Հայ շինարար իշխանուհիները․Բացահայտենք միասին

 

Հայ շինարար իշխանուհիները

 

Հայ մատենագրության էջերում, նաև բանավոր ավանդության մեջ շատ հիշատակություններ կան հայրենասեր, անձնազոհ, բարեգործ ու բարեպաշտ կանանց մասին։ Շատ են հատկապես թագուհիներն ու իշխանուհիները, որոնք բարեգործական, մշակութային-շինարարական գործունեություն են ծավալել։ Նրանց նախաձեռնությամբ ու միջոցներով միջնադարյան Հայաստանում վեր են խոյացել հիասքանչ տաճարներ, որոնցից շատերը մինչ օրս հիացնում են իրենց մասշտաբներով, ճարտարապետությամբ, վեհությամբ ու գեղեցկությամբ։ Իշխանուհիները գնել ու վանքերին են նվիրել գյուղեր ու կալվածքներ, հոգ տարել եկեղեցիների գործունեության մասին, մշտական նյութական օժանդակություն ցույց տվել վանական կենտրոններին։ Art365-ը առանձնացրել է հայտնի շինարար 5 իշխանուհիների, որոնք գործունեություն են ծավալել Սյունիքում և Տաշիրում։

Սյունաց տիկին Վարազդուխտ

Սյունեցի այս տիկնոջ մասին պատմում է Ստեփանոս Օրբելյանը։ Վարազդուխտը 6-րդ դարի առաջին կեսին Սյունիքում կառուցել է տվել մի նշանավոր եկեղեցին է, որն իր կարևորությամբ երրորդն է եղել Տաթևի և Թանահատից հետո․

«․․․Սիւնի վանք, որոյ եկեղեցին չքնաղ և նորակերտ ձևով կանգնեալ գմբէթայարկ խորան երկնանման, ի մեծ
բարեպաշտուհւոյն Վարազգխտոյ՝ Սիւնեաց տիկնոջէ, յառաջ քան զհայ թուականն, յանուն սրբոյ Լուսաւորչին»։

Իշխանուհի Մարիամ Բագրատունի

Ըստ նույն պատմիչի վկայության, Հայոց Աշոտ Բագրատունի թագավորի դուստր, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կին իշխանուհի Մարիամը 874 թվականին Սևանա կղզում կառուցում է Սբ․ Առաքելոց և Սբ․ Աստվածածին եկեղեցիները.

 

«Մեծ թագուհին Մարիամ՝ ամուսին Վասակայ Սիւնւոյ, գայ առ Սուրբն Մաշտոց. և բազում թախանձանօք ի հաւան ածեալ զնա ձեռն ի գործ արկեալ շինեն զգեղապաճոյճ եկեղեցիսն յանուն Սուրբ Առաքելոց, և զմիւսն, յանուն տիրուհւոյ Աստուածածնին. և զարդարեալ մեծամեծ սպասուք կանգնեն գնա տուն Աստուծոյ և բնակարան աստուածազգեաց արանց․․․»

Ամուսնու մահից հետո Մարիամ իշխանուհին նրա հիշատակը հավերժացնելու համար Սոդք գավառի Շողվագա գյուղի մոտ կառուցում է Սբ․ Պետրոս եկեղեցին։

Իշխանուհի Շուշան

Սյունաց գահերեց Իշխան Աշոտի, նրա կնոջ Շուշանի միջոցներով է 895 թվականին սկսվում Տաթևի վանքի շինարարությունը։ Տաթևի Պողոս-Պետրոս եկեղեցու բացման առիթով 906 թվականին իշխանուհի Շուշանը վանքին է նվիրում երկու գյուղ։ 910 թվականին նույն իշխանուհին վերակառուցում է Վայոց ձորում գտնվող մեկ այլ վանքի օժանդակ կառույցները և կառուցում Սբ․ Աստվածամոր եկեղեցին։ Ըստ իշխանուհու թողած արձանագրության նա հինգ եկեղեցի է կառուցել։

Իշխանուհի Սոփիա

Սյունյաց Սմբատ իշխանի կին, Վասպուրականի թագավորության հիմնադիր Գագիկ Արծրունու քույր իշխանուհի Սոփիայի նախաձեռնությամբ և միջոցներով է 936 թվականին կառուցվում Գնդեվանքը։ Ըստ Ստ․ Օրբելյանի Սոփիան ուխտի է գնում Վայոց ձորի այդ հատվածում ապրող ճգնավորների մոտ, և նրան դուր է գալիս Գնդեվանքի տեղը։ Տիկին Սոփիայի հրամանով հավաքվում են քարտաշներ ու այլ շինարարներ և սկսվում է Գնդեվանքի շինարարությունը։

Տիկին Սոփիան վանքին է նվիրում թանկարժեք սպասք և հարակից երկու գյուղերը․

  • «Ես Սոփիա տիկին՝ կին Սմբատայ աստուածապահ տեառն Սիւնեաց, և դուստր Գրիգոր Դերենկի, շինեցի զեկեղեցիս ի յիշատակ հոգւոյ իմոյ և յարևշատութիւն իշխանաց իշխանին Սմբատայ և որդեկաց մերոց, և զարդարեցի զսա մեծածախ սպասիւք, և ետու զերկու գիւղս ի ժառանգութիւն սմա…», -կարդում ենք արձանագրության մեջ, որն ավարտվում է այսպես․ «մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա ի եդի ակն ի վերայ»։
Խոսրովանույշ թագուհի
Աշոտ Գ թագավորի տիկինը՝ Խոսրովանույշը, 12-րդ դարի պատմագիր Սամուել Անեցու հաղորդմամբ 10-րդ դարի 60—70-ական թվականներին Գուգարք նահանգի Տաշիրք գավառում նախաձեռնում է Սանահինի և Հաղբատի վանքերի շինարարությունը։ Հետագայում 979 թվականին, Աշոտի և Խոսրովանույշի որդին՝ Սմբատ թագավորը, ուխտի է գալիս Սանահին և թողնում հետևյալ արձանգրությունը․

«…ես Սմբատ Բագրատունի թագաւոր Հայոց, թոռն տիեզերակալ և մեծ թագաւորին Սըմբատայ, որդւոյ թագաւորին Աշոտոյ Ողորմածն կոչեցելոյ, եկի ի տեսութի սբ ուխտիս Սանահնիս, զոր շինեալ էր թագաւորն Աշոտ և Խոսրովանոյշ թագուհին՝ հայրն և մայրն իմ, և տեսի զի Ածաշէն և թագալորաշէն էր, վասն որոյ և սիրեցի, և սիրոյ նըշան արարեալ հաստատեցի զսա աթոռ եպիսկոպոսութե, և սահմանեցի զվիճակ սբ Ածածնիս…»։

Աղբյուրը՝ Ռ․ Բոյաջյան, Հայ կանանց դերը միջնադարյան ճարտարապետական հուշարձանների կառուցման գործում (9-13-րդ դարեր), ԼՀԳ, 1978, 9:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *