«Սա տղան՝ ազգիս հպարտությունը դառնալու է» Հովհ. Այվազովսկի

Յոթ տարեկան էր Վարդգեսը, երբ հայրը՝ տարածքի ավագ քահանա՝ Հակոբ  Տեր–Սուրենյանցը նշանակում ստացավ Սիմֆերոպոլում։

Նա ափսոսանքով հրաժեշտ  տվեց ծննդավայրի գեղատեսիլ բնությանը, ազնվական կարնեցիներին, Կարապետյան և Եղիսաբեթյան դպրոցներին, որտեղ ինքը ջանք ու եռանդ չէր խնայում հայ մանկանց կրթության և դաստիարակության համար։ Տարիներ հետո Տեր Հակոբն իր որդուն ուղարկում է Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում ուսանելու։ Վարդգեսի ուսման տարիների մասին հարուստ տեղեկություններ է հայտնում ազգագրագետ Երվանդ Շահազիզն իր «Հիշողություններում»: «Վարդգեսը ծանրաբարո, բարի, համբերատար, պարկեշտ ու խոնարհ պատանի էր, որին մայր բնությունն օժտել էր նկարչական ընդունակություններով եւ աշխատասիրությամբ: Ճեմարանում նա լեզուներ էր ուսումնասիրում, հայերենը Սմբատ Շահազիզի, պարսկերենը՝ Ստեփանոս Նազարյանի ղեկավարությամբ։ Հրապուրվում էր ծաղրանկարով, ճեպանկարով եւ բնանկարով»։

Վարդգեսը տեղափոխվում է Մոսկվայի նկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարան։ Սուրենյանցների ընտանիքի բարեկամ, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու երաշխավորությամբ եւ միջնորդությամբ: Վարդգես Սուրենյանցին առաջին ներկերը Այվազովսկին է նվիրել։ Մի անգամ «ծովերի արքան» Վարդգեսի հետ մեկնում է Բախչիսարայ։ Այստեղ պատանի նկարչի վրա ուժեղ տպավորություն է թողնում հեքիաթային շատրվանը։ Տուն վերադառնալով նա իր տեսածն

անմիջապես «հանձնում է» թղթին: Գեղարվեստական փոքրիկ գործը արժանանում է Այվազովսկու ուշադրությանը. Եւ նա մեծ ապագա է գուշակում. «Սա գովելի ու աշխատասեր տղեն ազգիս հպարտությունը դառնալու է»: Փարիզում, Մյունխենում,Բեռլինում, Ս. Պետերբուրգում պրոֆեսիոնալ կրթություն ստացած Վարդգես Սուրենյանցը հետագայում հաճախ էր այցելում իր մեծ հայրենակցին եւ հովանավորին, իսկ դարավերջին իր նկարազարդումներով հրատարակված Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» նա երախտագիտությամբ նվիրում է ուսուցչին։

Լևոն Կանցյան

արվեստաբան

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *