«Թե հորս և թե մորս ազգատոհմը ի բնե ձայնեղ են: Հայրս, որ հայտնի թառ ածող, իսկ հորեղբայրս հայտնի սազ ածող է եղել․․․

«Թե հորս և թե մորս ազգատոհմը ի բնե ձայնեղ են:
Հայրս, որ հայտնի թառ ածող, իսկ հորեղբայրս հայտնի սազ ածող է եղել,
հայտնի դպիրներ էին մեր քաղաքի Ս. Թեոդորոս եկեղեցում. Մորս և հորս՝ տաճիկ լեզվով և եղանակներով հորինած երգերը, որոնցից մի քանիսն արդեն գրի եմ առել 1893 թվին, դեռ երգում էին մեծ հիացմունքով մեր քաղաքի ծերերը»,— գրում է Կոմիտասը իր ինքնակենսագրության մեջ:

Իսկ ինչու էին Կոմիտասի ծնողները տաճկերեն հորինում ու երգում իրենց երգերը: Պատճառն այն էր, որ այս փոքրիկ քաղաքի հայ բնակիչներին թուրքերը արգելել էին հայերեն խոսել ու երգել՝ նպատակ ունենալով հայերին ձուլելու իրենց մեջ և յուրացնելու նրանց բազմաշնորհ արհեստներն ու մշակույթը: Այստեղ ներգաղթած շնորհաշատ հայերն իրենց բազմաթիվ արհեստների ու արվեստների հետ տիրապետում էին նաև մի հետաքրքիր արհեստի, որը թուրքերից խիստ գաղտնի էին պահում:

Նրանք հրաբխային ծագում ունեցող Տավրոսի լեռներից սայլերով հատուկ ու աշխատատար տեսակի ապարներ էին բերում՝ դրանք աղալով ու շաղախելով խմոր էին դարձնում, հատուկ նյութերով սպիտակեցնում և դրանցից պատրաստում էին ձյան նման ճեփ–ճերմակ և ապակու պես հարթ ու ողորկ սկահակներ, սափորներ, սկուտեղներ, պերճանքի ու զարդարանքի այլազան իրեր:

Շնորհաշատ կանայք ու աղջիկներ, որ իրենց մեծերից սովորել էին գեղանկարչություն ու մանրանկարչություն, այդ գեղեցիկ իրերը ծաղկազարդում ու նախշում էին խոտաբույսերից ու ծաղիկներից ստացված չխունացող ու իրենց պայծառությամբ աչք շոյող ներկերով: Հայկական այս գրավիչ ապրանքները չէին վրիպում Քեոթահիայի, Անկարայի, Կոստանդնուպոլսի և ավելի հեռավոր երկրների` գեղեցիկի նկատմամբ շատ թե քիչ ճաշակ ունեցող բնակիչների ու հատկապես վաճառականների աչքից:

Սա էր քեոթահիահայ ազգաբնակչության ապրուստի հիմնական միջոցը, միջոց, որը չէր կարող չգրգռել ընչաքաղց թուրքերի ախորժակը, և նրանք իրենց ապաշնորհությամբ ցանկանում էին տիրապետել այդ արհեստին, իսկ հայերը չէին ուզում զրկվել իրենց ապրուստի միակ միջոցից և թուրքերին չէին սովորեցնում իրենց արվեստի գաղտնիքը: Ահա թե ինչից էին ավելի կատաղում թուրքերը և ամենաանմարդկային դատաստան էին տեսնում հայերի հետ:

Վկայություններ կան, որ թուրքերն իրենց նենգաբարո նպատակներին հասնելու համար դիմում էին ամենաբարբարոս միջոցների՝ ավելի դաժան քան ինկվիզիցիան էր վարվում. քաղաքում ու գյուղերում յուրաքանչյուր թուրքի իրավունք էր վերապահված կտրելու հայերեն խոսողի լեզուն:

Եվ նման անագորույն ճանապարհով նրանք կարճ ժամանակում Անատոլիայի հայ բնակչությանը թուրքախոս դարձրին: Սակայն քաղաքապետ Ֆայիկ Ալի Բեյի օրոք հայերն այստեղ որոշ ժամանակ հանգիստ ապրեցին:

Հանրության աչքերին թոզ փչելու և հասարակական կարծիքից խուսափելու նպատակով հայերենը չէին արգելել միայն քաղաքի Սուրբ Թեոդորոսի եկեղեցում, և հայերի միակ հավաքատեղին այստեղ էր, որտեղ քահանան ու սարկավագները կարդում ու երգում էին միայն գրաբար: Այստեղ էր, որ հայերն իրենց հայ էին զգում, որ լսում ու զմայլվում էին իրենց նախնիների անուշաբույր երգերով և ոչ միայն լսում ու զմայլվում էին, այլև երգում ու թեթևանում էին, երգի միջոցով էին հաղորդակցվում ինչպես Աստծո, այնպես էլ իրար հետ:

Աստծո բարեշնորհությամբ նրանց մեծ մասը դեռ պահում էր բնությունից ստացած ու իրենց նախնիներից ժառանգած  աստվածատուր շնորհքը:

Եկեղեցու երգիչների դասում առանձնապես աչքի էին ընկնում Գևորգ Սողոմոնյանը և նրա եղբայր Հարությունը:

Կոշկակար Գևորգ Սողոմոնյանը՝ Կոմիտասի ապագա հայրը, բազմաշնորհ էր հատկապես երգի ու երաժշտության, նվագելու, պարելու և մարդկանց՝ զվարճացնելու, կատակաբանության մեջ, դրա համար էլ զվարճախոս ու ցանկալի հյուր էր հայկական ընտանիքներում և իր անշուք տնակն էլ մշակույթի օջախ էր դարձրել քաղաքի հայերի համար:

Նրա օջախը ավելի զվարթացավ ու պայծառացավ, երբ Գևորգն ամուսնացավ 15–ամյա նրբակազմ ու գեղեցիկ Թագուհի Հովհաննիսյանի հետ, որը Բրուսա քաղաքից էր` նույնպես ախորժալուր ձայնով, իր նազելի պարով, երգերի տեքստեր ու եղանակներ հորինելու շնորհքով: Թագուհին միաժամանակ հրաշալի գորգագործ էր. նրա գեղանկար գորգերը շուտով հայտնի են դառնում նաև Քեոթահիայում:

Պատմում են, որ հակառակ ամուսնու զվարթ ու մարդամոտ բնավորությանը՝ Թագուհին մելամաղձոտ էր, երազկոտ հոգու տեր մի

քնքուշ էակ:

  • Խաչիկ Բադիկյան
  • “Կոմիտասը՝ ինչպիսին է եղել”

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *