկը պետք է ձևացներ այնպես, կարծես թե նրա մոտ էպիլեպտիկ նոպա է սկսվել: Արդյունքները ցույց տվեցին այն, որ ինչքան շատ մարդիկ կային ուսանողի կողքին, ապա ուսանողին ավելի քիչ մարդ  էր օգնության հասնում: Երկու հոգու դեպքում փորձարկման ենթարվող բոլոր մասնակիցները օգնության են հասել: Իսկ երբ մասնակիցների թիվը շատ է եղել, նրանցից միայն 35 տոկոսն է արձագանքել, այն էլ ոչ անմիջապես:

Երկրորդ գիտափորձի ժամանակ փորձում էին հասկանալ, թե ինչպես մարդիկ կարձագանքեն, եթե սենյակում ծուխ լցվի: Երբ սենյակում մեկ հոգի էր լինում, ապա տվյալ մասնակիցը միանգամից նկատում էր ծուխը և օգնություն կանչում: 3 մարդու դեպքում արձագանքում էր մասնակիցների 38 տոկոսը: Իսկ երբ սենյակում գտնվում էին մարդիկ, որոնց հատուկ հրահանգված էր մինչև վերջ անտեսել ծուխը և դա համոզել փորձակման ենթարկվողին, ապա արձագանքողների թիվը էլ ավելի պակաս էր լինում՝ ընդամենը մասնակիցների 10 տոկոսը:

Այս և մի շարք գիտափորձերի շնորհիվ գիտնականներին հաջողվեց հիմնավորել իրենց վարկածը և եկան այն եզրակացության, որ այս ամենի հիմքում ընկած է պատասխանատվության դիֆուզիան, որի ժամանակ մասնակիցների միջև «բաշխվում» է ոչ միայն պատասխանատվության, այլ նաև մեղքի զգացումը: Երբ պատասխանատվությունը մեկի վրա է, ապա մեղքը նույնպես հենց այդ մարդու վրա է ընկած, ուստի նա կփորձի ինչ-որ բան անել: Երկրորդ հերթին, այս երևույթը բացատրվում է նրանով, որ այսպիսի դեպքերում  մարդ գործողության է դիմում հաշվի առնելով մնացած ներկաների արձագանքը: Իսկ երբ արձագանքը չի լինում, չի լինում նաև գործողություն իր կողմից:

Դառլին և Լատանեն նաև առանձնացրեցին 5 փուլ, որոնց միջով անցնում է պատահակ անանցորդը, մինչ կհասնի օգնության.

  1. Երբ անցորդը նկատում է, որ ինչ-որ բան է տեղի ունենաում:
  2. Երբ անցորդը հասկանում է, որ իրավիճակը կրիտիկական է:
  3. Երբ անցորդը գիտակցում է իր պատասխանատվությունը:
  4. Որոշում է, թե ինչ օգնոթյուն կցուցաբերի:
  5. Դիմում է որևէ գործողության:

Կիթի Ջենովեզեյի սպանությունը մինչ այսօր շարունակում է մնալ քննարկման առարկա, իսկ Լատանեի և Դառլիի կատարած հետազոտությունները ցույց տվեցին, որ մարդասպանությանը ականատես եղած մարդկանց անգործությունը ոչ միայն կանխատեսելի էր, այլ նաև համապատասխանում է մարդկանց խմբային վարքագծին: Իսկ ին՞չ անել այս դեպքերում, օգնություն խնդրե՞լ անցորդներից, երբ դու դրա կարիքը ունես:

Հետազոտողները նաև մշակել են որոշակի պարզ կանոներ, որոնց պետք է հետևել, եթե ցանկանում ես օգնություն ստանալ անցորդներից: Վեր թվարկված փուլերը արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչ պետք է անել: Նախ մարդ պետք է հասկանա, որ իրավիճակը իրոք կրիտիկական և նրա օգնությունը տեղին է: Փորձեք հասկացնել մարդկանց, որ, նրանց օգնության կարիքը ունեք: Դիմեք կոնկրետ մարդկանց, օրինակ «Այ դու, կարմիր գլխարկով երիտասարդ, օգնի՛ր ինձ»:Երկրորդը՝ որոշակիացրեք, թե ինչ եք ուզում. «Զանգեք շտապօգնություն կամ ոստիկանություն» և այլն: Իսկ երբ սկսում է ձեզ օգնել մեկ մարդ, ապա արտակարգ իրավիճակներում «չօգնել» սոցիալաման նորմը փոխվում է «օգնել»-ով: Մեծ է հավանականությունը, որ դիմելով մեկին, ձեզ օգնության կհասնեն նաև այլ մարդիկ: Այս քայլերով դուք կկարողանաք հաղթահարել մասսայական անտարբերությունը:

Բայց Կիթի Ջենովեզեյի պատահարը հատուկենտ չէ: Ամեն տարի այսպիսի ելքով սպանություններ են տեղի ունենում: 2003 թվականին Շվեդիայի արտգործ նախարար Աննա Լինդը սպանվել էր մարդաշատ հանրախանութում: Չնայած նրա շուրջ կային տասնյակ մարդիկ, բայց նրանցից ոչ մեկ օգնության չէր հասել:

Այսպիսով, մի վախեցեք օգնություն ցուցաբերել դրա կարիքը ունեցողներին և մի սպասեք ուրիշներին: Իսկ եթե դուք եք դժվարին վիճակում հայտնվել, ապա փորձեք հետևել կանոներին և անարձագանք չեք մնա:

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *