Լավ տրամադրության 10 գաղտնիք

Մեր տրամադրությունը հաճախ կարող է փոխվել կախված տարբեր հանգամանքներից` եղանակից, օրվա անբարեհաջող ավարտից կամ պարզապես հերթական անտեղի մտքից: Արդյունքում մենք մեկ ժպտում ենք, մեկ տխրում անիմաստ տվայտանքների պատճառով, մեկ էլ սկսում կյանքը հիասքանչ համարելու փորձեր անել: Patum.am-ը առաջարկում է ծանոթանալ լավ տրամադրության 10 գաղտնիքի`

1.Վերահսկե՛ք ինքներդ ձեզ:

Որպեսզի կարողանաք պահել ձեր լավ տրամադրությունը առաջին հերթին պետք է սովորեք վերահսկել ինքներդ ձեզ: Փորձեք չնեղանալ ամեն աննշան վեճից, չկռվել հարազատների ու ընկերների հետ ու առհասարակ ներել նրանց սխալները: Ի վերջո կուտակված չարությունը կարող է առաջին հերթին վնասել ինքներդ ձեզ, ուստի դրանից ազատվելու մեջ պետք է ամենաշատը շահագրգռված լինեք հենց դուք:

2.Փորձե՛ք աշխարհին նայել հումորով:

Եթե նույնիսկ ձեր կյանքում դժվար ժամանակներ են ու դուք անելաների իրավիճակում եք հայտնվել, միևնույն է փորձեք չկորցնել ձեր լավատեսությունը և կրկնել, որ ամեն դժվարություն անցողիկ է: Ի վերջո կյանքը սիրում է նրանց, ովքեր չեն հանձնվում ու շարունակում են ժպտալ անկախ ամեն ինչից:

3.Մի՛ նստեք տանը` նեղանալով ամբողջ աշխարհից:

Լավ տրամադրության ամենակարևոր բաղադրիչները մեր հարազատներն ու ընկերներն են, ովքեր ամեն պահին օգնում են մեզ լիարժեք երջանիկ լինել: Մի փակվեք աշխարհից, շրջապատեք ձեզ սիրելի մարդկանցով և վստահ եղեք, որ տխրելու առիթներ էլ չեք ունենա:

4.Ձեր կյանքում փոփոխություններ մտցրե՛ք:

Հոգեբանները վստահեցնում են, որ, օրինակ, հագուստի ոճի կամ նախասիրության փոփոխությունը նաև լավ տրամադրության գրավական կարող են դառնալ: Ի վերջո դուք ինքներդ ձեզ կսկսեք նայել նորովի, կփոխեք կյանքն ընկալելու տեսանկյունն ու կգրավեք նաև մյուսների ուշադրությունը: Չէ որ, ոչինչ այնքան չի ազդում մեր լավ տրամադրության վրա, որքան նաև շրջապատի ջերմությունը:

5.Սովորե՛ք հանգստանալ:

Որևէ տհաճ ու ձանձրալի աշխատանք կատարելիս սովորեք մտածել ինչ-որ լուսավոր բանի մասին, որը կստիպի այդ աշխատանքին ավելի թեթև վերաբերվել:  Օրինակ` սիրելիի հետ առաջիկա հանդիպման  կամ տուն գնալու ու մի բաժակ տաք թեյը ընտանիքի հետ վայելելու մտքերը կարող են ձեր օրվան նոր խթան հաղորդել:

6.Սպորտով զբաղվե՛ք:

Սպորտն օգնում է էներգիայով լցվել, մոռանալ օրվա ծանրաբեռնվածության մասին ու առողջ ապրելակերպ որդեգրել` ինքնըստինքյան ազդելով տրամադրության վրա: Օրինակ` լողի գնալու դեպքում ջուրը կօգնի ձեզ թուլանալ ու կբարձրացնի կենսունակության ձեր տոնուսը:

7.Փորձե՛ք կարգի բերել ձեր մտքերը:

Հաճախ անելանելի իրադրության մեջ հայտնվելու պատճառներից մեկն էլ հենց այն է, որ մենք ժամանակ չենք գտնում խորհելու, մտքերը դասավորելու համար: Անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ զգացողությունները կարգի բերել, որոշակիացնել նպատակները, կապերը, կյանքի ուղին` այնպես, ինչպես մենք կարգի ենք բերում մեր բնակարանը կամ զգեստապահարանը:

8.Մի՛ բարդացրեք կյանքը:

Շատ լավ է, երբ պլանավորում ես ապագադ, բայց հաճախ դրա արդյունքում մենք չենք կարողանում վայելել պահն ու մնալ այդ պահի մեջ: Փորձեք ապրել ներկայով, գնահատել ամեն մանրուքի կարևորությունը և կտեսնեք, որ հաջողությունն ու լավ տրամադրությունն այդպես ավելի ապահովված կլինեն:

9.Պահպանե՛ք հեռանկար ունենալու զգացողությունը:

Կյանքն ինքնին շարժուն գործընթաց է: Այն ինչ այսօր ողբերգություն է թվում, գուցե վաղը դառնա ժպիտի նոր առիթ: Իզուր չէ, որ ասում են`լույսը կբացվի` բարին էլ հետը:

10.Մոռացե՛ք տհաճությունների մասին:

Եթե դուք ուզում եք պարզապես պառկել անկողնում ու բարձը գրկած մտածել միայնակության մասին, ապա դուրս հանեք այդ մտքերը: Հոգեբան Մերիոն Դիլվորտը նշում է, որ շատ կարևոր է միշտ մնալ կյանքի ռթիմի մեջ` ֆիլմ նայեք, երաժշտություն լսեք, թեկուզ  կարտոֆիլ մաքրեք ու տապակեք, բայց միշտ մնացեք շարժման մեջ, որպեսզի ձեր զգացողություններն ու էմոցիաները ևս շարժուն լինեն:

Լավ տրամադրության բանաձևերն, իհարկե, սուբյեկտիվ են, բայց մենք փորձեցինք առաջարկել մեր տարբերակը: Patum.am-ը մաղթում է մեր ընթերցողին լավ տրամադրություն ու անմոռանալի օր:

 

 

Լավ տրամադրության բանաձևով կիսվեց` Անիկ Մարգարյանը 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *