Շրջայց աշխարհի ամենատարօրինակ թանգարաններով

Օտար երկրներում գտնվելիս միշտ հետաքրքիր է, թե ինչպիսին է մշակույթը տվյալ երկրում: Մշակույթի մի մասը նաև թանգարաններն են, որոնցից շատերը զարմացնում են իրենց տարօրինակությամբ:
Այսօր թանգարանների միջազգային օրը չէ, բայց դա, իհարկե, չի խանգարում մեր էքսկուրսավարի հետ մի քանի տարօրինակ թանգարաններով շրջելուն:
Հետևե՛ք էքսկուրսավարին, ուշադի՛ր լսեք և ընթացքում պահպանե՛ք լռություն:

Մանանեխի ազգային թանգարան(Վիսկոնսին, ԱՄՆ)
Այս տարօրինակ թանգարանն ունի նույնքան տարօրինակ պատմություն: Համաձայն կայքերից մեկի՝ Բերրի Լևենսոնը հիմնադրել է այս թանգարանը, երբ բեյսբոլի իր սիրելի թիմը՝ «Boston Red Sox»-ը, պարտվել է 1986 թվականի խաղերի ժամանակ: Եվ Բերրին, հուսահատվելով այս ամենից, սուպերմարկետում մտորում էր կյանքի մասին, երբ իբր լսում է մանանեխների խոսքը. «Եթե դու մեզ հավաքես, նրանք կվերադառնան»: Այսպես՝ 1992-ին նա բացում է այն, ինչը հիմա գրավում է հազարավոր մարդկանց:
Թանգարանն ունի ավելի, քան 5624 մանանեխ՝ ԱՄՆ 50 նահանգներից ու 70 այլ երկրներից:


Վամպիրների թանգարան
(Փարիզ, Ֆրանսիա)
Մի տեսակ տարօրինակ բան է կատարվում, կարծես թե ինչ-որ վտանգ կա. մոռացել ենք սխտոր ու խաչ վերցնել:
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք: ՄԵՆՔ ՎԱՄՊԻՐՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԵՆՔ:
Թանգարանը բացվել է մի գիտնականի կողմից, ով նախկինում զբաղվում էր վամպիրների և գերբնական ուժերի մասին հետազոտություններով:

Կոտրված հարաբերությունների թանգարան(Զագրեբ, Խորվաթիա)
Այս թանգարանը ներառում է այն իրերը, որոնք որևէ կապ են ունեցել կոտրված հարաբերությունների հետ: Թանգարանում նաև դեմ չեն բարեգործությանը, ուստի կարող եք նրանց ուղարկել Ձեր նախկինի իրերը:

Կրկեսի թանգարան(Վիսկոնսին, ԱՄՆ)
Կրկես գնալուց ավելի հաճելի է կրկեսին վերաբերող թանգարան այցելելը, մանավանդ Հայաստանյան պայմաններում: Այստեղ ցուցադրված են կրկեսային իրեր ու գործիքներ: Ցուցանմուշներ կարող եք գտնել ինչպես ներսում, այնպես էլ թանգարանի բակում:

Մազերի թանգարան(Ավանոս, Թուրքիա)
Սարսափելի՞, թե՞ հիանալի:Դատել կարող եք ինքներդ:
Թանգարանի պատերին կգտնեք հազարավոր մազափնջեր, դրանցից շատերի հետ փակցված են նաև լուսանկարներ և գրառումներ:Ի դեպ, այցելուները ևս կարող են ավելացնել հավաքածուին իրենց մազերից մի փունջ՝ հարստացնելով թանգարանի ցուցանմուշները:

Տարօրինակություններն ամենուր են, սակայն, առաջարկում ենք չմոռանալ, որ ի վերջո յուրաքանչյուր տարօրինակության հիմքում մարդն է ու իր նախաձեռնությունները:

 

 

 

 

Տարօրինակությունները մուլտիպատեց` Համլետ Սիմոնյանը 

 

You may also like...

1 Response

  1. Լիան says:

    Հետաքրքիր թեմա ու ամենակարևորը գեղեցիկ ներկայացված 👍👏

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *