Աբիլինի պարադոքս կամ «մենք դա չէինք ուզում»

Պատահել է, որ հարազատներով, ընկերներով, կամ պարզապես խմբով որոշում եք ընդունել, օրինակ, գնալ ֆիլմ դիտելու կամ ինչ-որ տեղ սուրճ խմելու, բայց վերջում պարզվել է, որ այդ խմբի ոչ մի անդամի համար ոչ այդ ֆիլմն էր հաճելի նայել, ոչ էլ այդ սրճարանում սուրճ խմել: Բայց մինչ այդ խմբի բոլոր անդամներն էլ իրենց համաձայնությունը տվել էին: Պետք չէ վհատվել, պարզապես մարդուն ինչ-որ չափով բնորոշ է կոնֆորմիստ լինել, իսկ տվյալ երևույթն էլ մի պարադոքս է, որի «ցանցի» մեջ շատերս ենք ընկնում: Առաջին անգամ այս պարադոքսի մասին խոսել է Ջերի Հարվին իր The Abilene Paradox and other Meditations on Management հոդվածում: Նա այս երևույթին տվել է Աբիլինի պարադոքս անունը համանուն անեկդոտը վկայակոչելով իր հոդվածում: Անեկդոտը հետևյալն էր.

 «Մի շատ շոգ տեխասյան երեկո մի ընտանիք իրենց տան պատշգամբում խաղում էր դոմինո, երբ ընտանիքի հայրը առաջարկեց բոլորին գնալ Աբիլին ընթրելու: Աղջիկը ասաց. «Վատ չի լինի»: Աղջկա ամուսինը, թեև կարծում էր, որ այս շոգ օրը այնքան էլ լավ չի լինի գնալ Աբիլին, համաձայնվում է: Աղջկա մայրը նույնպես համաձայնվում է և նշում, որ վաղուց Աբիլինում չի եղել: Նրանք գնում են Աբիլին: Ճանապարհը փոշոտ էր, քաղաքը այդ օրը այնքան էլ լավը չէր, ուտելիքն էլ՝ ոչ այնքան համեղ: Չորս ժամ անց ընտանիքը հոգնած ու հիասթափված վերադառնում է տուն: Նրանցից մեկը ոչ այնքան անկեղծ նկատառում է անում.«Վատ չէր, չէ՞»: Մայրը պատասխանում է, որ իրականում ինքը կցանկանար տանը մնալ: Ընտանիքի հայրը ասում է, որ նույնպես տանը կմնար, բայց նրան թվացել է, որ մնացածին դուր կգա գնալ Աբիլին: Իսկ աղջիկն էլ նշում է, որ համաձայնվեց, որ մյուսները չնեղանան, թե չէ սա մեծ հիմարություն էր այս շոգին գնալ Աբիլին: Հետո նրանք շշմած նստած իրար էին նայում՝ չհասկանալով, թե ինչու այսքան ժամանակ ծախսեցին մի բանի վրա, որը ոչ մեկի սրտով էլ չէր»:

Այս երևույթը խմբային մտածելակերպի օրինակ է: Սոցիալական մի շարք գործոններ հաճախ զսպում են մեր իրական ցանկությունները, մտադրությունները:

Աբիլինյան այսպիսի ծուղակների, ինչպես նշեցինք, շատերն են ընկնում և հաճախ: Համաձայն մի հետազոտության, որն արվել է 90-ականներին և որին մասնակցել են խոշոր գործակալությունների թոփ-մենեջերներ և տնօրեններ, նրանց մեծամասնությունը հազվադեպ է դեմ խոսում տարվող քաղաքականությանը, քանի որ նրանց թվում է, որ մնացածը կողմ են գործող քաղաքականությանը: Այսինքն, իրականում շատերը կարող են « դեմ» լինել, բայց կքվերակեն «կողմ» (Ծանոթ պահ է, չէ՞): Արդյուքնում, խելացի մարդկանց խումբը կարող է հիմար որոշումներ ընդունել:

Աբիլինի պարադոքսը կարող է նաև ողբերգական հետևանքների հանգեցնել: Համարում են, որ 1986 թ. ամերիկյան « Չելենջեր» տիեզերագնացի կործանումը հենց այս պարադոքսի հետևանք է: Կործանման պատճառների հետաքննության արդյունքում պարզել են, որ ՆԱՍԱ-ի ղեկավարությունը տարօրինակ որոշում է այդ ժամանակ ընդունել: Արագացուցիչների պատասխանատուն զգուշացրել էր, որ մեկնարկը կարող է վտանգավոր լինել: Եթե վերջնական որոշումը կայացներ նա, ապա դեմ կլիներ տիեզերագնացը տիեզերք ուղարկելուն: Բայց թռիչքի թույլտվություն տրվում էր հատուկ հանձնաժողովի կողմից: Այդ հանձնաժողովի անդամներից մեկը նշել էր, որ եթե հետաձգեն մեկնարկը, ապա դա կխաթարի իրենց ժամանակացույցը:  Արդյուքնում ամբողջ հանձնաժողովը համաձայնություն է տալիս չհետաձգել թռիչքի մեկնարկը, չնայած հետագայում հանձնաժողովի անդամները առանձին նշում էին, որ դեմ էին մեկնարկին:

Հետազոտող Ջանիսի կարծիքով սա որոշումներ ընդունող բոլոր խմբերի ամենամեծ սխալն է, երբ ճնշվում է անհատների կարծիքը հանուն ամբողջի բարօրության: Նա այդ երևութը անվանում էր «խմբավորված մտածելակերպ» (groupthink):

Իրականում չկա միջոց այսպիսի երևույթից խուսափելու համար, բայց կա մի ճշմարտություն. ամեն մարդ գիտի, թե ինքը ինչ է մտածում, իսկ մնացածի մտքերը մենք միայն կարող ենք կռահել, բայց ոչ ամբողջովին իմանալ: Արտահայտեք ձեր կարծիքը, անկեղծացեք, եթե չեք ցանկանում այսպիսի ծուղակի մեջ հաճախակի ընկնել:

Պատրաստեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *