Տարօրինակ պատերազմներ

Մարդկության ամբողջ պատմության հիմնական ուղեկիցներն են եղել պատերազմները: Եթե պատերազմի պատճառները քիչ թե շատ միշտ նույն են լինում՝պայքար հանուն  իշխանության, տարածքների, ռեսուրսի, ապա պատերազմներ վարելու առիթները կարող են հանդիսանալ ամենատարբեր դեպքերն ու պատահարները:

Patum.am-ը առանձնացրել է պատերազմ սկսելու ամենատարօրինակ առիթները:

Լիխարը ընդդեմ Ֆրանսիայի

1883 թվ. Լիխար անունով  փոքրիկ իսպանական գյուղակի բնակչությանը զայրացրեց Իսպանիայի թագավորին վիրավորանք հասցնելու փաստը Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ: Լիխարի գյուղապետը 300 գյուղացիների հետ միասին պատերազմ հայտարարեց Ֆրանսիային: Այս մոտ մեկ դար տևած «պատերազմի»  ընթացքում գեթ մեկ անգամ կրակոց չէր արձակվել:

«Փայտե դույլի»  պատերազմ

Այս անունով հայտնի պատերազմը տեղի է ունեցել 1325 թվ.՝ Իտալիայում: Իտալական երկու քաղաքները՝ Բոլոնիան և Մոդենան, վաղուց տարաձայնություններ ունեին, բայց պատերազմի սկսման առիթ է հանդիսանում սովորական փայտե դույլի առևանգումը Մոդենա դասալքված բոլոնիացի զինվորի կողմից: Հարկ է նշել, որ այդ ժամանակվա իտալական քաղաքները ինքնավար փոքր պետություններ էին: Բոլոնիան պահանջում էր իրենց վերադարձնել փայտե դույլը, իսկ Մոդենայի բնակչությունը չարձագանքեց այդ աբսուրդ պահանջին: Այս ամենից հետո Բոլոնիան պատերազմ է հայտարարում Մոդենային: Պայքարը տևում է 22 տարի, երկու կողմից հարյուրավոր  զոհերի եղան: Բայց պայքարի արդյունքում ծանր պարտություն է կրում Բոլոնիան և այդպես էլ չի կարողանում վերադարձնել իր դույլը:

Հավակնոտ պատերազմ

1864-ից 1870 թվ. տևած Պարագվայի պատերազմը պատմության մեջ հայտնի է որպես ամենաարյունալի պատերազմներից մեկը, որի պատճառը առաջնորդի անիրական հավակնություններն էին: Հանրապետության նախագահ Ֆրանսիսկո Սոլանո Լոպեսը Նապոլեոնի ամենամեծ  երկրպագուներից մեկն էր, միաժամանակ չէր տիրապետում պատերազմի վարման հմտություններին: Պարագվայը պատերազմ հայտարարեց Բրազիլիային, Արգենտինային և Ուրուգվային, որի արդյունքում պարտություն կրեց: Պատերազմի ընթացքում մահացավ 300 հազար զինվոր, որը կազմում էր արական սեռի բնակչության 90%-ը:

«Պատերազմ խոճկորի պատճառով»

Սա մի պատմություն է, թե ինչպես կարող է երկու ֆերմերների վեճը վերաճել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև պատերազմի:1859 թ. Սան-Խուան կղզու կարգավիճակը դեռ հստակ չէր: Կղզու վրա ապրում էին բրիտանացիներ և ամերիկացիներ: Բայց մի առավոտ ամերիկացի Լիման Կատլերը իր տարածքում մի մեծ խոճկոր է հայտնաբերում, որը իր կարտոֆիլն էր ուտում: Կատլերը զայրանում և կրակում է կենդանու վրա: Հետագայում պարզվում է, որ դա հարևան բրիտանացի վերաբնակիչ Չարլզ Գրիֆինի կենդանին էր: Չնայած Կատլերը ցանկանում էր խաղաղ ձևով լուծել խնդիրը և առաջարկում է հարևանին վճարել 10 դոլար, բայց բրիտանացին չի համաձայնվում: Ի վերջո, կենցաղային այս վեճը  վերաճում  երկու երկրների միջև Սան-Խուան կղզիների համար տարածքային հակամարտության,  բայց այն հնարավոր է լինում լուծել խաղաղ ճանապարհով: ԱՄՆ-ն և Բրիտանիան ստիպված են լինում դիմել միջնորդ կողմի ՝ Գերմանիայի կայսր Վիլհելմ 1-ինին: Միջնորդության արդյունքում 1872 թ. կղզին հանձնվում է ԱՄՆ-ին:

Ֆուտբոլային պատերազմ

Լատինական Ամերիկայում ֆուտբոլը ավելին է, քան սպորտ: Իսկ այս դեպքում ավելին, քան կյանք: Սալվադորի և Հոնդուրասի բնակիչների միջև միշտ տարաձայնություններ են եղել: Սալվադորում բնակելի տարածքի պակաս կար, իսկ Հոնդուրասում՝ հակառակը: Այդ պատճառով հարյուրավոր Սալվադորի բնակիչներ նույնիսկ անօրինական ճանապարհով հաստատվում էին Հոնդուրասում:

1970 թ տեղի ունեցավ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Հոնդուրասի և Սալվադորի միջև ֆուտբոլային մրցապայքարում հաղթող եղավ Սալվադորը: Բայց այս խաղերը ամենևին խաղաղ չանցան: Անկարգությունները այդ խաղերի ժամանակ սարսափելի մասշտաբների էին հասնում: Այդ ամենի արդյունքում Հոնդուրասը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Սալվադորի հետ և արտաքսեց իր երկրից Սալվադորի էմիգրանտներին: Վերջինս էլ սկսեցի  մոբիլիզացնել իր ռազմական ուժերը: Ակտիվ ռազմական գործողությունները տևեցին 4 օր, զոհվեցին հազարավոր մարդիկ: Պատերազմը ծանր հետք թողեց երկու երկրների տնտեսությունների վրա: Խաղաղության պայմանագիր կնքվեց ՄԱԿ-ի միջնորդության շնորհիվ պատերազմի վերսկսումից 10 տարի անց:

Պատերազմ  Ջեկինսի ականջի համար

Այս պատերազմը ընթացել է Անգլիայի և Իսպանիայի միջև 1739-ից մինչև 1742 թթ.: Մինչ պատերազմը, Բրիտանիայի կառավարությունը , ի դեմս վարչապետ Ռոբերտ Ուոլպոլի, գտնում էր, որ ավելի հեշտ է և էժան իսպանացի առևտրականներից գնել շաքար և կակաո, քան թե նրանց ձեռքից խլել Վեստ-Ինդիան:

Բայց մի օր խորհրդարան է հայտնվում բրիտանական առևտրական նավի նավապետ Ռոբերտ Ջեկինսոնը: Նա հայտարարում է, որ իսպանական նավերը թալանում են և վնասում են բրիտանական նավերը և նրա անձնակազմին: Որպես ապացույց նա ցույց  է տալիս իր կտրված ականջը, որը նա պահում էր սպիրտով լցված տարայի մեջ: Նա մոտ 8 տարի պահում էր այդ տարան՝ հույս ունենալով, որ բժիշկները կկարողանան այն կարել ետ:

Փաստեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *