Դրվագ ,, Հատակում ,, / Ռեժ. Ֆրունզիկ Մկրտչյան / երկսերիանոց ֆիլմից : ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ …

Ֆրունզիկ Մկրտչյանի նկատմամբ տածած համաժողովրդական այդքան մեծ սիրո , ամենուր հիացական ընդունելության , կողքից թվացյալ անսահման երջանկության պարագայում , ինձ թվում էր ,նա լրիվ մենակ էր: Մենակ էր տանը , մենակ էր դրսում , շրջապատում…

Դատարկությունն այդ ՝ բեմն ու նկարահանման հրապարակն էին լցնում , նրա կերպավորած անզուգական հերոսներն էին լցնում :

Հիմա էլ բավականին թվով մարդկանց կարելի է հանդիպել , ովքեր կասեն շատ մտերիմ եմ եղել Ֆրունզիկի հետ , Գուցեև այդպես է , սակայն ինքը հոգեկերտվածքով միայնակ մեծություն էր…

Մի առիթով , երբ Պռոշյան փողոցի վրա գտնվող իր բնակարան բարձրացանք , լուռումունջ պտտվեց սենյակում , հենց էնպես , մեխանիկորեն դատարկ , սառցակալած սառնարանը բացուխուփ արեց ու ասաց . ,, Էհհ՜ մարդիկ էլ կարծում են , թե ես շատ երջանիկ եմ … ,,

Այդքան լայն ընկերական շրջապատ ունենալով հանդերձ , միայն մի սրտացավ մտերիմ ընկեր ուներ՝ Ազատ Շերենցը , որի մահվան հաջորդ օրը՝ դեկտեմբերի 29-ին ինքն էլ վախճանվեց :

Ճակատագրի հեգնանք…

Սիրում էր մարդկանցից փախս տալ, մի որոշ ժամանակ մեկուսանալ , միայնակ մնալ:

Ասում էր ես գնացի , մի քանի օր իմ պալատում կլինեմ, եթե ժամանակ գտնես արի: Խոսքն այն ժամանակվա « Լեչկոմիսիայի» մշտապես իրեն հատկացվող պալատի մասին էր, որտեղ, իբր թե, բուժվում էր:

Շատ չէր մնում `մի չորս-հինգ օր: Սակայն էդ չորս-հինգ օրը բժիշկների ձեռքից պրծում չկար: Ժամը 18-ից հետո կեր ու խում էր, ռեստորանը գլուխը քարով էր տվել: Ես էլ եթե ոչ ամեն օր, ապա մեկ ու մեջ գնում էի: Նախ մինչև պալատի «ներկայացումն ,» սկսվելը հանգիստ զրուցում էինք, երբեմն էլ «Ֆիլմ» թերթի համար ձայնագրում էի: Ավելի քան 10-15 դիսկ ու կասետ ձայնագրություներ են պահպանվել:

Զարմանալու առիթ չկա. որ հայկինոյի բեմադրող ռեժիսորների շարքում ,, Անկրկնելի կինոճանապարհ ,, գրքում ընդգրկել եմ նաև Ֆրունզիկ ( Մհեր ) Մկրտչյանին: Նախ նա իր բոլոր նկարահանված ֆիլմերում, դա կլինի դրսի թե ներսի, ռեժիսուրայի առումով այնքան գաղափարներ է շռայլել, որ եթե էպիզոդ առ էպիզոդ հավաքենք, միայն այդքանն էլ բավական է, որ նրան նաև կինռեժիսոր համարենք: Այդուհանդերձ 1986 թվականին Ֆրունզիկ Մկրտչյանը կինոյում հանդես եկավ նոր ամպլուայով` ռեժիսորի կոչումով: Նա էկրանավորեց իր առաջին ու վերջին ՝ Մաքսիմ Գորկու «Հատակում» երկսերիանոց ֆիլմը :

Շատերն ասում էին` ինչո՞ւ հենց Գորկու հատակումը, ինչո՞ւ հենց ռուսական թեմա, մի՞թե հայկական թեմայով սցենար կամ նյութ չկա: Ու պետք էր լսել նրա պատասխանները: Մոտավորապես այսպես. «Որ Գորկու հատակումը ժամանակի և ազգային նյութի սահմանափակումներ չունի, որ այս պիեսը համաշխարհային գործ է»: Օրինակներ էր բերում, որ դեռևս 1936թ.-ին «Հատակում»-ը էկրանավորել է Ժան Ռենուարը, որ այնտեղ հրաշալի դերասանական համաստեղության կա, և որ Ժան Գաբենի լավագույն դերակատարումներից մեկն է: Ասում էր, որ այդ հրաշալի պիեսին 1957թվականինին անդրադարձել է նաև կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավան, այն ռուսական միջավայրից տեղափոխելով ճապոնականի: Իսկ իր համար ամենակարևորը նա համարում էր, որ «Հատակում»-ը դերասաններին բացվելու անսահման հնարավորություններ է ընձեռում:

Աչքիս առաջ է, թե ինչպես Մհեր Մկրտչյանն ամեն օր երկրի տարբեր ստուդիաներից նկարահանումների հրավերների առաջարկություններ էր մերժում: Նա նույնիսկ մերժեց Ռեզո Չխեիձեի` իր այնքան սիրելի «Դոն Կիշոտ»-ում խաղալու խնդրանքը: Ու այս միկրոմթնոլորտում նա սկսեց «Հատակում»-ի էկրանավորումը: Անհնարին է ներկայացնել, թե ինչպիսի երևակայությամբ ու ռեժիսորական ասեմ, ինչասեմ մտքի թռիչքով էր աշխատում կինոբեմադրիչ Ֆրունզիկ Մկրտչյանը. ամենուր` նկարահանման հրապարակում, մոնտաժման ու ձայնագրման սենյակներում: Ով սա տեսել է, ուրեմն կինոարվեստի ստեղծման երջանիկ ստեղծագործական պահերի է ականատես եղել:

Առաջին ցուցադրումն է: Բոլորը լուռ, շունչները պահած դիտում են: Դերասանական ինչպիսի հրաշալի խաղ: Նրանք բոլորն առանց բացառության իրենք իրենց գերազանցում են: Անմնացորդ խաղ` Սատին-Սոս Սարգսյանի, Բարոն-Մհեր Մկրտչյանի, Նաստյա-Թամար Հով-հաննիսյանի, Վասիլիսա-Անահիտ Թոփչյանի, դերասան-Վլադիմիր Մսրյանի, Լուկա-Ազատ Շերենցի, Պեպել-Ալեքսանդր Խաչատրյանի կողմից:

Համաշխարհային դրամատուրգիայի այս գլուխգործոցը ռեժիսորը տեղայնացրել է` միաժամանակ պահպանելով ամենակարևորը` համամարդկայինը: Ֆիլմն այնպես է նկարահանած, կարծես Գորկին այս դրաման գրելիս, աչքի տակ այսօրվա հայկական միջավայրն ու դերասաններին է ունեցել: Երկսերիանոց այս ֆիլմով Ֆրունզիկ Մկրտչյանն ասաց, որ ինքը նաև մեծ կինոբեմադրիչ է: Դիտեք և կհամոզվեք:

 Ֆիլմապատեց Ռոբերտ Մաթոսյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *