Ինչո՞ւ են քանդակած հեթանոսական պատկերներ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատերին

Ով գոնե մեկ անգամ իրականում կամ լուսանկարներում տեսել է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, անպայմանորեն հիացել է հոյակապ ճարտարապետությամբ, ապա նաև մտածել՝ թե ի՞նչ են ներկայացնում եկեղեցու քանդակազարդ ժապավեններն ու մյուս քանդակները, ինչո”ւ ընդհանրապես այդքան քանդակներ եկեղոցու պատերին:

Լճի, շրջապատող լեռների, կապույտ երկնքի ֆոնին ասեղնագործ եկեղեցին անձեռակերտ է թվում: Միաժամանակ եկեղեցու պատերին ստեղծված բազմաթիվ քանդակներն ու գոտիները շարժման պատրանք են ստեղծում, կենդանացնում տաճարը: Սակայն, բացի գեղագիտական նշանակությունը, այդ հետաքրքիր քանդակները հոգևոր, նույնիսկ միստիկ կարևոր նշանակություն ունեն, ինչի համար Արծրունի արքաները միջոցներ չեն խնայել:

Արծրունի արքաների հոգևոր կենտրոնը

Աղթամար կղզում գտնվող վանական համալիրը, որից այսօր միայն Սուրբ Խաչ եկեղեցին է պահպանվել, Վասպուրականի Արծրունյաց թագավորության հոգևոր կենտրոնն է եղել: Կառուցվել է 915–921 թվականներին Գագիկ Արծրունի թագավորի հանձնարարությամբ: Վանքի կենտրոնական Սուրբ Խաչ եկեղեցին ընդհանուր հորինվածքով ու առանձին տարրերով կրկնել է Արծրունյաց տան տոհմական տապանատան` Զորադիրի Ս. Էջմիածին եկեղեցու ճարտարապետությունը:

1021 թվականին Վասպուրականի թագավորության անկումից հետո Արծրունիներին ազգակից հոգևորականները ժառանգաբար նստել են կաթողիկոսական աթոռին: Վանքն անկում է ապրել 18-րդ դարի առաջին կեսին՝ Աղթամարի Բաղդասար Բաղիշեցի կաթողիկոսի օրոք: 1917թ,-ին Աղթամարը լքվել է և ամայացել:

 

Մանուել ճարտարապետ

Սուրբ Խաչ եկեղեցու ճարտարապետը՝ Մանուելն է: Հայտնի է, որ նա Արծրունյաց իշխանական, ապա և թագավորական տան գլխավոր ճարտարապետն է եղել: Արծունիների պատվերով ու մեկենասությամբ Վասպուրականում կառուցել է հոյակերտ շինություններ: Մանուելի կառուցած Ոստան ավանը, Գագիկ թագավորի պալատական համալիրն ու Աղթամար բերդ-քաղաքը մեզ չեն հասել: Մանուելի ստեղծած աշխարհիկ կառույցներն իրենց գեղեցկությամբ ու ճոխությամբ համարժեք են եղել մեզ հասած գլուխգործոցին` Սբ Խաչ հոյակերտ եկեղեցուն:

Քանդակազարդ ժապավեններ

Եկեղեցու պատերին քանդակազարդ վեց գոտի կամ ժապավեն կա: Առաջին՝ ստորին գոտին զարդարված է բնությունը խորհդանշող բուսական զարդաքանդակներով: Երկրորդ` կենտրոնական գոտին` Հին և Նոր կտակարանների, երբեմն էլ աշխարհիկ թեմաներով ստեղծված մեծադիր հարթաքանդակների շարք է: Տպավորիչ են ծով նետվող Հովնանի, մարտի դաշտում հանդիպած Դավթի ու Գողիաթի քանդակները:

 

Եկեղեցու արևմտյան ճակատին` խորանի լուսամուտի երկու կողմերում Գագիկ Արծրունի թագավորն է՝ եկեղեցու մանրակերտը ձեռքին, և Քրիստոս՝ օրհնող աջով ու Աստվածաշնչով: Սուրբ գրքի վրա հստակորեն ընթերցվում է «Ես եմ լույսն աշխարհի» փորագրությունը:Հարավային ճակատի կենտրոնում Արծրունյաց տոհմի չորս նահապետերն են՝ իրենց տոհմանշաններով, զինանշաններով ու պահպանիչ խորհրդանշաններով շրջապատված: Իշխանները, Արծրունյաց տոհմի այլ անդամների հետ պատկերված են նաև հյուսիսային ճակատին:

Եկեղեցու երրորդ` գրեթե եռաչափ կենդանական գոտուն հաջորդում է չորրորդ զարմանահրաշ ժապավենը: Այստեղ է, որ կյանքը խորհրդանշող խաղողի որթի չընդհատվող գալարների մեջ ձուլվում են մարդկային կյանքի տարբեր տեսարաններ ու իրավիճակներ: Մարդիկ ու կենդանիներ, որսորոդություն: Կռիվներ, հողագործական աշխատանքներ: Բերքահավաք, գինու պատրաստում, պայքար վայրի կենդանիների դեմ: Կյանքն իր բոլոր դրսևորումներով, որը շարունակվում, կրկնվում, ու երբեք չի ավարտվում, քանի որ չի ընդհատվում խաղողի որթի շղթան:

Տաճարի հինգերորդ՝ ենթաքիվային գոտին ամբողջությամբ ներկայացնում է Արծրունիների տոհմանշանները, տարբեր զինանշաններ, դիմաքանդակներ: Արևելյան ճակատամասում խնջույքի տեսարանի կենտրոնում Գագիկ թագավորն է` շրջապատված երիտասարդ իշխաններով:

Տաճարի վեցերորդ՝ գմբեթի մոտ ձգվող ժապավենը, պատկերում է եղնիկների ու այծյամների փախուստը առյուծների ու հովազների հետապնդումից:

Հոյակերտ Սուրբ Խաչը պատկերազարդ գիրք է հիշեցնում և թերևս այդպես էլ հղացված է եղել պատվիրատուի ու ճարտարապետի կողմից: Եվ պատահական չէ նաև Սուրբ Գիրքը շարադրողների` չորս ավետարանիչների հսկայական, ողջ հասակով բարձրաքանդակները եկեղեցու ճակատին: Մինչ օրս գիտնականները վիճում են եկեղեցու քանդակների նշանակության ու իմաստների շուրջ: Ի՞նչ է ցանկացել ասել քանդակագործը, ինչու են այսքան բազմազան կերպարները համատեղվել, կա” որոշակի համակարգ, գուցե ինչ որ հմայական-ծիսական իմաստո՞վ է արվել այս ամենը:

Որոշ մասնագետների կարծիքով, այստեղ արտացոլվել է Արաբական խալիֆայության դեմ պայքարն ու Արծրունիների իշխանական տան վերելքը: Այլ ուսումնասիրողներ կարևորել են հոգևոր իմաստները՝ չարի ու բարու պայքարը, հոգու և մարմնի, աշխարիկի ու հոգևորի հարաբերությունը:

Հեթանոսական քանդականեր եկեղեցու պատերին

Սակայն աստվածաշնչային ու պատմական կերպարներից ու սյուժեներից բացի եկեղեցու պատերին աչքի են ընկնում ոչ այնքան գեղեցիկ ու ոչ այնքան լավ պահպանված քանդակներ, որոնց ծագումն ու նշանակությունը մինչ օրս անհայտ է: Հ.Օրբելին գտնում է, որ այդ քանդակները կապված են որսորդական առասպելաբանության հետ և ներկայացնում են իշխանների որսավարները:

Ժամանակի պատմիչի վկայությամբ Գագիկ Արծրունին քանդել է տալիս Աղձնյաց Կոտոմ բնակավայրի ամրոցը և դրա քարերը բերելով Աղթամար, կառուցել է տալիս Սուրբ Խաչ եկեղեցին։ Մասնագետները կարծիք են հայտնել, որ այդ տարօրինակ քանդակները հենց այդ ամրոցից են բերվել, ավելի կոնկրետ՝ ամրոցի հեթանոսական տաճարից: Ըստ Ա. Մնացականյանի, Աղթամարի քանդակների մոտիվները կարելի է բաժանել 2 մեծ խմբի՝ քրիստոնեական և հեթանոսական։ Քրիստոնեական մոտիվներն ընդգրկում են աստվածաշնչյան քանդակները, իսկ հեթանոսականները՝ հին ժամանակների ծնունդ բոլոր 

երևակայական էակների, ինչպես նաև զույգերով՝ դեմ-դիմաց ներկայացվող այծերի, արջերի, նապաստակների և չբացատրվող կենդանիների քանդակները:
Ինչո՞ւ քրիստոնեական եկեղեցու պատերի մեջ հեթանոսական քանդակներ տեղադրել
Բացի ենթադրվող հմայական, պաշտպանիչ նշանակությունը, հին քանդակների նոր շինության մեջ տեղադրումը կարելի է համարել այդ շրջանի վերածննդյան մտածողության արտահայտություն: Համենայնդեպս, այդպես է կարծում միջնադարագետ Ա. Մնացականյանը.

«Ահա այս շրջանի մշակույթի մեջ յուրահատուկ տեղ են գրավում ոչմիայն վաղեմի ժամանակներից վերապրածները, այլև նորովի վերածնվածհեթանոսական գաղափարներն ու պատկերացումները»։

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *