ԳՐՈՂԸ, ԿԱՊԻՏԱԼԻՍՏՆ ՈՒ ՊՐՈԼԵՏԱՐԸ․Հետաքրքիր պատմության հետքերով․․․

1969 թ. Փարիզի «Հիլտոն» հյուրանոցի շքեղ դահլիճներից մեկում տեղի էր ունենում Հայկական բարեգործական ընդհանուր միության համագումարի փակման արարողությունը։

Կազմակերպվել էր մեծ ընդունելություն ու ճաշկերույթ, որին ներկա էին ավելի քան 600 պատվիրակներ ու հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից։

Հետագա հաջողությունների եւ բարեմաղթանքների խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ նախագահ, մեր ժողովրդի բոլոր ժամանակների ամենախոշոր բարերարներից մեկը՝ Ալեք Մանուկյանը։ Ապա ելույթ ունեցավ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը, երջանկահիշատակ մի մարդ, որը խորհրդային տարիներին վիթխարի ներդրում ունեցավ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում։

Նրանցից հետո խոսքը տվեցին Վիլյամ Սարոյանին։ Մեծանուն գրողը իր քիչ թափթփված, ամերիկավարի քայլվածքով մոտեցավ ամբիոնին եւ մատնացույց անելով կողք-կողքի նստած Ա.Մանուկյանին եւ Վ.Համազասպյանին, ասաց.

-Տիկնայք եւ պարոնայք, ես շատ ուրախ եմ, որ այսօր կապիտալիստ ու պրոլետար քով-քովի եկած են, ուրեմն հայապահպանության գործը աղվոր կըլլա։

Դահլիճում փոթորկալից ծափերն ու ծիծաղը միախառնվեցին։

Ապա Սարոյանն իր բամբ ձայնով, բիթլիսցու կոշտ բարբառով շարունակեց.

-Ես պզտիկ մանչ մըն էի, երբ քեռի Արամի քովը մարդիկ եկան եւ փարա կժողվեին. ըսավ՝ ինչո՞ւ համար է, ըսին՝ որբերու։ Առան գացին։ Անցան տարիներ, նորեն եկան, նորեն հարցուց, ըսին՝ որբերու համար է։ Քեռի Արամ ըսավ. «Է՜, ադ որբեր չմեծցա՞ն»։ Եվ ահա ես շատ ուրախ եմ, որ ադ որբեր շատ ու շատ են մեծցել եւ անոնցմե շատեր այսօր ձեզի հետ հայոց դպրոցի, հայոց միություններու մասին կհոգան։

Որոտընդոստ ծափողջույնները թեւածեցին սրահով մեկ։

Այդ օրը մի նոր շինաքար դրվեց հայապահպանության կառույցին։

Մուլտիպատեց  Хачатур Дадаян

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *